Սիրանուշ Սահակյան. Եվս 80 ռազմագերու առնչությամբ կան անվիճելի ապացույցներ (տեսանյութ)

Պաշտոնական 02.09.2021   10:30   186

Եվս 80 ռազմագերու առնչությամբ կան անվիճելի ապացույցներ, որ նրանք գերեվարվել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 1–ին, հայտնեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Այլ հարց է՝ գերեվարումից հետո որքա՞ն ժամանակ են ողջ մնացել կամ արդյո՞ք այս պահին ողջ են, այդ հարցում բավարար ապացույցներ չկան»,- նշեց Սահակյանը՝ հավելելով, որ պաշտոնապես հաստատված 45 ռազմագերիներից բացի ևս 80-ը պետք է իրականում հայրենադարձվեին։

Իսկ թե ինչու Ադրբեջանը չի հաստատում, որ նաև հայրենադարձում լինի, Սահակյանն արձանագրեց, որ դա կարող է երկու հանգամանքի արդյունք լինել՝ նախ՝ քաղաքական, որ դրանով պատասխանատվություն չի ստանձնում նոր քանակի անձանց ճակատագրի համար, երկրորդ՝ գերեվարված քաղաքացիական անձինք կամ ռազմագերիները ուղղակի խոշտանգվելով սպանվել են։'

Ինչ վերաբերում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների դատավարությանը, Սահակյանը հայտնեց, որ դատավարությունների մասնակից են դարձել հաստատված ռազմագերիները, այս պահին բոլոր ռազմագերիների մասնակցությամբ դատավարություններն ավարտված են, բոլորի առնչությամբ կան նշանակված պատիժներ։

Սահակյանը, սակայն, հույս հայտնեց, որ Բաքվում դատապարտված հայ ռազմագերիները չեն մնա այնտեղ 15-20 տարի, այլ ավելի կարճ ժամանակ հետո կվերադառնան Հայաստան։

«Իհարկե ունենք նաև այլ դատավարություններ, որոնք չեն առնչվում մեր ռազմագերիներին, բայց կապված են ԼՂ կոնֆլիկտի հետ։ Այս դատավարությունների միջոցով Ադրբեջանը ցուցադրում է, որ նրանք պատիժ կրող ռազմագերիներ են, որոնց չվերադարձնելու առումով պետությունն ունի իրավական հիմքեր և սպառնում են, որ մինչև պատժի ժամկետի լրանալը ունեն օրինական հիմքեր մեր ռազմագերիներին չվերադարձնելու»,- նշեց Սահակյանը՝ հավելելով, որ սրանք լծակներ են, որոնք օգտագործվում են բանակցությունների ընթացքում՝ մեր իշխանությունների նկատմամբ և Ադրբեջանը հաշվարկում է նաև միջազգային դատական գործընթացների ժամկետները։

Նշենք, որ 2020թ. նոյեմբերին ռազմական գործողությունների դադարեցման պահից ադրբեջանական գերությունից Հայաստան է վերադարձել 81 մարդ։

Այժմ, երկրի իշխանությունների տվյալներով, Ադրբեջանում պահվող գերիների թիվը 60 է, իսկ չճշտված տեղեկություններով` նրանց թիվը հասնում է 110-ի։

Տեսանյութը՝ PastinfoTV-ի

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՄԻԵԴ, Հայաստան, գերիներ.ռազմագերիներ, ադրբեջան, Սիրանուշ Սահակյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon