Պատերազմի 115 մասնակից պրոթեզավորման կարիք ունի. փոփոխություններ` պրոթեզավորման կարգում

Պաշտոնական 21.01.2021   13:00   139

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց «Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծից տեղեկանում ենք, որ ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախնական գնահատման` պրոթեզավորման կարիք ունեն պատերազմի մասնակից շուրջ 115 անձ։

Գործող կարգավորման համաձայն` պրոթեզավորման կարիք ունեցող անձինք դիմում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, և բուժատեխնիկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա նրանց տրամադրվում է հավաստագիր։ Դրա հիման վրա էլ գործող հավաստագրված ընկերությունների միջոցով էլ ձեռք է բերվում պրոթեզը։ Այս նախագծով նախատեսվում է, որ կկատարվեն տնայցեր` անձամբ այցերի փոխարեն»,–ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Նա հայտնեց նաև, որ նախատեսվում է ստեղծել բազմամասնագիտական թիմ, որի կազմում ներգրավված կլինեն տարբեր մասնագետներ, համակարգող-խորհրդատու և անհրաժեշտության դեպքում կարող են ընդգրկվել լրացուցիչ՝ նեղ մասնագետներ։

Թիմը տնայցերի միջոցով կիրականացնի շահառուների կարիքների գնահատում և կտրամադրի եզրակացություն պրոթեզի տեսակի մասին և տեղում կկազմակերպի շահառուից դիմումի ընդունումը: Այնուհետև այդ դիմումը կփոխանցվի բուժատեխնիկական հանձնաժողովին, որն էլ կապահովի հետագա ընթացքը:
Բացի պրոթեզավորումից, ծառայություն մատուցող կազմակեպությունները նաև շահառուին կսովորեցնեն պրոթեզ կրելու հմտությունները:

Նախագիծը կընդունվի վաղը՝ գրավոր ընթացակարգով։

Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի վիրավորների թվի մասին առայսօր պաշտոնական տվյալներ չկան։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         վիրավոր զինծառայողներ, պրոթեզավորում, պատերազմ Արցախում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon