ԿԽՄԿ-ն Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի հարցով նախաձեռնել է հատուկ գործընթաց (տեսանյութ)

Պաշտոնական 16.07.2020   10:30   280

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հարցով նախաձեռնել է հատուկ գործընթաց և համապատասխան հարցմամբ դիմել են Ադրբեջանի Կարմիր խաչի պատվիրակությանը։ Հուլիսի 15-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք հաջողվել է ԿԽՄԿ-ին կապ հաստատել Սարդարյանի հետ, ինչ տեղեկություններ կարող է փոխանցել այդ մասով, ինչպես է նրա վիճակը։

«Այդ հարցով ես երեկ խոսել եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ, մենք քննարկել ենք մի շարք հարցեր, այդ թվում՝ այդ հարցը։ Այդ պահի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարն ինձ ասաց, որ իրենք բացել են գործ,  նախաձեռնել են հատուկ գործընթաց և համապատասխան հարցմամբ դիմել են Ադրբեջանի Կարմիր խաչի պատվիրակությանը։ Այսօր մենք հրապարակային աղյուրներից տեղեկացանք, որ Ադրբեջանը հաստատել է, որ մեր քաղաքացին գտնվում է իրենց մոտ։ Կարմիր խաչը մեզ տեղեկացրել է, որ դեռ իրենք պաշտոնական հաստատում չունեն»,- ասաց Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը կապի մեջ կլինի միջազգային գործընկերների հետ ՄԻՊ-ի իրավասության սահմաններում։ «Մենք կապի մեջ ենք նաև անհետացած և Ադրբեջանում հայտնված մեր քաղաքացու ազգականների հետ»,- ասաց Թաթոյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են օրեր առաջ ՀՀ ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվող Նարեկ Սարդարյանի` Ադրբեջանում հայտնվելու մասին և հրապարակել են տեսանյութ։Նշվում է, որ Նարեկ Սարդարյանը զբաղվում է նախրապանությամբ։ Ավելի վաղ, ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ Սիսիանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանը։  

Նշենք, որ տեսանյութի հրապարակմամբ Ադրբեջանը կրկին խախտել է Ժնևյան կոնվենցիան։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԿԽՄԿ, ադրբեջան, ՀՀ ՄԻՊ, Նարեկ Սարդարյան, Արման Թաթոյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon