Լևոն Տեր-Պետրոսյանը հույս ունի, որ երկիրը կխուսափի անդունդը գլորվելու սպառնալիքից
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից քաղաքական ճգնաժամից դուրս գալու նպատակով փոխզիջումների որոնման հարթակի տրամադրումը։ Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը գրառում է արել ֆեյսբուքի իր էջում՝ ներկայացնելով հանրապետության առաջին նախագահի վերաբերմունքը գործող նախագահի քայլի վերաբերյալ.
«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է ՀՀ ներկայիս նախագահի կողմից քաղաքական ճգնաժամից դուրս գալու նպատակով փոխզիջումների որոնման հարթակի տրամադրումը և ողջունում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության սկզբունքային դիրքորոշումն ու հետևողական քայլերը՝ ճգնաժամը բացառապես փոխզիջումների հիման վրա լուծելու ուղղությամբ:
Առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ ողջախոհությունը վերջիվերջո կհաղթի, և Հայաստանը կխուսափի անդունդ գլորվելու վերահաս սպառնալիքից»:
Հիշեցնենք՝ մարտի 8-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը անդրադարձել էր երկրում ստեղծված իրավիճակին, իսկ մարտի 10–ին հայտարարություն էր տարածել և գնահատել բանակի զսպվածությունն ու ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի` դատարան դիմելու որոշումը: