«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ. «Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է անի իր հաջորդ տրամաբանական քայլը»

ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ. «Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է անի իր հաջորդ տրամաբանական քայլը»

Yerevanlurզրուցակիցն է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը։

— Պարոն Սարաֆյան, Հայաստանը պատրաստվում է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նոր դաշինքներ են ձևավորվում, ԿԸՀ-ն երեկ հաստատեց, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ին։ Ինչպիսի՞ նախընտրական պայքար եք կանխատեսում։

— Արդեն, կարծես, ուրվագծվել է երկբևեռանի պայքարի պատկեր, բայց, անշուշտ, դեռ 2-3 շաբաթվա ընթացքում կարելի է տեղաշարժեր ակնկալել, որովհետև այն պատկերը, որ այսօր ունենք, չեմ կարծում՝ վերջնական է լինելու։ Հիմնական բոլոր խաղացողներն էլ հասկանում են, որ մի քանի խմբավորում պայքարում են որոշակի ընտրազանգվածի ձայների համար, իսկ իշխանության ընտրազանգվածի հետ նրանք, այսպես թե այնպես, առնչություն չունեն։ Պարզ է, որ պետք է լինեն հաշվարկներ՝ ինչպես աշխատել ընտրազանգվածի հետ, որպեսզի քվեարկության ժամանակ կարողանան նրանից ձայներ ստանալ, իսկ եթե չկարողանան, ապա ինչպես են բաժանվելու այդ ընտրազանգվածի ձայները։ Օրինակ՝ «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ, «Հայրենիք-ՀՀԿ» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հստակ է, հիմնված են մի ընտրազանգվածի վրա։ «Լուսավոր Հայաստանը» և «Ազգային բևեռը» մի քիչ տարբեր ընտրազանգվածներ ունեն։ Նախընտրական մթնոլորտը, կարծում եմ, հետզհետե շատ ավելի կշիկանա, բայց, անշուշտ, նախընտրելի է, որ ընտրություններն իսկապես լինեին բովանդակային և գաղափարական տեսլականների վրա հիմնված՝ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի կողմից, այլ ոչ թե այն մակարդակով և ատելության մթնոլորտի մեջ, որ հիմա գոյություն ունի։

— Կարծես արդեն երևում է, որ լինելու է ոչ թե գաղափարական, այլ՝ փոխադարձ մեղադրանքների, նախկինների ու ներկաների, հնի ու նորի պայքար։

— Դժբախտաբար, այդպես է ու դա շատ վատ է։ Նախ՝ պետք է ընդունենք, որ Հայաստանում երբեք, անգամ նախորդ ընտրությունների ժամանակ, չի եղել գաղափարի պայքար, չի ձևավորվել ընտրական մշակույթ։ Այդ երևույթը շարունակվում է այսօր՝ շատ ավելի սուր և ընդգծված։ Դա որևէ լավ բանի չի կարող հանգեցնել, որովհետև, եթե չկա գաղափարական պայքար, մենք դատապարտված ենք անընդհատ հայտնվելու այսպիսի իրավիճակների մեջ։ Հատկապես հետպատերազմյան այս շրջանում շատ ավելի կենսական է, որ գաղափարական դաշտ լիներ։ Այսօր լուծվում է Արցախի, Հայաստանի ապագայի հարցը։ Ինչպիսին լինի ընտրությունների որակը, այդպիսին էլ կլինի ապագան։ Ընտրողների 40 %-ը կողմնորոշված չէ։ Նրանք պետք է հնարավորություն ունենան իրենց քվեն տալ այն կուսակցությանը կամ դաշինքին, որը կներկայացնի, թե Հայաստանի ապագայի ինչ տեսլական է պատկերացնում։

Ավելին՝ հիմա իսկապես ժամանակն է անկեղծ, ճիշտ ու սթափ մոտեցումներով առաջ գնալու, այլ ոչ թե այսպես ամպագորգոռ հայտարարություններով կամ անիրատեսական երազներով, ցանկություններով ինչ-որ կոնֆլիկտներ ստեղծելու համար, որովհետև մենք չունենք դրա ժամանակը։ Հիմա լուրջ, անկեղծ և ճիշտ մոտեցումներով առաջ գնալու ժամանակն է։

— ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գաղտնազերծեց իր առաջարկները Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ ընտրություններին մասնակցել միասնական դաշինքով։ Երկու տիպի մեկնաբանություններ եղան, թե ինչպես կարող է առաջին նախագահը միավորվել, իր իսկ խոսքերով, «նախկին ավազակապետական ռեժիմի ղեկավարների» հետ, և որ Տեր-Պետրոսյանի առաջարկի մեխն այն էր, որ նրանք չեն հավակնելու որևէ քաղաքական պաշտոնի։ Ձեր դիտարկմամբ՝ ո՞րն էր Տեր-Պետրոսյանի առաջարկի էությունը։

— Ինչ որ ասվել է՝ ասվել է, բացատրությունն արդեն տրվել է։ Սակայն, մեր կարծիքով, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից պիտի լիներ այդ քայլը, դրա հաջորդ տրամաբանական քայլը պետք է լինի ընտրության մասնակցության և այլընտրանքային ուժ դառնալու հայտը, որովհետև այսօրվա դրությամբ շատ հստակ է մեզ համար, որ միակ քաղաքական գործիչը, որը բարոյական իրավունք ունի և տարիների ընթացքում հետևողականորեն նույն քաղաքական ուղեգիծն է հետապնդել, նա է։

Ինչպես տեսնում ենք՝ իր բոլոր կանխատեսումները և մտահոգություններն իրականություն դարձան։ Տրամաբանական կլիներ, որ նա ոչ միայն մասնակցեր, այլև հրապարակային հանդես գար իր հայտնի բովանդակային հոդվածներով և ելույթներով։ Այսինքն, ինքը սկսեր ձևավորել քաղաքական, գաղափարական դիսկուրսը, թե ինչպիսին ենք տեսնում Հայաստանի ապագան, որովհետև մենք հիմա շատ լուրջ խնդիրներ ունենք այսօրվա տարածաշրջանային նոր իրականության, հարևանների հետ հարաբերությունների, Արցախի կարգավիճակի և Ռուսաստանի ժամանակավոր ներկայության առումով։ Ինչպե՞ս է օգտագործվելու առաջիկա 4 տարվա ժամանակահատվածը։ Ուզենք, թե չուզենք՝ ժամանակը գնում է։ Ինչպե՞ս մենք պետք է վարվենք այս իրավիճակում, ինչպե՞ս պետք է գոնե ինչ-որ չափով ետ բերենք մեր ինքնիշխանությունը, որից այսօր զրկվել ենք, և այժմ ոչ թե Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, այլև ՀՀ-ն է ապավինում Ռուսաստանին, որպեսզի կարողանանք մեր սահմանները պահել, երթևեկել դեպի Սյունիք, կամ Արցախ։ Այսինքն՝ իրապես կան շատ լուրջ գործընթացներ, որոնց մասին պետք է խոսել և սթափ որոշումներ կայացնել։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում