Վանո Սիրադեղյան. Չլիներ այդ նավթը

Խոսք 25.07.2021   12:00   1760

Չլիներ այդ նավթը

Հայ ժողովուրդը չունենա´ր այդպիսի լոբբի, որը իր համար զբաղմունք է սարքել Պանթուրքիզմի խրտվիլակով վախեցնելը Ռուսաստանի նման մի երկրի, որի քաղաքացիների 10-ից 3-ը թուրքալեզու է։ Չունենա´ր այս իշխանությունը, որը ողջ հույսը դրել է հարեւանների կործանման վրա։ Չունենա´ր այդ հարյուրամյա կուսակցությունները՝ իրենց հույսը սպասարկող մամուլով հանդերձ։ Այն բանի համար, որ Ղարաբաղի փրկությունն ու Հայաստանի ապագան, նաեւ ժողովրդի մարտական ոգու պահպանման հույսը, կապել են Կասպից ծովում նավթ չլինելու իրենց անեծքի հետ։ Անեծքի, որովհետեւ անօգնականորեն օրնիբուն կրկնելով, որ չկա, չկա, չկա,-դա արդեն թուղթուգիր անելու է նմանվում։ Դա արդեն նույնիսկ ծիծաղելի չէ։ Իսկ պետական հեռուստատիկնանց՝ ատելությունից ծամածռվող բերանից ամեն օր դուրս գալով՝ հնչում է սրտաճմլիկ պետական֊կուսակցական այրերի կատարմամբ «պաշտոնական թուղթուգիր անելու» այդ արարողությունը։ Ողորմելի է՝ ազգովին գետինը մտնելու ցանկության աստիճան։

Երանի չէ՞ր ծախու լիներ այդ մամուլը, գոնե հույս կլիներ, որ ինչ-որ ժամանակ կծառայի բանական մարդու եւ բանական գաղափարի։ Բայց հարյուր տարի ոչինչ չի փոխվել հայ մամուլի վարքի մեջ։ Ինչպես տասնիններորդ դարի վերջերին ու քսանի սկզբին մանկամտորեն հավատում էր, որ ռուսական զենքը ազատագրելու է ու նվիրի հայերին Տաճկահայաստանը։ Եւ ինչպիսի անպատասխանատվությամբ այդ նույն մամուլը, ռազմահայրենասիրական էքստազի մեջ ընկած, կամավորական ջոկատների նախատեսվող գործողությունների ուղղություններն էր քարտեզագրելով մատնում իր էջերում, նույն մանկամտությունն ու անպատասխանատվությունը հանդես բերեց արդեն անցած դարձած 20-րդ դարի վերջին տասնամյակի ողջ ընթացքում։ Պատմությունը, այո, դաս չի լինում։ Խելացի մարդիկ են ասել։

Բայց նկատի են ունեցել, որ դաս չի լինում հիմարներին։ Անցած տասնամյակի առաջին կեսին, երբ առանձնապես կշտամբելու բան չկար, թերուսների դասը կշտամբանքի ու թերահավատության առարկա էր սարքել առաջին նախագահի՝ լեզուների իմացությունն ու ակադեմիական կրթությունը։ Ու քանի որ նոր հանրապետության ինքնահաստատումը առաջ էր գնում բավականաչափ հավասարակշիռ ու անխաթար, նորանոր խավեր սկսեցին կորցնել զգոնությունը, մտածելով, թե այդպես էլ պիտի լիներ։ Եւ հիմա էլ իրենց հաշիվ չեն տալիս, որ, եթե օրինակ Արամ Մանուկյանը նույնքան տգետ լիներ, ինչքան այսօրվա իշխողները, բոլորովին էլ միանշանակ չէ, որ Առաջին Հանրապետությունը կկայանար։ Եւ թե այդ հիմքի վրա կկայանար Խորհրդային Հայաստանը։ Ապա եւ՝ այսօրվա անկախ Հայաստանը։ Չէ՞ որ Թիֆլիսում նստած Ազգային խորհուրդը չէր ուզում հռչակել անկախ պետություն, իսկ երբ ստիպված եղավ հռչակել՝ Ադրբեջանի ու Վրաստանի հռչակումից հետո, հիմա էլ դժվարանում էր տեղափոխվել Երեւան եւ կառավարել այդ պետությունը։

Վանո Սիրադեղյան 
2000-2001թթ.

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վանո Սիրադեղյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon