«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Տեր-Պետրոսյան. «Այս պարտությունից հետո Հայաստանի կարծիքը Ղարաբաղի վերաբերյալ այլևս ոչ ոք չի հարցնում»

Տեր-Պետրոսյան. «Այս պարտությունից հետո Հայաստանի կարծիքը Ղարաբաղի վերաբերյալ այլևս ոչ ոք չի հարցնում»

Հայաստանի կարծիքը Ղարաբաղի վերաբերյալ այլևս ոչ ոք չի հարցնում։ Հունիսի 11-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Այս պարտությունից հետո արդեն Հայաստանն է դուրս դրվել որպես հակամարտող կողմ, Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում: Հայաստանը ոչ մի որոշում չի կարող ինքնուրույն կայացնել Ղարաբաղի վերաբերյալ: Այդ ծանր պատերազմական պարտությունից հետո ավելի ծանր գուցե այն է, որ մենք այլևս խաղացող չենք այս խաղում», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը:

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը հատուկ ընթերցեց նոյեմբերի 9 -ի եռակողմ համաձայնագրի 4 -րդ կետը, որտեղ գրված է՝ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: Ռուսները սա գրել են քանի որ մտադիր չեն Ղարաբաղից հեռանալ, մեկնաբանեց առաջին նախագահը:

«Կարող է Ադրբեջանը պահանջի դուրս հանել, Ռուսաստանն ու Հայաստանը դուրս չգան: Ռուսները սա գրել են, որովհետև մտադիր չեն Ղարաբաղից հեռանալ: Եթե ռուսները դուրս գան, մի ղարաբաղցի չի մնա Ղարաբաղում: Այստեղ 100 տոկոսով Հայաստանի ու Ռուսաստանի շահերը համընկնում են, որովհետև եթե Ղարաբաղում հայ չմնա, ռուսները պիտի թողնեն գնան, էլեմենտար է», - ասաց ՀԱԿ առաջնորդը:

Տեր-Պետրոսյանը նշեց՝ եթե առաջիկա ընտրություններին որևէ ուժ մեծամասնության ձայները չստանա, ստիպված կլինեն կոալիցիա կազմել։

«Էդ հիմիկվա խոսելու բան չի, կստեղծվի նոր իրավիճակ, և այդտեղ մենք, կարծում եմ, լուրջ կվերաբերվենք այդ իրավիճակին ու կփորձենք սխալ որոշում չկայացնել»:

Խոսելով նախկին նախագահներին իր՝ դաշինքով մասնակցելու հրապարակային առաջարկի մասին, որը մերժվել էր, Առաջին նախագահը վերահաստատեց՝ այն իրականություն դառնալու դեպքում իրենցից ոչ մեկը պետական պաշտոն չէր զբաղեցնելու։ Տեր-Պետրոսյանը նշեց, որ  խորհրդարան անցնելու դեպքում իրենց համար կարևոր պայման է լինելու, որ վարչապետի պաշտոնում քաղաքական դեմք չլինի:

«Եթե մենք անցնենք խորհրդարան, մենք էլի ամեն ինչ անելու ենք, որպեսզի քաղաքական դեմքերից ոչ մեկը՝ ո՛չ Նիկոլը, ո՛չ Ռոբերտը, ո՛չ երրորդը՝ չգիտեմ, Ծառուկյանը, չպետք է լինեն վարչապետ, պետք է գտնվի ճգնաժամային կառավարման կառավարության կառավարիչ: սա մեզ համար սկզբունք է, քաղաքական որևէ դեմքի դրեցիք, Հայաստանը կկործանվի ուղղակի, չի դադարելու այս ուղղակի փողոցային պայքարը, որը կարող է նաև անցնի զինված պայքարի, չեն դադարի, կգտնենք մի հատ շատ սիրուն, բոյով, հրաշալի ունակություններով», - ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանին ու Ռոբերտ Քոչարյանին սպառնալիք համարում Հայաստանի համար, Առաջին նախագահը նշեց.

«Ես վստահ եմ՝ մենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ գալու է մի օր՝ նորմալ հարաբերություններ ենք հաստատելու, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ նորմալ հարաբերություններ անգամ իր ընտանիքը չի կարողանում, ես էսօր ինչ ասեմ: Ռոբերտ Քոչարյանը նույնպես, նա ռեալիստ չի, իրատես չի, նրա տեսադաշտի կենտրոնն ինքն է, իրենից բացի ոչինչ չի տեսնում, իրեն թվում է՝ ինքը ամեն ինչ կարող է անել, թող անի, տեսել ենք նրա արածը»:

Նախագահը մանրամասներ փոխանցեց նաև հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի հետ իր ունեցած հանդիպումից։ Վերջերս Ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանն այդ զրույցից մեկ դրվագ էր պատմել միայն, թե Տեր-Պետրոսյանը իրեն ասել է՝ «հողերը արդեն պետք է տաս» ու մեկնաբանել էր, թե առաջին նախագահի պատկերացումը այս շրջանակից այդպես էլ դուրս չի եկել։ Տեր -Պետրոսյանը խորհուրդ տվեց Փաշինյանից պահանջել այդ ձայնագրությունը:

«Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա, սա մեկ, երկրորդ՝ ես գնացել եմ նրան մեկ բան ասելու՝ քո առաջին գործը պետք է լինի ֆիքսել այն ժառանգությունը Ղարաբաղի հարցում, որ դու ստացել ես Սերժ Սարգսյանից, փաստաթղթով: Ասացի՝ ինչո՞ւ է պետք քեզ, որպեսզի դու դա ունենաս, թե ինչպիսի ժառանգություն ես ստացել, դրանից հետո ավել լավ լուծում կբերես, կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես, արդեն կլինի քո խայտառակությունը», - ասաց առաջին նախագահը:

Հարցին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակից հետո ինչու՝ չամրագրեց այն, Նախագահ Տեր-Պետրոսյանը  հակադարձեց.

«Հաղթանակը ես ամրագրված փոխանցել եմ հաջորդ իշխանություններին: Պարզ բան էր՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը տրամադրված էին այնպես, որ ոչ մի դեպքում ինձ չպետք է թույլ տան այդ ծրագիրն իրականացնել»:

Հարցին՝ Ադրբեջանն այդ պահին պատրա՞ստ էր ստորագրել, եթե ներքին խոչընդոտը չլիներ, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց.

«Այն ժամանակ Ադրբեջանը շատ ավելի պատրաստ էր, քան դրանից հետո՝ այս ամբողջ 23 տարիների ընթացքում»:

Առաջին նախագահը չցանկացավ խոսել անգամ Փաշինյանի առաջարկի մասին, թե պատրաստ է որդուն փոխանակել բոլոր գերիների հետ.

«Այդ գերի տալու այս սենտիմենտալ, հնդկական կինոյի տեսարաններն ամոթ է դրա մասին խոսելը, ուղղակի ամոթ է մեր ժողովրդի համար»:

Իր նախկին թիմակիցների մասին, ովքեր նախընտրեցին Փաշինյանի իշխանության մաս կազմել, Տեր-Պետրոսյանն ասաց.

 «Էլեմենտար ճամբարափոխություն, չեմ ուզում ասել ավելի լատինատառ բառը՝ առնետավազք»:

Ասուլիսի վերջում հարցի իրավունք խնդրեց  մի քաղաքացի, որը ասաց.

«Էս անգամ ընտրվեք պրծնեն էլի էս ամեն ինչից»:

Լուսանկարը՝ Արման Կարախանյանի