Լևոն Զուրաբյան. Սա ուղղակի ծաղր է մեր ժողովրդի նկատմամբ

Կարևոր 24.07.2020   20:03   1676

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել է, որ «կառավարման պառլամենտական ձեւի հարցում հանձնաժողովում կա կոնսենսուս»։

Սա ուղղակի ծաղր է մեր ժողովրդի նկատմամբ։ Հայ ժողովուրդը 1990֊1991 թվականներին իր կողմից ընտրված խորհրդարանի միջոցով ընդունել է սահմանադրական կառավարման նախագահական֊խորհրդարանական (կիսանախագահական) մոդելը։ Անկախություն հռչակած եւ երկրի սահմանադրական հիմքերը ստեղծած մեր առաջին խորհրդարանը, որի լեգիտիմությանը ոչ ոք երբեք չի կասկածել, փաստորեն խաղաց սահմանադիր ժողովի դերը։ Այդ որոշումը ձեռք էր բերվել հանգամանալից, հանրային բացառիկ թափանցիկություն ունեցող, ուղիղ եթերով հեռարձակվող քննարկումների արդյունքում ԲՈԼՈՐ, անգամ խորհրդարանում չներկայացված, քաղաքական ուժերի ԻՐԱԿԱՆ կոնսենսուսով։

Խորհրդարանական մոդելը ներմուծվել է Հայաստան կոնտրաբանդայով 2015 թվականի կեղծված հանրաքվեի միջոցով։ Հայ ժողովուրդն այն չի ընդունել։ Վարչապետի քաղաքական ուժի, երկու օլիգարխի շահերը ներկայացնող կուսակցությունների եւ երկու հասարակական կազմակերպության ներկայացնող «մասնագիտական» հանձնաժողովը որեւէ մեկի կողմից լիազորված չէ կատարել սահմանադրական կառավարման մոդելի ընտրություն մեր ժողովրդի փոխարեն, առավելեւս, որ այդ ընտրությունն արդեն կատարվել է անկախության խորհրդարանի սահմանդրաստեղծ առաջին իսկ ակտերով։

Մասնագիտական հանձնաժողվի «կոնսենսուսը», հետեւաբար, ունի ԶՐՈՅԱԿԱՆ արժեք, այն իրականում ներկայացնում է բացառապես մի քանի անհատի կարծիք եւ չի կարող դրվել Հայաստանը դեպի ժողովրդավարական ուղի վերադարձնելու հավակնություն ունեցող նախագծի հիմքում։ Նման մոտեցումը զրկում է մեր ժողովրդին որեւէ դերակատարությունից կառավարման մոդելի ընտրության հարցում։ Հարցը չի լուծվում նաեւ ապագա հանրաքվեով, քանի որ ե՛ւ նախագծի ընդունումը, ե՛ւ մերժումը ուժի մեջ է թողնելու ժողովրդի կամքի ոտնահարմամբ ընդունված կառավարման խորհրդարանական ձեւը, այսինքն, այս հարցում ժողովրդին նորից ընտրության հնարավորություն չի տրվելու, ինչը հավասարազոր է Սերժ Սարգսյանի կատարված հանցագործության հետին թվով օրինականացմանը։

Իրականում գործընթացի լեգիտիմության առումով կարող է լինել երկու ճանապարհ. կամ վերադարձ լեգիտիմորեն ընդունված կառավարման մոդելին, կամ ընդգրկուն քաղաքական գործընթաց, որին կմասնակցեն երկրի բոլոր հեղինակավոր քաղաքական ուժերը եւ քաղաքացիական հասարակությունը, հնարավորություն կտրվի հիմնովին քննարկել կառավարման տարբեր մոդելները, եւ որեւէ կառավարման մոդելի շուրջ կձեւավորվի իրական, եւ ոչ թե որեւէ արժեք չունեցող «գրպանային» կոնսենսուս։ Օրինակ, կարելի է դիտարկել սահմանադրական փոփոխություններ, որոնք թույլ կտան կառավարման մոդելի ընտրության հարցում անցկացնել համաժողովրդական պլեբիսցիտ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Զուրաբյան, ՀԱԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon