Կոսոբոկովը հեռանում է. Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենան

Արցախ 25.09.2021   10:39   925

ՀՀ ՊՆ վարչական համալիրում այս պահին ընթանում է ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության և ՌԴ ՊՆ պատվիրակության հանդիպումը: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին ներկայացնում են ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությանը։ Տեղեկությունը հայտնում է armeniasputnik-ը:

Հիշեցնենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի առաջին հրամանատար էր նշանակվել Ռուստամ Մուրադովը։ Վերջերս նա ավարտեց իր առաքելությունը, որից հետո այդ պաշտոնում նրան կարճ ժամանակով փոխարինեց գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։ Այժմ էստաֆետը փոխանցվում է Գենադի Անաշկինին։

Գենադի Վլադիմիրի Անաշկինը ծնվել է 1968 թվականին Կույբիշև քաղաքում (Սամարա)։ 1987 թվականին զորակոչվել է, ծառայությունն անցել է Գերմանիայում։ Ավելի ուշ ավարտել է Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարային ուսումնարանը։ 1998 թվականից ծառայել է 116 պարաշյուտադեսանտային առանձին գումարտակում, եղել է վաշտի հրամանատար։

1999 թվականի դեկտեմբերից մինչև 2000 թվականի օգոստոս ծառայել է նախկին Հարավսլավիայում, որտեղ Բոսնիա և Հերցեգովինայի խաղաղապահ ուժերի կազմում եղել է պարաշյուտադեսանտային գումարտակի հրամանատար։

2003 թվականին ավարտել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան։ Գործուղվել Չեչնիա առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ։

2007 թվականի հունիսից եղել է 104–րդ գվարդիական դեսանտագրոհային գնդի հրամանատար (76-րդ գվարդիական դեսանտագրոհային դիվիզիա, Պսկով)։ Անաշկինի հրամանատարության տակ գտնվող խումբը 2008 թվականին մասնակցել է Հարավային Օսեթիայի մարտական գործողություններին։

2008 թվականին ՌԴ նախագահի հրամանով` զինվորական պարտքը կատարելու ժամանակ ցուցաբերած արիության և հերոսության համար Անաշկինն արժանացել է ՌԴ հերոսի կոչման և պարգևատրվել «Ոսկե աստղ» մեդալով (№ 917)։

2008 թվականի արդյունքներով գնդապետ Գենադի Անաշկինի հրամանատարության տակ գտնվող կազմավորումը ճանաչվել է ՌԴ օդադեսանտային զորքերի լավագույն գունդը։

2009 թվականի օգոստոսից զբաղեցրել է 106-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայի հրամանատարի տեղակալի պաշտոնը։ 2010 թվականի նոյեմբերից մինչև 2011 թվականի հունվար 106-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարն է եղել։
2012 թվականին ավարտել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռուս խաղաղապահներ, Միխայիլ Կոսոբոկով, ԼՂ, Արցախ, Գենադի Անաշկին

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon