ՄԻՊ. Ադրբեջանի ԶՈՒ-ն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում է Կութ և Նորաբակ գյուղերի վրա

Կարևոր 16.08.2021   22:03   771

Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա: Ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա: Ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա:
Կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել:
Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը»:

Հիշեցնենք` այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ օգոստոսի 16-ին` ժամը 18:10-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:

Այսօր` ժամը 09:50-ի սահմանում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից Երասխի հատվածում մահացու հրազենային վիրավորում էր ստացել նաև ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը։ 

Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 16-ի գիշերն ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։

Լրացված

Արման Թաթոյանը գրում է. «Ստացվող ահազանգերի համաձայն` այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ:

Հատուկ նշում` կրակոցներն են այն վայրից են, որտեղ տեղակայված են հողմակները: Իսկ այդ տարածքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթքի լեռնանցքի շրջանում (200 հա հողամաս), որը ՀՀ կառավարությունը 2000թ. դեկտեմբերի որոշմամբ տրամադրել է ՀՀ-ում իրավական գրանցում ունեցող ընկերությանը և կնքել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը:

Այսինքն` ադրբեջանական զինված ուժերը անօրինական են ներկա ՀՀ գործարար ընկերությանը պատկանող տարածքում, որտեղից պարբերաբար են թիրախավորում Սոթքի ոսկու հանքավայրը, Գեղամասար համայնքը և ՀՀ զինված ուժերի դիրքերը: Ընդ որում, իրենց անօրինական ներկայությամբ ՀՀ գործարար ընկերությանը նրանք պատճառել են շուրջ 5,000,000 ԱՄՆ դոլարի վնաս»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon