«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Լևոն Տեր-Պետրոսյան. «Կենտրոնը մեռած է, Կենտրոնն ինքնասպան եղավ». Կրեմլ.1991թ.

Լևոն Տեր-Պետրոսյան. «Կենտրոնը մեռած է, Կենտրոնն ինքնասպան եղավ». Կրեմլ.1991թ.

Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան  էջից:

30 տարի առաջ՝ 1991 թվականի օգոստոսի 18-21-ը ԽՍՀՄ ռազմաքաղաքական ղեկավարությունը (ԳԿՉՊ-ն), «մեկուսացնելով» ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին, ԽՍՀՄ-ում ռազմական հեղաշրջման փորձ է իրականացնում:

Չնայած, որ ԽՍՀՄ-ն փրկելու համար կազմակերպված այդ գործընթացը, ինչը պատմության մեջ մնում է «Օգոստոսյան պուտչ» անունով, շատ արագ տապալվում է, այնուամենայնիվ ԽՍՀՄ կազմում գտնվող և այդ ժամանակ անկախության ճանապարհը բռնած հանրապետությունները տագնապով են հետևում Մոսկվայում ծավալվող իրադարձություններին:

Ըստ այդ ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Վազգեն Մանուկյանի, այդ օրերին վերջինս հանդիպել է այդ ժամանակ Հայաստանի ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ առաջարկելով իշխանության մի թևով պաշտպանել հեղաշրջման փորձ իրականացնողներին, մյուս թևով՝ հակահեղաշրջման կողմնակիցներին՝ Ելցինի գլխավորությամբ: Իրավիճակը նույն կերպ է ներկայացնում նաև այդ ժամանակ Հայաստանի ՆԳ նախարար Աշոտ Մանուչարյանը. «Մենք աշխատում էինք ԳԿՉՊ-ի հետ լրացուցիչ պրոբլեմներ չստեղծել»:

Սակայն, ըստ Մանուչարյանի, նման դիրքորոշումը անձնական մակարդակներում քիչ դեր է խաղացել, քանի որ հեղաշրջման փորձի ձախողումից հետո, Լևոն Տեր-Պետրոսյանը Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի կողմից ուղարկված մի ցուցակով մոտեցել է իրեն՝ Մանուչարյանին և ասել, որ եթե ԳԿՉՊ-ն հաղթեր, ապա, ըստ ցուցակի, առաջինը պետք է կալանավորվեր հենց Մանուչարյանը (Հ1, « Սկիզբ. Անկախության հանրաքվե»):
 ***
Հեղաշրջման փորձի ձախողումից օրեր անց` 26.08.1991թ., Կրեմլում կազմակերպվում է ԽՍՀՄ ԳԽ արտահերթ նստաշրջանը, որտեղ հայտարարությամբ է հանդես գալիս նաև Հայաստանի ԳԽ նախագահը: Լևոն Տեր-Պետրոսյանը ամբիոնից հայտարարում է հետևյալը.

«Ես կարծում եմ, հեղաշրջման հետեւանքով Կենտրոնն սպառեց իրեն։ Կենտրոնը մեռած է, Կենտրոնն ինքնասպան եղավ։ Եւ հիմա վերակենդանացնել այդ մեռյալին, նշանակում է վերստեղծել այն աղետի վտանգը, ինչ տեղի ունեցավ»:

Տեր-Պետրոսյանի տվյալ հայտարարությունը մեծ տարածում է գտնում ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև՝ ողջ աշխարհում: 

Լուսանկարում՝ Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում Կրեմլում, 02.09.1991թ.