ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Մինսկի խմբի գործունեությունը պետք է շարունակվի

Արցախ 10.02.2021   12:00   100

Մոսկվան ելնում է այն փաստից, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Մինսկի խմբի գործունեությունը պետք է շարունակվի: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Նրանք կարեւոր ավանդ են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բազային սկզբունքների մշակման մեջ, որոնցից շատերն արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Սա վերաբերում է թե՛ Լեռնային Ղարաբաղի շուրջը տեղակայված շրջանների վերադարձին Ադրբեջանին, թե՛ փախստականների վերադարձին, Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքի պահպանմանը, անվտանգության ապահովմանը, խաղաղապահ գործողությանը, տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը:

Նախկինի պես շարունակում է պահանջարկված մնալ համապարփակ քաղաքական կարգավորման հասնելը, որը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի (1994 թվական) որոշումների համաձայն՝ դրված է Մինսկի խմբի համանախագահների վրա:

«Եռյակը» միջազգային հզոր աջակցություն ունի եւ կարող է օգտակար լինել հետագա քայլերի փոխընդունելի մոտեցումներ մշակելու հարցում, այդ թվում՝ կարգավիճակի հարցերում: Բայց զգուշավոր, չշտապելով, երբ ժամանակը գա:

Հիմա ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրա համանախագահները կարող էին ակտիվություն դրսեւորել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ վստահության միջոցառումների ամրապնդման հարցերում: Քաղաքացիական հասարակության շրջանակում երկխոսության զարգացումը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր առողջացմանը եւ քաղաքական ուղիում հետագա քայլերի համար նախադրյալների ստեղծմանը»,- նշել է նա:

Ի պատասխան հարցին՝ Մոսկվան մտավախություն չունի՞ արդյոք Ղարաբաղում հակամարտության արդյունքում Անդրկովկասում Թուրքիայի ռազմական ներկայության ուժեղացման առումով՝ հաշվի առնելով Ադրբեջանում ավիաբազաներ կառուցելու Թուրքիայի մտադրությունների մասին լուրերը, Ռուդենկոն նշել է.

«Ելնում ենք այն փաստից, որ տարածաշրջանում Անկարայի հետ ռազմական գծով մեր փոխգործակցությունը կառուցվում է հունվարի 30-ից Աղդամի շրջանում գործող Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակում:

Այսպիսի կենտրոնի բացումը դիտարկելով որպես համատեղ ջանքերի լավ օրինակ՝ ուղղված տարածաշրջանում իրադրության կարգավորմանը»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԵԱՀԿ ՄԽ, ՌԴ ԱԳՆ, ԼՂ, Արցախ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon