Լուսինե Խաչատրյան. «Պարոն Փաշինյան, օրենքով արդարությանն հասնելու վստահությունը փոշիացրիք»

Խոսք 13.09.2020   21:30   238

Պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, հուսամ՝ լավ եք, վերադարձել եք հանգստից ու պետք է որ ժամանակ գտնեք լսելու այն պատմությունը, որի հեղինակը ես չեմ, սակայն դարձա թիրախը ու հեղինակները պղտորեցին ոչ միայն իմ կյանքը, այլև անմեղ ու նոր կյանք մտնող դստերս մանկությունը, այն դժոխքը, որի միջով անցանք ես ու դուստրս, հավանաբար Ձեզ համար կենցաղային բնույթի անձնական տխուր պատմություն է, ինչպես որակում և ներկայացնում են շահագրգիռ անձինք, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել իմ բնակարանը խլելու գործում՝ քողարկելու եղելությունը, թաքցնելու իրենց գաղտնի կապերն ու դրանց միջոցով իրագործած հանցավոր արարքները, փրկելու իրենց անպատիվ գոյությունը:

Պարոն վարչապետ, գիտեմ, որ կրկին անարձագանք եք թողնելու գրառումս, ինչն արդեն հիմնավորում է իմ ու շատերի կասկածները, որ ամենը տեղի է ունեցել Ձեր գիտությամբ և Ձեր շուրջը սարդոստայն հյուսողների ջանքերով, որոնք այժմ էլ ամեն ինչ անում են, որպեսզի չիմացվի իրողությունը, ջրի երես դուրս չգան պատվիրատուներն ու կատարողները, հակառակ դեպքում վաղուց էիք հրահանգել՝ քանդել կծիկն ու բացահայտել հանցագործներին, որոնք մի քանի տասնյակ են՝ հնչեղ անուններ, Ձեր թիմակից «հայտնիներ», որոնց պատժելը միգուցե Ձեր ուժերից վեր է, իսկ միգուցե ձեռնտու չէ. գերադասում եք պատժել մեր տեսակին՝ ասպարեզ տալով դավաճաններին, դրդելով նորանոր հանցագործությունների (չգիտեմ, Դուք կիմանաք):

Ֆեյսբուքյան ընկերներիս մեջ քիչ չեն ինձ հետ կատարվածի մասին հստակ տեղեկություն ունեցողները, ավելին՝ մասնակիցները, գոնե զգուշացնեին՝ ովքեր են թշնամիներս, ում դեմ եմ իմ կամքից անկախ պայքարի դուրս գալիս ու խղճից զուրկ այդ ընկերներիս հարազատ եմ համարել, վստահել եմ՝ չպատկերացնելով՝ ինչի է ընդունակ «պարապած» այդ տեսակը, որին մինչ օրս մի հարց է տանջել՝ ի՞նչ վերաբերմունք ունի վարչապետն իմ բարձրաձայնած խնդրի վերաբերյալ, արդյո՞ք ձայնս լսելի կդառնա ու այդուհետ ինչ ընթացք կստանա գործը, սակայն, որքան էլ ցավալի է, իրենց սանձարձակությունն ու վստահությունը հուշում էին, որ ապահով են, հաղթելու են ցանկացած գնով ու մնալու են անպատիժ:
Հենց դրանով էր պայմանավորված իմ դեմ ահագնացող վտանգը հատկապես հեղափոխությունից հետո, այսօր արդեն ինձ ու մտերիմներիս համար պարզ է՝ ովքեր են գործել իշխանական դիրքերից և ինչ էր նշանակում բազմաթիվ անգամներ բնակարանիս վրա զորքով գրոհողների ծաղրը՝ ու՞ր է վարչապետդ, ու՞ր է պաշտպանածդ իշխանությունը, ինչու՞ կողքիդ չեն, չէ՞ որ բոլորը քո ընկերներն են...
Ես էլ էի կարծում, թե մինչ վերջերս հարազատ համարվող այդ ընկերներս չփոխվող գաղափարների կրողներ են, ինչպես իրենց մասին կարծել էի տարիներ շարունակ, սակայն սխալվեցի՝ իրենք դավաճանելուց զատ թիկունքից խփեցին, գերադասեցին վնասել ինձ, լռեցին, չքացան՝ առանց պարզաբանումների: Հիմա արդեն հստակ գիտեմ՝ կշեռքին դրված դավաճանի նժարը ծանր էր ազնիվ ընկերությունից (խոսքս վերաբերում է կոնկրետ մարդկանց, որոնց մի մասին վերաբերմունքս պարզ է՝ անձամբ եմ իրենց հայտնել, որոշներն էլ թող առայժմ կարծեն, թե նախկինի պես հարազատ են, վստահելի և իրավունք ունեն մնալ իմ հազարավոր հավատարիմ, հոգատար, ազնիվ ընկերների շարքում):

Միգուցե շատերի համար խոսքս անհասկանալի թվա, շատերը կմտածեն՝ ինչու՞ միանգամից ամբողջ կատարվածը չեմ բացահայտում, գրեթե ողջ ինֆորմացիային տիրապետելով՝ ինչու՞ անուններ չեմ տալիս, ի՞նչն է այսքան լռելուս իմաստը, սակայն տեղեկացնեմ, որ ամբողջական բացահայտումը կարվի ժամանակին՝ ճիշտ տեղում ու ճիշտ ձևաչափով, որ որևէ մեկը չհամարձակվի մեղադրել ինձ, թե ես վնասում եմ հեղափոխության արժեքներին, չեմ թողնում վարչապետն աշխատի և նման անհեթեթ դիտարկումներով նյարդեր չսղոցի, որ մի օր ինքս ինձ չմեղադրեմ՝ ինչու՞ ստիպված եղա քննադատողի դիրքերից հանդես գալ, ինչու՞ այդպես էլ անհանդուրժող մնացի, շատերի պես անօրինություններին հարմարվելու փոխարեն լծվեցի հանցավոր ցանցի բահատայտմանը՝ վտանգի տակ դնելով իմ ու դստերս, հարազատներիս անվտանգությունը, մինչդեռ տարիների իմ պայքարը շատերին է հայտնի, իսկ ինձ հետ կատարվածից հետո բոլորին է արդեն պարզ, որ անասելի վնասներ կրելով՝ գործարքների չգնացի, չսողացի, չփակեցի այն էջը, որի ամեն տողը հանցավոր շղթայի նոր սկիզբ է:

Մտերիմներս ցավով խորհուրդ են տալիս՝ մոռանալ եղածն ու անցնել աշխատանքի, կրկին ոտքի կանգնել և ստեղծել, սակայն ոչ ոք այդպես էլ չկիսվեց կրկին ստեղծելու նուրբ արվեստով՝ ինչպես են ամեն ինչ ունենալով զրկվում եղածից և հայաստանյան խղճուկ պայմաններում կրկին ստեղծում, մանավանդ, երբ հանցագործները շուրջդ են ու անպատիժ, քչերն են պատկերացնում՝ ինչ է նշանակում՝ հարմարվել կատարվածին, մոռանալ ու անցնել իբրև թե բնականոն կյանքի, աշխատել, ավելին՝ լուսաբանել մարդկանց խնդիրները, երբ քո խնդիրը չլուծված է. արդյո՞ք ազնիվ կհամարվի իմ այդ քայլը ու հերթական ունեզրկվածին լուսաբանելիս ինքս ինձ չեմ մեղադրի՝ ինչու՞ լռեցի:

Պահանջս մեկն էր, պարոն Փաշինյան՝ օրենքի դաշտում լուծել խնդիրը, մաքրել Ձեր ու մեր շրջապատը հանցագործներից, որոնց բացահայտելու տհաճ գործառույթն ինքս եմ իրականացրել՝ առանց որևէ մեկի նեղություն տալու: Այդ փաստերը պատրաստ էի վստահել բացառապես Ձեզ, սակայն Դուք չունեցաք այդ համարձակությունը, չխոսեմ օրենքի երկիր դառնալու մասին Ձեր անթիվ խոստումներից, որոնք թավիշի անվան տակ զենքեր դարձան ու կրակեցին ոչ թե իսկական թշնամիների, այլև Ձեզ անվերապահորեն վստահողների ու հավատացողների վրա:

Ականապատեք Ձեր շուրջբոլորը թշնամիներով, որոնք հեղափոխության օրերին սպառնում էին մեզ՝ հեղափոխականներիս. այսօր իրենք Ձեր թիմում են՝ դեմ լինելով կողմ լինողները. միգուցե այդ մասին էլ տեղյակ չե՞ք: Հակահեղափոխականներին փնտրեք Ձեր շրջապատում, իրենց եք «պարտական» երկրում տիրող այսօրվա քաոսի համար, նախկիններին մեղադրելու փոխարեն սխալները փնտրեք Ձեր գործողություններում, ասֆալտներին փռելու փոխարեն ասֆալտ փռեք, որ Ձեր դեմ քայլողները հարթ ճանապարհով իշխանության հասնեն:

Չմեղադրեք ինձ ու ինձ պես բազմահազարներին, Ձեզանից ոչինչ չակնկալելով՝ երկար լռեցինք, իսկ Դուք ոչ միայն չգնահատեցիք, այլև թերագնահատեցիք մեզ:

Լռությունս պայմանավորված էր նրանով, որ կարծում էի, թե օրենքն ուժ ունի, թղթին գրված լինելուց զատ կիրառության է ենթակա, մինչդեռ օրենքներին ապավինելը խլեց ժամանակս, ավելացրեց թշնամիներիս, որոնց օրենքներն ավելի զորեղ էին, Նոր Հայաստանում արդեն դիրքավորված են իշխանական թիմում՝ պաշտպանված քրեական հեղինակություններով, թմրա-վաշխառուական ցանցի հետ սերտ կապերի մեջ՝ ամենազոր ու ապահով:

Պարոն Փաշինյան, եթե մինչ բնակարանս կորցնելը կարծում էի. թե տեղյակ չեք, ապա բարձրաձայնելուց հետո վստահ էի, որ ոչ մի վայրկյան չեք հապաղի՝ բացահայտումների շարքը սկսելու, որովհետև այն բխում է նաև Ձեր շահերից, այլ բան է՝ ինչ են Ձեզ ներկայացնում հանցագործներին սատարող Ձեր թիմակիցներից ոմանք, որոնք մինչ այս պահը ոչինչ չեն խնայում՝ թյուր ինֆորմացիաներով շեղելու, բոլորովին այլ հարթության մեջ խնդիրը ներկայացնելու, քանի որ այդ նույն «լրաբերները» իրենց ակտիվ մասնակցությունից զատ ենթարկվել են վերևների զանգերին ու հրահանգներին, միգուցե չեն էլ ենթադրում, որ իրենց զանգողների, հրամանատարների ու դերակատարների ցանկն ու ցանցի սխեման ոչ միայն իմ ձեռքում է, այլև մտերիմներիս մոտ՝ պատրաստ ցանկացած պահի համացանցը պայթեցնելու, եթե հանկարծ ձեր թիմակից ռեկետչիկները, թմրամոլների, տոկոսչիների հետ համագործակցող ամենակարող պաշտոնյաները որոշեն իրենց հանցավոր ու գործուն կապերով ազատվել ինձանից:

Շարունակեք լռել, պարոն վարչապետ, սնուցեք Ձեր շուրջը վխտացող դավաճաններին, թևեր տվեք՝ ավելի վեր ճախրելու ու նորանոր հանցագործություններ ծրագրելու, ծրագրածներն էլ` վերջնակետին հասցնելու, անտեսեք մեզ, Ձեր լռությամբ նպաստեք, որ երկրում նոր թափ հավաքեն անօրինությունները, այրեք օրենսգրքերը, ոչնչացրեք օրենքները, որովհետև Ձեր ամենակարող թիմակից-դավաճաններն իրենց անձնական օրենքներն ունեն, վավերացրեք իրենց փողոցային, ծանոթ-բարեկամ, քավոր-սանիկական ադաթները, որովհետև փաստերն ապացուցում են, որ դրանք ավելի հարգի, ընդունելի և կիրառելի են. ավելին՝ հաջողած, անշեղորեն կատարման ենթակա. շատ ծիծաղելի կլիներ, եթե ոմն թաղային սրիկա, թերուս ուսադիրավոր չենթարկվեր քաղաքային վարչության շեֆերի զանգերին, վերջիններս էլ փորձեին շրջանցել իշխանությունում դիրքավորվածների հրամանները:

Փայփայեք Ձեր «ազնիվ կուսակիցներին», որոնք հանդես են գալիս Ձեր անունից, հղում են տալիս օրենքներին, որոնցից անգամ տեղյակ չեն, մեզ ոչնչացնում են Ձեզ ծաղրելով, Ձեր թիկունքում իրենց կեղտոտ գործարքները վավերացնելով՝ շնորհիվ իրենց պաշտոնեական դիրքի, կապերի և կարողությունների:

Պարոն Փաշինյան, արդեն հասկանալի է, որ օրենքով արդարությանն հասնելու հույսերը զրոյական են, Դուք ապացուցեցիք Ձեր արհամարհանքով, անտեսեցիք մեր բազմաթիվ խնդրանք-կոչերը և հավանաբար նույն լռությամբ հետևելու եք՝ ինչպիսի ելքեր կգտնենք մեր հաջորդական քայլերում:

Ես կարող էի առանց բարձրաձայնելու անցնել պատժիչ իմ միջոցներին, սակայն հավատացի, թե Ձեր խոստացած արդարադատությունը և օրենքի ուժով իմ մատնանաշած հանցագործներին պատժելը խոստումից գործի կվերածվի, սակայն փաստերը ապացուցեցին, որ Ձեր թիմից ինձ մոտ եկած ու Ձեր անունից երաշխիքներ տվող անձանց ընդամենը պետք էր առանց աղմուկի ինձ հեռացնել շենքից, ինչն էլ արեցին կոնկրետ մարդկանց հրահանգով և հիշեցնեմ՝ Ձեր անունից:

Վստահ եմ, որ տեղյակ չեք՝ ինչու բնակարանիս դուռը բացելու ու տուն մտցնելու փոխարեն Ձեր անունից եկած պաշտոնյաները դարձան վերջացած բենզինիստ, հայտնի թմրամոլ-վաշխառուների գերին, որոնք, որևէ կապ չունենալով բնակարանիս հետ, շենքի բակում հաղթական շարված՝ Ձեր թիմակիցներին հնազանդեցնում էին իրենց պայմաններին, թելադրում իրենց կանոնները՝ ինձ ու երեխայիս արգելելով տուն մտնել՝ գոնե հագուստ հանելու, ում զանգերին էին անշեղորեն ենթարկվում ու ի՞նչ հրամաններ էին ստանում, այնուհետ ի՞նչ կապերի մեջ են նույն հանցագործների հետ մինչ այժմ և ինչու՞ են փորձում վարչական ռեսուրսներ կիրառելով՝ լռեցնել ինձ:

Եթե որևէ մեկը կփորձի մեղադրել նախկին գրառումներիցս ակնհայտ տարբերվող այս գրառման համար, հանդուգն կհամարի իմ հետագա քայլերը, ֆեյքագրոհ կսկսի, ապա շտապեմ ասել՝ ավելորդ ջանքեր մի գործադրեք՝ ավելի հայրենասեր կամ բարեպաշտ ձևանալու, դստերս աչքերի տխրությունը նախկին ուրախությունով փոխարինելու ճանապարհին չեմ պատրաստվում խնայել որևէ մեկի, իմ պայքարը մեկ նպատակ ունի՝ այս բացահայտումով կանխել հաջորդները, որոնք անխուսափելի են և չգիտենք՝ ով կլինի հաջորդ թիրախը:

Ցավում եմ, պարոն Փաշինյան, որ Դուք այդպես էլ ականջալուր չեղաք, օրենքով արդարությանն հասնելու վստահությունը փոշիացրիք՝ ինձ թողնելով միայնակ համատարած անարդարության, դրանից բխող վտանգներին դեմ-հանդիման՝ ինձ որպես միակ տարբերակ բաժին հանելով պատժի ծանր բեռը: Ի դեպ, հրաշալի փորձ եմ ձեռք բերել հայտնի ու անհայտ թշնամիներիս հետ պայքարում, տիրապետում եմ նրանց կիրառած կեղտոտ հնարքներին, թեև նույնքան փնթի ու անճաշակ էր՝ ինչպես իրենց կենսագրությունն է:
Էական չէ՝ ինչ պաշտոնների ու կարողությունների տեր են, հանցավոր ճանապարհներով ինչ հարստությունն են կուտակել, միևնույնն է, այդ ողոմելիների ուղեղում իրենց խղճուկ, չմոռացվող անցյալն է, ժամանակավոր ներկան, իսկ ամենամեծ պատիժը՝ այդպես էլ չջնջվող, խայտառակ ու անիծված կենսագրությունը:

Հոգիներում թշվառությունը չհաղթահարած այդ շանտաժիստ-ռեկետչիկներն այսօր հարմար տեղավորված են Ձեր թիմում, գործում են Ձեր դեմ, պատժում են մեզ՝ մոռացած Աստծո դատաստանի անխուսափելիության մասին:

Զարմանալի պատճառներով չեք փորձում ազատվել դրանցից, պարոն Փաշինյան, հիմնավոր ապացույցներ ունենալով՝ հանդուժում եք կործանիչ այդ տարրերին, որ Ձեր անունը շահարկելով իրականացնում են ցանկացած հանցագործություն՝ վերածելով իրենց համար մեծագույն ձեռքբրեման:
Անհոգ եղեք, պարոն վարչապետ, Ձեզ այլևս չեմ անհանգստացնի նման գրառումներով, հետագա քայլերս հստակ որոշված են, ես վերադարձնելու եմ Ձեր գիտությամբ ինձանից խլվածը՝ բնակարանս, ունեցվածքս, հետ եմ բերելու դստերս աչքերի կորած անհոգությունն ու ժպիտը՝ անգամ կյանքիս գնով, իսկ կորցրած մանկությունն ու ապրած սարսափները թողնում եմ Ձեր յուրայինների խղճին:

Ամեն ինչ իր ավարտն ունի՝ նոր սկզբով, ժամանակը կզտի սուտը ազնիվից, փաստերը՝ կեղծիքից և գուցե տարիներ անց իսկապես լրջորեն կխորհեք՝ ինչու՞ տեր չեղաք Ձեր խոստումներին ու ի՞նչ արժեր ժամանակավոր փառքը:

Հետաքրքիր կլիներ իմանալ երբեմնի ընդդիմադիր լրագրող Փաշինյանի կարծիքն իմ խնդրի վերաբերյալ, որովհետև վարչապետ Փաշինյանի կարծիքն արդեն պարզ է:

Լավ մնացեք, կհանդիպենք...

Լրագրող Լուսինե Խաչատրյան

Հիշեցնենք, օգոստոսին Լուսինեն բաց նամակով դիմել էր վարչապետ Փաշինյանին, որը անարձագանք մնաց:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լուսինե Խաչատրյան, Նիկոլ Փաինյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon