«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Լևոն Տեր-Պետրոսյան. «Մի ակնհայտ իրողության անտեսման ողբերգական հետևանքները»

Լևոն Տեր-Պետրոսյան. «Մի ակնհայտ իրողության անտեսման ողբերգական հետևանքները»

Ilur.am-ը հրապարակել է  Լևոն Տեր-Պետրոսյանի՝  ղարաբաղյան հարցի շուրջ ունեցած հարցազրույցներից և հրապարակումներից հատվածներ։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Իմ ելույթներում, հարցազրույցներում և հրապարակումներում ես բազմիցս արտահայտել եմ «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում» միտքը, որը տարակուսանքով կամ զայրույթով է ընկալվել թե՛ քաղաքական ուժերի, թե՛ փորձագիտական շրջանակների, և թե՛ օրվա իշխանությունների կողմից: Հաշվի առնելով խնդրի այժմեականությունը՝ ավելորդ չեմ համարում հիշեցնել ժամանակին այդ առթիվ հրապարակած իմ տեսակետները՝ միաժամանակ ներողություն խնդրելով ընթերցողից ընդարձակ քաղվածքներ կատարելու համար»:

․․․․

«Ի տարբերություն Արեւմուտքի, Ռուսաստանի համար Այսրկովկասը եղել եւ մնում է կենսական շահերի ոլորտ, եւ միամտություն է կարծել, թե նա երբեւէ հրաժարվելու է այդ շահերը պաշտպանելու ուղեգծից։ Արեւմուտքի վերը շոշափված պասիվությունը եւս մասամբ բացատրվում է նրանով, որ ինքն էլ, թեկուզ ենթագիտակցորեն, տարածաշրջանը դիտում է որպես Ռուսաստանի ազդեցության գոտի։ Եթե ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ապա առնվազն Եւրոմիության երկրներից շատերն ինչ-որ կերպ համակերպվել են այս մտքին եւ ակնհայտորեն մտադիր չեն ակտիվորեն միջամտելու Այսրկովկասի գործերին։

Սա նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտության, ինչու չէ, նաեւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում։ Հետեւաբար, անկախ իր նախապատվություններից, Հայաստանի ցանկացած իշխանություն կենսական այդ խնդիրների լուծումը պետք է որոնի տվյալ աշխարհաքաղաքական համատեքստում։ Նման վարքագիծը կապված է ո՛չ ցանկությունների, ո՛չ էլ կողմնորոշումների, այլ բացառապես իրականության գիտակցության եւ քաղաքական ռեալիզմի հրամայականի հետ։ Հայաստանի իշխանություններն, իմ տպավորությամբ, առայժմ չեն գիտակցում դա։ Մինչդեռ Թուրքիան եւ Ադրբեջանը, ակնհայտորեն, ավելի ճիշտ են գնահատում իրականությունը, ինչի մասին են վկայում վերջին շրջանում այդ երկրների ակտիվ շփումները Ռուսաստանի հետ։ Մենք, ըստ այդմ, հայտնվել ենք 1920թ. վիճակում, որից, դժբախտաբար, ժամանակին ճիշտ ելք չգտանք։ Այսօր նույն սխալը կրկնելու իրավունք չունենք» (Ելույթ ՀՀՇ 16-րդ համագումարում, 17.07.2010):

***

«Աֆղանստանը, Իսրայելը, Իրանը եւ տնտեսական ճգնաժամը այնպիսի ծանր բեռ են Արեւմուտքի համար, որ նրան Ղարաբաղի եւ ընդհանրապես Այսրկովկասի մասին մտածելու տեղ չեն թողնում։ … Ի տարբերություն Արեւմուտքի, Ռուսաստանի համար Այսրկովկասը եղել եւ մնում է կենսական շահերի ոլորտ, եւ միամտություն է կարծել, թե նա երբեւէ հրաժարվելու է այդ շահերը պաշտպանելու ուղեգծից։ … Սա նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտության, ինչու չէ, նաեւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում։ Հետեւաբար, անկախ իր նախապատվություններից, Հայաստանի ցանկացած իշխանություն կենսական այդ խնդիրների լուծումը պետք է որոնի տվյալ աշխարհաքաղաքական համատեքստում։

Անկասկած, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի գործողության ժամկետի երկարաձգումը եւ Ադրբեջանին С-300 հրթիռակայանների վաճառքի վերաբերյալ գործարքը ավելի եւս ամրապնդում են Ռուսաստանի դիրքերն Այսրկովկասում եւ անսահմանորեն մեծացնում նրա դերակատարությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Նշված նորագույն իրադարձությունների լույսի ներքո այլեւս վերջնականապես ակնհայտ է դառնում, որ որքան էլ Ռուսաստանը համաձայն լինի Մինսկի խմբի կողմից մշակված սկզբունքներին ու ծրագրերին, նա ոչ մի դեպքում թույլ չի տալու միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումը հակամարտության գոտում, առավել եւս չի հաշտվելու Այսրկովկասում ՆԱՏՕ-ի որեւէ կարգի ներկայության փաստի հետ։

Այս դատողություններն ամենեւին ռուսամետության կամ հակաարեւմտականության արտահայտություն չի կարելի համարել, ինչպես ընկալեցին կամ փորձեցին ներկայացնել ոմանք, այլ ընդամենը իրականության պարզ արձանագրում, որը կապված չէ ո՛չ որեւէ մեկի ցանկության, ո՛չ էլ քաղաքական կողմնորոշման հետ։ Ցավոք, Հայաստանի իշխանություններն, իմ ունեցած տեղեկություններով, փոխանակ ճիշտ եզրակացություններ անելու տվյալ իրականությունից, ջանում են ժամանակավոր օգուտներ քաղել ու ամեն ինչ կապել կողմնորոշումների հետ:

…Չեմ կարող չանդրադառնալ նաեւ քաղաքագետների ուշադրությունից վրիպած հետեւյալ նշանակալից իրադարձությանը, որը երկու շաբաթ առաջ տեղի ունեցավ Բաքվում։ Նկատի ունեմ նախագահներ Մեդվեդեւի եւ Ալիեւի շուրթերից հնչած այն միանշանակ հայտարարությունը, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն այլեւս ստրատեգիական գործընկերներ են։ Թեեւ նման խոսքեր առաջ էլ էին ասվել, բայց առաջին անգամն է, որ դրանց մեջ կոնկրետ բովանդակություն է դրվում։ Այսինքն կատարվեց այն, ինչ ես կանխատեսել էի դեռեւս 1998թ. հունվարի 8-ին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում ունեցած իմ ելույթում, նշելով մասնավորապես հետեւյալը.

«Ես չեմ բացառում, այլեւ ընդհակառակը՝ չափազանց բնական ու հավանական եմ համարում, որ նկատի ունենալով կասպիական նավթի շահագործման եւ նավթամուղերի կառուցման խնդիրները, Ռուսաստանն առաջիկայում լուրջ ջանքեր է գործադրելու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, եւ այդ դեպքում Հայաստանը կորցնելու է Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը կամ ստրատեգիական գործընկերը լինելու առավելությունը» (ԼՏՊ, Ընտրանի, էջ 658)։ Թե Հայաստանի ու Ղարաբաղի համար ինչ հետեւանքներ կարող է ունենալ Ռուսաստանի ու Ադրբեջանի ստրատեգիական գործընկերությունը, կարծում եմ, դժվար չպետք է լինի պատկերացնել։ Այսպիսով, բոլոր նշաններն առկա են եզրակացնելու համար, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նոր՝ ռուս–թուրք–ադրբեջանական ձեւաչափի ձեւավորումը փաստ է դառնում։ Դա չի նշանակում, անշուշտ, որ այն փոխարինելու է գալիս Մինսկի խմբին, որն, իմ կարծիքով շարունակելու է պահպանվել՝ թեկուզ միջազգային ջանքերի համադրման տպավորություն ստեղծելու եւ Արեւմուտքին ավելորդ տեղը չգրգռելու նպատակով։ Մինչդեռ բուն գործընթացները տեղի են ունենալու նոր ձեւաչափում, ինչն էլ նախորդ ելույթում ինձ հիմք էր տվել ներկայիս իրավիճակը համեմատելու 1920 թվականի իրավիճակի հետ։ … Ողջ հայ ժողովրդի ուշադրությունն այս մտահոգիչ իրավիճակում պետք է կենտրոնացվի Ղարաբաղի ու Հայաստանի գլխին կախված վտանգների վրա, քանի որ, ինչպես 1920 թվականին, մենք կանգնած ենք պարտադրված լուծումների սպառնալիքի առջեւ» (Ելույթ 2010թ. սեպտեմբերի 17-ի հանրահավաքում):

***

Ղարաբաղյան հակամարտության այն հանգուցալուծմանը, որին Հայաստանը առավելագույն ջանքերի գնով կարող է հասնել ներկայումս, շատ ավելի շահեկան պայմաններով մենք կարող էինք հասնել դեռեւս 1998 թվականին։ Եթե դա տեղի ունեցած լիներ, ապա ոչ միայն կխուսափեինք անցած տասնութ տարիների անտեղի տառապանքներից ու կորուստներից, այլեւ այսօր կունենայինք բոլորովին մի այլ՝ ծաղկուն, մարդաշատ, զարգացող երկիր եւ ապահով Ղարաբաղ։ Ցավում եմ, որ այս պարզ ճշմարտությունները ժամանակին չհասկացվեցին իմ որոշ գործընկերների կողմից, եւ մենք կորցրեցինք հարցի լուծման հարմարագույն պահը։

Հուսով եմ, որ այս պնդումը կընկալեք ոչ թե որպես ոմանց ուղղված կշտամբանք, այլ որպես զգուշացում առ այն, որ եթե նորից ժամանակ կորցնենք, հետագայում ստիպված ենք լինելու հարցը լուծել ավելի վատ պայմաններով ու շատ ավելի թույլ վիճակում։ 1998 թվականի իշխանափոխության կործանարար հետեւանքների պատճառը պետք է փնտրել ոչ թե գործող անձանց փոփոխության, այլ քաղաքականության շարունակականության խաթարման մեջ։ Անցյալը մի կողմ դրած, ակնհայտ է, որ այսօր մենք կրկին կանգնած ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հերթական պահը բաց չթողնելու հրամայականի առջեւ, ինչի վկայությունն են, մասնավորապես, վերջին շրջանում այդ ուղղությամբ Ռուսաստանի գործադրած լուրջ ջանքերը։

Մի առիթով ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում, եւ նրա այդ ջանքերն, արդ, գալիս են ապացուցելու տվյալ պնդման ճշմարտացիությունը։ Ընդ որում, Արեւմուտքը եւս, որի առաջնահերթությունների շարքում, ինչպես նշվեց, Ղարաբաղյան կարգավորումը տեղ չի գրավում, վստահաբար, ոչ միայն գիտակցում, այլեւ գնահատում է Ռուսաստանի առանձնահատուկ դերակատարությունն այդ հարցում։ Հայ Ազգային Կոնգրեսը, իր նախորդի՝ Հայոց Համազգային Շարժման պես, Հայաստանի միակ կուսակցությունն է, որը ոչ միայն երբեք չի թաքցրել, այլեւ բազմիցս հրապարակավ հայտարարել է փոխզիջման եւ խաղաղության կողմնակցի իր դավանանքը։ Հետեւաբար, ոչ միայն սկզբունքի տեսակետից, այլեւ իրավիճակի թելադրանքով Կոնգրեսն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պետք է մասնակցի սպառազինությունների մրցավազքի դադարեցման, նոր պատերազմի վտանգի բացառման, Ղարաբաղի հարցի լուծման, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կառուցողական ծրագրով, որը բխում է ոչ թե մեր կուսակցության, այլ բացառապես Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի կենսական շահերից։ Այդ ծրագիրը, բնականաբար, հնարավոր է իրականացնել միայն ընտրություններում Կոնգրեսի հաղթանակի կամ Ազգային Ժողովում պատկառելի ներկայություն ունենալու պարագայում (Ելույթ Հայ Ազգային Կոնգրեսի համագումարում, 17.12.2016):

***

Ետհամագումարյան բանավեճում բուռն քննարկման առարկա է դարձել նաեւ իմ «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում» արտահայտությունը։ Ռուսաստանի նկատմամբ համակրանքի կամ հակակրանքի տարր չպարունակող եւ արտաքին քաղաքական կողմնորոշման հետ կապ չունեցող այս ակնհայտ ճշմարտությունը տեղիք է տվել աշխարհաքաղաքական բնույթի այնպիսի բռնազբոսիկ ու անհեթեթ մեկնաբանությունների, որոնց անդրադառնալը պարզապես անլրջություն կնշանակեր։ Ղարաբաղի հարցի լուծման բանալու վերաբերյալ իմ արտահայտած պնդման հիմքում ընկած են հետեւյալ անժխտելի իրողությունները։

Ի տարբերություն Ռուսաստանի, Ղարաբաղի հարցը երբեք Արեւմուտքի համար առաջնահերթություն չի եղել, ինչի վկայությունն է այն, որ վերջինս, պաշտոնական հայտարարություններից ու դիվանագիտական նախաձեռնություններից բացի, այդ ուղղությամբ որեւէ գործնական քայլ չի կատարել։ Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ թե՛ 1994, թե՛ 2016 թվականի զինադադարները կնքվել են բացառապես Ռուսաստանի ջանքերով։ Վերսկսված սառը պատերազմի ներկա հանգրվանում ակտիվորեն ներգրավված լինելով Մերձավորարեւելյան իրադարձությունների հորձանուտում, Ռուսաստանը չի կարող իր սահմանների անմիջական հարեւանությամբ մի այնպիսի պայթյունավտանգ օջախ հանդուրժել, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտությունն է։

Դա է պատճառը, որ վերջին շրջանում այդ հակամարտության կարգավորման նախաձեռնությունն անցել է Ռուսաստանի ձեռքը, ինչն ըմբռնումով է ընկալվում նաեւ Արեւմուտքի կողմից։ Կրկին, ի տարբերություն Արեւմուտքի, Ռուսաստանն է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների վրա ազդեցություն գործելու ու նրանց միջեւ համաձայնություն կայացնելու արդյունավետ լծակների է տիրապետում՝ իրողություն, որ նույնպես բազմիցս շեշտվել է արեւմտյան քաղաքագետների կողմից։ Ինչպես դեռեւս մեկ տարի առաջ նշել եմ իմ հոդվածներից մեկում, «խոսքն ամենեւին չի վերաբերում Ռուսաստանի կողմից Ղարաբաղի հարցի լուծման ինչ-որ նոր ծրագիր պարտադրելուն, այլ ընդամենը Մինսկի խմբի եռանախագահության ջանքերով Մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված ծրագրին նոր ավյուն հաղորդելուն» (iLur.am, 28.12.2016): Վերջում ավելորդ չեմ համարում ընթերցողի ուշադրությունը հրավիրել Մինսկի խմբի ամերիկյան նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի օրերս հրապարակած ընդարձակ և բովանդակալից հոդվածի վրա, որում հաստատվում են իմ վերոհիշյալ պնդումները.

«When the so-called Lavrov Plan was released, I asked my excellent colleague, the Russian Co-Chair Ambassador Popov, if the Kremlin would really agree to implement it, should Yerevan and Baku buckle and accept it.  His candid reply?  “Of course not.”  More than anything else, this made clear to me that Nagorno-Karabakh is not just a bilateral problem between Armenia and Azerbaijan.  In reality, it’s a trilateral issue with Russia playing a key, perhaps even decisive, role».

Թարգմ. «Երբ, այսպես կոչված, «Լավրովի պլանը» հրապարակվեց, ես հարցրեցի իմ գործընկերոջը՝ ռուս համանախագահ դեսպան Պոպովին, Կրեմլն իսկապե՞ս այն կիրականացնի, եթե Երևանն ու Բաքուն ընդունեն։ Նա անկեղծ պատասխանեց ՝ «իհարկե՝ ոչ»։ Այդ ժամանակ ինձ համար պարզ դարձավ, որ ԼՂ-ն երկկողմանի խնդիր չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, իրականում այն եռակողմ է, որում Ռուսաստանը առանցքային, եթե ոչ՝ որոշիչ դեր ունի»։ Իմ համոզմամբ՝ Արցախի հարցում մեզ վիճակված ողբերգության գլխավոր պատճառներից մեկն այս իրողության չգիտակցումը կամ անտեսումն է եղել նախորդ երկու և ներկա իշխանությունների կողմից: Եթե սա միայն պատմական իրողության արձանագրում լիներ, ես հարկ չէի համարի կրկին անդրադառնալ դրան:

Դժբախտաբար, այսօր էլ քաղաքական գրեթե բոլոր շրջանակների ու պետական մարմինների, մասնավորապես Կառավարության անդամների և հատկապես Արտաքին գործերի նախարարության կողմից ակնհայտ հայտարարություններ են հնչում Ղարաբաղի հարցի լուծման հույսը վերստին Մինսկի խմբի հետ կապելու վերաբերյալ: Այս միտումը հղի է մեզ սպասող նորանոր հուսախաբություններով, եթե ոչ՝ ծանր կորուստներով:

01.04.2021