«  Ապրիլ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Թալիշի զորամասին կից խանութի սեփականատերը պատերազմի ընթացքում զինծառայողների բանկային քարտերից գումար է կանխիկացրել. Hetq

Թալիշի զորամասին կից խանութի սեփականատերը պատերազմի ընթացքում զինծառայողների բանկային քարտերից գումար է կանխիկացրել. Hetq

Թալիշի զորամասին կից խանութի սեփականատերը պատերազմի ընթացքում զինծառայողների բանկային քարտերից տարբեր չափերի գումար է կանխիկացրել՝ պատճառաբանելով, թե դրանք եղել են զինծառայողների պարտքերը։ Այս մասին գրում է Hetq.am-ը:

Թալիշում չկար գումար կանխիկացնելու որևէ միջոց, այդ իսկ պատճառով զինծառայողներն իրենց բանկային քարտերը տալիս էին խանութպանին, որպեսզի վերջինս գումար կանխիկացնի և վերցնի խանութից գնված ապրանքների դիմաց։ Խանութպանը պատերազմի ընթացքում կանխիկացրել է ավելի շատ գումար, քան զինծառայողների պարտքն է եղել։ Զոհված զինծառայողի մայրը, պարզելով, որ տղայի բանկային քարտը խանութպանի մոտ է, և դրանից ընդհանուր 97 հազար դրամ է կանխիկացվել դիմել է ոստիկանություն։ Հարուցվել է քրեական գործ։

Զինծառայող Գևորգ Քարտաշյանի հետ տան անդամները կապը կորցրել են պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին։ Նա ծառայում էր Թալիշի զորամասում։ Հոկտեմբերի 7-ին նրա անունը հրապարակվել է զոհվածների ցուցակում, բայց տղայի աճյունը չի հայտնաբերվել, հետո նրա անունը տեղափոխվել է անհետ կորածների ցուցակ և միայն 2021 թվականի հունվարի 21-ին՝ զոհվելուց 4 ամիս անց, ԴՆԹ անալիզի միջոցով նույնականացվել է նրա աճյունը։

Գևորգի ընտանիքն ապրում է Լոռու մարզի Տաշիր քաղաքում։ Գևորգի մայրը՝ Աիդա Ամիրխանյանը, այդ ընթացքում մի քանի անգամ Տաշիրից Երևան է գնացել, տարբեր կառույցների դիմել տղայի մասին լուր իմանալու համար։

Գևորգի մորը հունվարի 21-ին Պաշտպանության նախարարությունից նաև հայտնել են, որ կարող է գնալ Արցախբանկ, ստուգել տղայի բանկային հաշիվը և կանխիկացնել տղայի հաշվին առկա գումարը։

Պատերազմից առաջ Գևորգ Քարտաշյանը Թալիշում գտնվող Գագիկ Աբրահամյանին պատկանող խանութից պարտքով զինվորական համազգեստ էր գնել, պարտքի մասին մայրն իմացել էր ու սեպտեմբերի 26-ին որդու հաշվեհամարին 15 000 դրամ գումար էր փոխանցել, որպեսզի նա վճարի ձեռք բերած համազգեստի համար։

Աիդան գնացել է Արցախբանկ, քանի որ կարծել է, որ կարող է տղան հասցրած չլինի գումարը կանխիկացնել և համազգեստի գումարը վճարել խանութպանին։

Ստուգելով տղայի հաշիվը՝ Աիդան տեսել է, որ տղայի հաշվին գումար չկա։ Երբ դիմել է Արցախբանկ իմանալու, թե ո՞վ է կանխիկացրել որդու հաշվից գումարը Աիդային հայտնել են, որ սեպտեմբերի 27-ից տղայի քարտից գումար կանխիկացվել է 3 անգամ, առաջին անգամ՝ Ստեփանակերտի բանկոմատից, 2-րդ անգամ Շուշիից, իսկ 3-րդ անգամ՝ Չարենցավանի բանկոմատից, դեկտեմբերի 31-ին։ Ընդհանուր Գևորգ Քարտաշյանի հաշվից կանխիկացվել է 97 000 դրամ։

Աիդան Արցախբանկի աշխատակիցներին խնդրել է տրամադրել բանկոմատների տեսագրությունը, որպեսզի կարողանա պարզել, թե ով է եղել որդու քարտից գումար կանխիկացնողը, սկզբում կնոջը մերժել են, հետո` տրամադրել։

Բանկոմատի տեսագրության լուսանկարները, որպես ապացույց, մեզ է տրամադրել Աիդա Ամիրխանյանը։ Առաջին լուսանկարում՝ Գագիկ Աբրահամյանը Ստեփանակերտի բանկոմատից գումար կանխիկացնելիս։  Երկրորդ լուսանկարում` Գագիկի եղբորորդին, Չարենցավանի «Արդշինբանկի» բանկոմատի մոտ։

Աիդա Ամիրխանյանը, որ մինչ այդ տղայից որևէ լուր ունենալու համար գտել էր տղայի զինակից ընկերներին, կապվել է նրանց հետ, ուղարկել բանկոմատի տեսագրությունից արված լուսանկարը, տղաներն, ասել են, որ դա Գագիկ Աբրահամյան անուն, ազգանունով մարդն է, որը Թալիշում զորամասին կից խանութ է ունեցել, և բոլոր զինծառայողներն անհրաժեշտության դեպքում օգտվել են նրա խանութից։ Տղաները Աիդային ասել են` քանի որ Թալիշում բանկոմատ չի եղել խանութպանը զինծառայողներին ապրանք է տրամադրել, հետո հավաքել նրանց բանկային քարտերը, պարտքի չափով գումար կանխիկացրել, վերցրել ու քարտը վերադարձրել զինծառայողներին։ Պատերազմի ընթացքում էլ մի շարք զինծառայողների բանկային քարտեր եղել են Գագիկի մոտ, քանի որ նա դրանք չի հասցրել վերադարձնել զինծառայողներին։

Աիդա Ամիրխանյանը նույն օրը դիմել է ոստիկանություն, ներկայացրել փաստերը, հարուցվել է քրեական գործ, որին, կնոջ խոսքով, ընթացք չի տրվել։ Երևանից քրեական գործը տեղափոխել են Չարենցավանի բաժին։

Կնոջը ոստիկանությունում ասել են, որ գործը Երևանից տեղափոխվել է Չարենցավանի բաժին, քանի որ վերջին անգամ գումար հանվել է Չարենցավանի «Արդշինբանկի» բանկոմատից։

Ըստ Աիդա Ամիրխանյանին Չարենցավանի ոստիկանությունից ուղարկված ծանուցագրի` փետրվարի 1-ին իր հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Մինչ օրս Աիդային հարցաքննության չեն կանչել։

Ամբողջական՝ Hetq.am-ում