Կկասեցվի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու գործունեությունը, կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները
Շրջակա միջավայրի նախարարի կարգադրությամբ ամենասեղմ ժամկետում կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը օգոստոսի 3-ին հանդիպում ունեցավ «Սևան» ազգային պարկ»ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանի հետ։ Նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներից իր գործունեության բնագավառի խնդիրների այսրոպեական գույքագրման և կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ լուծումներ առաջադրելու անհրաժեշտությամբ այն առաջնային է։
Քննարկեցին Սևանի ավազանի ափամերձ տարածքների ապօրինի կառուցապատման առկա վիճակը։
Անդրադարձան «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ֆինանսական վիճակին։
Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով՝ ամենասեղմ ժամկետում կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները։ Տեղեկությունը հրապարակվել է նախարարության ֆեյսբուքյան իր էջում։
Նախարարի խոսքով` իրենք գնում են այս քայլին, քանի որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի», - գրված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում տեղի էր ունեցել Գոռ Սուջյանի մենահամերգը։ Խնջույքից տեսագրություն և լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում երևում էր նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: