ՊԲ խոսնակ. Շուշիի ուղղությամբ ադրբեջանական զինուժի առաջխաղացման փորձերը կասեցվել են (տեսանյութ)

Արցախ 02.11.2020   14:41   186

Ադրբեջանի զինված ուժերն Արցախի նկատմամբ կրկին կիրառել են իրենց տրամադրության տակ եղած գրեթե ողջ զինանոցը: Տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը:

«Գրոհներ ձեռնարկելով պաշտպանության բանակի դիրքերի որոշ հատվածներում՝ հակառակորդը կատարել է նաև առաջխաղացման փորձեր: Առաջխաղացման բոլոր փորձերը ձախողվել են. հետախուզության միջոցներով հայտնաբերվել են այդ շարասյունները և խոցվել՝ այդպիսով հակառակորդի առաջխաղացման փորձը կասեցվել է: Դրանք հիմնականում Շուշիի ուղղությամբ են եղել, սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը լարված է եղել ամբողջ ռազմաճակատում: Բացի այդ,հակառակորդը կրկին անօդաչու թռչող սարքեր է փորձել կիրառել մայրաքաղաք Ստեփանակերտի մերձակայքում, բայց այդ սարքերը ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել են»,-ասել է Սուրեն Սարումյանը:

Արցախի պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը տեղեկացնում է.

Նոյեմբերի 1-ին՝ժամը 20:30-ից 23:40-նն ընկած ժամանակահատվածում, թեժ մարտեր են ընթացել ադրբեջանաարցախյան ճակատային գծի հյուսիսարևմտյան հատվածում: ՊԲ երկու հանգուցային դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմը վաշտի կազմով ձեռնարկել է հարձակում, որը միջդիրքային համառ մարտերի արդյունքում բանակային ստորաբաժանումների կողմից կասեցվել է:

Թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի: Փախչող հակառակորդը արգելափակվել է ձորերից մեկում, և հայկական ուժերը ականանետային դիպուկ կրակով շարունակել են վերջինիս լիակատար ոչնչացման գործողությունը: Նույն ուղղությամբ հակառակորդը ևս մեկ հարձակում է ձեռնարկել դասակի կազմով, որը նույնպես ՊԲ-ի կողմից ժամանակին հավաստանշվել ու ձեռնարկված գրագետ գործողությունների շնորհիվ կասեցվել է:

Մեր ստորաբաժանումները հետապնդել են փախչող թշնամուն և ոչնչացրել նրան: Ներկա պահին ճակատային գծի տվյալ հատվածում օպերատիվ մարտավարական իրադրությունը լրիվությամբ գտնվում է ՊԲ-ի ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սուրեն Սարումյան, պատերազմ Արցախում, Շուշի

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon