«  Հունվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. «Տեր֊Պետրոսյանը որևէ բախտորոշ հարցում երբեք չսխալվեց»

Լևոն Զուրաբյան. «Տեր֊Պետրոսյանը որևէ բախտորոշ հարցում երբեք չսխալվեց»

Այսօր, հունվարի 9֊ին լրանում է Լեւոն Տեր֊Պետրոսյանի ծննդյան 75֊ամյակը։ Այդ առթիվ մաղթում եմ նրան ստեղծագործ կյանքի երկար տարիներ եւ վստահ եմ, որ Հայաստանի հզորացման համար նա դեռ բազում անելիքներ ունի առջեւում։ Միեւնույն ժամանակ, 75 տարին պետական գործչի համար պատկառելի տարիք է, որը թույլ է տալիս եթե ոչ ավարտուն, ապա բավականին ամբողջական գնահատական տալ նրա անցած ուղուն եւ գործերին։

Այդ գնահատականը, իսկ ավելի ճիշտ, գնահատանքը պարապ մտավարժություն չէ։ Ազգը կարող է այն ժամանակ սեփական ճակատագրի տեր համարվել, հասուն ժողովրդավարություն համարվել եւ ժամանակին համարժեք համարվել, երբ կարողանում է ճիշտ գնահատական տալ իր պետական եւ քաղաքական գործիչներին դեռ կյանքի օրոք։ Ապագան ամուր կառուցելու համար ազգը պարտավոր է ունենալ ճանաչողության այնպիսի ունակություն, որը նրան թույլ է տալիս, տրամաբանելով կամ բնազդաբար, հստակ տարանջատել իրեն առաջնորդելու հավակնող գործիչներին։ Անվրեպ տարբերել իրատեսին արկածախնդրից, իմաստունին խեղկատակից, ավազակին պարկեշտից, հայրենիքը սիրողին ինքնասիրահարվածից։

Քաղաքական առաջնորդության համար անհրաժեշտ բազմաթիվ կարեւոր որակներ կան. հայրենասիրություն, անսպառ եռանդ, կազմակերպական տաղանդ, լայն մտահորիզոն եւ գրագիտություն, համարձակություն, վճռականություն, հետեւողականություն եւ այլն։ Այդ բոլոր որակները Լեւոն Տեր֊Պետրոսյանն, անկասկած, ունի, բայց այսօր ես միայն կանդրադառնամ, իմ կարծիքով, ամենակարեւոր հատկանիշին. ազգի համար բախտորոշ հարցերում իրավիճակը ճիշտ գնահատելու, արագորեն ամենաճշգրիտ որոշումն ընդունելու եւ այն վճռականորեն իրագործելու նրա կարողությանը։

Եթե այլ որակներում կարող են գտնվել մրցակիցներ, այս հարցում առաջին նախագահին հավասարը ժամանակակից Հայաստանում չի եղել եւ որեւէ չափազանցություն ասվածիս մեջ չկա։ Բախտորոշ որոշումներում չսխալվելը մի որակ է, որը պետք է միշտ, բայց հատկապես պահանջված է կայսրությունների կործանման, հեղափոխությունների, պատերազմների եւ տնտեսական քայքայման ժամանակշրջաններում։ Առաջին նախագահի կառավամանը հենց այդպիսի աղետալի ժառանգություն էր վիճակված. 1/ Խորհրդային կայսրության եւ նրա պլանային տնտեսության փլուզումը, 2/ երկրաշարժ, որը տարավ 25 հազար կյանք եւ ավերեց բազմաթիվ քաղաքներ, գյուղեր եւ գործարաններ, 3/ Խորհրդային կառավարության կողմից փակված ատոմակայանը եւ «Նաիրիտ» գործարանը, 4/ 300 հազար փախստականներ Ադրբեջանից, 5/ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակումը, 6/ Աբխազական երկաթուղու փակումը, 7/ գազատարի եւ վրացական երկաթուղու ամենամսյա պայթյունները եւ, վերջապես, 8/ հյուծիչ պատերազմը բնակչությամբ եւ տնտեսությամբ մեզ 2֊3 անգամ գերազանցող Ադրբեջանի դեմ։

Այդ քաոսում Լեւոն Տեր֊Պետրոսյանի ամեն սխալը կարող էր կործանում բերեր Հայաստանին եւ Արցախին։ Բայց նա որեւէ բախտորոշ հարցում երբեք չսխալվեց.

Երբ 1990֊ի օգոստոսին որոշում ընդունեց ՀԱԲ֊ի զինաթափման մասին, կանխելով Հայաստանի ներքաղաքական ապակայունացումը եւ ԽՍՀՄ բանակի ներխուժումը։

Երբ 1991-ի փետրվարի 28֊ին կանխատեսեց Խորհրդային Միության փլուզումը եւ առաջարկեց փոխարենը ստեղծել «Անկախ պետությունների համագործակցություն», ինչը եւ հետագայում բառացիորեն նույն անվանմամբ իրագործվեց ԽՍՀՄ նախկին հանրապետությունների կողմից։

Երբ այդ նույն ժամանակաշրջանում սերտ հարաբերություններ հաստատեց ժողովրդավարակն Ռուսաստանի ղեկավար Ելցինի հետ, ինչը հետագայում թույլ տվեց հաղթող դուրս գալ Խորհրդային Միության իշխանությունների հետ հակամարտությունում։

Երբ 1992֊ին որոշեց պահպանել ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, ինչի հետեւանքով կատարվեց հայոց նորաստեղծ բանակի կանոնավոր եւ տեւական զինումը Ռուսաստանի կողմից։

Երբ Ելցինի հետ պայմանավորվեց Խորհրդային բանակից դեպի հայոց նորաստեղծ բանակ հարյուրավոր հայորդի սպաների փոխանցման մասին, ապահովելով մասնագիտական առավելությունը ադրբեջանական բանակի նկատմամբ։

Երբ 1992֊ին Թուրքիայի հետ ճկուն դիվանագիտություն վարեց, ապահովելով Հայաստանի հացի մատակարարումները Թուրքիայի տարածքով, երբ քաղաքացիական պատերազմի պատճառով փակ էր նաեւ Վրաստանի ճանապարհը։

Երբ 1993֊ին որոշում ընդունեց Ադրբեջանին խաղաղության պարտադրելու ռազմական գործողությունների մասին /փակագծերը չբացեմ/։

Երբ /չեմ ասի երբ, բայց ճիշտ պահին, երբ արդեն հետաձգելը հնարավոր չէր/, որոշում ընդունեց ռազմական գործողություններում կանոնավոր բանակի լայնածավալ օգտագործման համար։ Արցախյան զինված հակամարտությունում հայերս ունեցանք մոտ 6 հազար զոհ, մինչդեռ ադրբեջանցիները՝ 25֊30 հազար։

Երբ 1993֊ին մերժեց Վրաստանի տարածք հայկական զորքեր մտցնելու Վրաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների խնդրանքը։

Երբ 1992֊ին որպես Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հիմք ընտրեց ինքնորոշման սկզբունքը եւ անհրաժեշտ բոլոր ջանքերը կիրառեց ԵԱՀԿ֊ն որպես խնդրի լուծման գլխավոր ձեւաչափ ընտրելու համար, ինչը հնարավորություն ստեղծեց վետո կիրառել անցանկալի բոլոր լուծումների եւ ձեւակերպումների նկատմամբ։

Երբ… Երբ…Երբ… Այդ երբ֊երը շատ֊շատ են եւ հաստատ ֆեյսբուքային մի ստատուսում չեն տեղավորվում։ Մի օր ավելի մանրամասն կանդրադառնամ այս ամենին։ Իսկ երբ դա հնարավոր լինի, նաեւ պետական գաղտնիքներ կբացեմ, որոնք ցույց կտան, որ եթե այսօր մենք կանք որպես հաղթանակած ազգ, դրանով պարտական ենք հենց նրան, որ 1990֊ներին երբեք բախտորոշ որոշումներում չենք սխալվել։

Իսկ առայժմ սահմանափակվենք շնորհավորելով Լեւոն Տեր֊Պետրոսյանին 75 ամյակի կապակցությամբ։

Լևոն Զուրաբյան

Հունվարի 9, 2020թ.