Տիգրան Պասկևիչյան. Շնորհավորանք ցպահանջ

Խոսք 09.01.2021   15:38   614

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՑՊԱՀԱՆՋ

Լեւոն Տեր-Պետրոսյանի միակ խոսակիցը ժողովուրդն է, հասարակ ժողովուրդը, թող ներվի ասել՝ ԻՔ-ականների զառանցած պողոսը։ 

Նա քաղաքական հակառակորդ չունի։ Թշնամի … ինչքա՜ն ուզեք։ Ընդդիմախոս չկա, որ խոսքին խոսք հակադրի, գաղափարին՝ գաղափար, հայեցակարգին՝ հայեցակարգ։ 

1997-98-ից ի վեր՝ ավելի քան քսան տարի գավառական մեր այս անապատում միայն մեղադրանք, կասկած ու վիրավորանք հնչեց։ Եւ «պողոս»-ժողովուրդը, որը նրա ընտիր խոսակիցը պիտի լիներ, մնաց անապատային քամու ավազակոլոլ աղմուկի ունկընդիր։

Տեր-Պետրոսյանի եւ իր խոսակցի մեջտեղում ով ասես կանգնեց։ Նախ՝ խորհրդային «երանելի դրախտը» կորցրած քաղքենին էր, հետո նույն դրախտից կարծր ժառանգություն մնացած ձրիակերների համքարությունը (իմա. ինծիլիգենցիա), հետո սրա-նրա գրպանում բնակվող (նոմինալ) լրագրողները, քաղաքագետներն ու վերլուծաբանները, հիմա էլ ձախն աջից հազիվ տարբերող, նորը հնի սոսկ հականիշ համարող կես-փիլիսոփաներ, որոնց համար մահու չափ վտանգավոր է խոստովանել որեւէ իրավացիություն ու ճշմարտություն։ 

Այսօր ես չեմ շնորհավորում Տեր-Պետրոսյանին, շնորհավորում եմ խոսակից-«պողոս»-ժողովրդին, որը, չնայած  կուռ ու կազմակերպ արգելքին՝ դեռ վերադարձի շանս ունի։
…եթե, իհարկե, կարողանա իրմով սրբել էլիտա համարվողների վայրի տհասությանը։

Հասարակական գործիչ, գրող, լրագրող, սցենարիստ

Տիգրան Պասկևիչյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Տիգրան Պասկևիչյան, Լևոն Տեր- Պետրոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon