Մարտունու Բերդաշենում մարդկանց այգիների միջով սահման են գծում. հայկական կողմից մարդ չկա

Կարևոր 23.11.2020   16:53   370

Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղը տարածքային բաժանման արդյունքում մնալու է սահմանից այս կողմ։ Բայց, պարզվում է, գյուղի հողատարածքներն անցնելու են Ադրբեջանին։

Տեղեկությունը գյուղի բնակիչներն իմացել են այն ժամանակ, երբ գյուղ են եկել սահման գծողները։

Բերդաշեն գյուղի բնակիչ Կամո Աղաջանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ սահմանն անցնում է ուղիղ իր նռան այգու միջով։ 

«Իմ հողակտորը կիսել են, 2 հա–ի չափ գցել են իրենց տարածքի մեջ, այն դեպքում, երբ դա 1950-60-ական թվականներից Բերդաշենի տարածքն է եղել։ Սահմանը ճիշտ չեն անցկացնում»,– ասաց նա։

Կամո Աղաջանյանի խոսքով` ներկա պահին էլ ադրբեջանցիներն` իրենց գեներալներով, ռուսական կողմի ներկայացուցչի հետ, գյուղի մոտ են ու քայլ առ քայլ առաջանում են գյուղի վարչական տարածքով։

«Ներկա պահին ես ձեզ հետ խոսում են, 200 մետր այն կողմ թուրքը ինձ է նայում։ Մի մետր էլ, որ առաջ են գալիս, օգուտ են համարում։ Իսկ մերոնք ականջները կախ` նախագահով, վարչապետով` Հայաստանից մինչև Ղարաբաղ, մինչև վերջին գյուղապետը կաշիներն են փրկում»,– ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ այսօր Արցախում Ադրբեջանի հետ պետական սահմանը գծվում է առանց հայկական կողմից որևէ ներկայացուցչի մասնակցության։

«Սահմանը ադրբեջանցին է գծում` Ռուսաստանի ներկայացուցչի հետ` GPS-ը վերցրած։ Մեր կողմից ներկայացուցիչ չկա։ Մի հատ գնդի հրամանատար է, էն էլ խեղճը ինչ անի։ 10 հոգով գլխին կանգնած են։ Իրենց գծած սահմանն է։ Սա է ու վերջ։ Դավայ` դու` հետ, ինքն` առաջ»,– ասում է գյուղացին։

Կամո Աղաջանյանը նաև սրտնեղած պատմում է, որ այս ընթացքում փորձել է դիմել տեղի իշխանություններին։ Իր խոսքով` բացի Արայիկ Հարությունյանից բոլորի հետ խոսել է`ԱԳՆ, ԱԺ, ԳՇ, բայց ոչ մի արձագանք։ Միայն Արայիկ Հարությունյանին չի զանգել, հեռախոսի համարը չի գտել։

«Մի ամիս առաջ մեր հարգարժան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռքը սեղանին խփելով ասում էր` մենք այլևս Դեր Զորով անցնող ճամփորդը չենք։ Դեր Զորի ճամփորդից էլ անցանք, մի բան էլ ավելի։ Կեսը մորթվեցին, մյուսներն էլ սենց «միավորվելու» են հարևանների հետ։ Աննա Հակոբյանն էլ թող իմանա, որ եթե իրենք մնան, Մեհրիբան Ալիևայի հետ ոչ թե Ստեփանակերտում է չայ խմելու, այլ Երևանում»,– զրույցը եզրափակում է Բերդաշենի բնակիչը։

Կամո Աղաջանյանն ու իր համագյուղացիները դեռ դիմակայում են, այգում են գիշերում, որ ադրբեջանցին գյուղ չմտնի։ Իրավիճակը մնում է ծայր աստիճան լարված։ Պետական մարմիններից առ այս պահը ոչ մի արձագանք չկա։

Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարները Sputnik Արմենիայի թղթակցի զանգերին դեռ չեն պատասխանում։

Իսկ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հարցին ի պատասխան հայտնեց, որ բերդաշենցիները նաև իրենց են դիմել։ Վարչապետի գրասենյակից Արցախի հետ կապ են հաստատել, ուզում են հասկանալ`  ինչ է տեղի ունենում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մարտունi, Բերդաշեն, պատերազմ Արցախում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon