Վարդան Հարությունյան. Հաղթահարել մարտի 1-ը

Հասարակություն 04.03.2021   12:33   123

aliqmedia.am: «Եկավ ու անցավ հերթական մարտի 1-ը։

Մարտի 1-ը սովորական հանցագործություն չէ։ Մարտի 1-ը միայն խաղաղ ցույցի գնդակահարություն չէ։ Մարտի 1-ը իշխանության զավթում է, սահմանադրական կարգի տապալում։

Մարտի 1-ը բեկում է։ Մարտի 1-ով բեկվել է մեր պետության ընթացքը։ Մարտի 1-ով ունեցանք մերժելի իշխանություն, որը 10 տարի շարունակ հիասթափության ու արտագաղթի պատճառ է եղել։ Մարտի 1-ով ունեցանք 2018 թվականի հեղափոխությունը, որի արդյունքները մեզ չեն գոհացնում։ Ունենք այսօրվա ցածրակարգ իշխանությունը։

Մարտի 1-ը հասցրել է մեզ այս հանգրվան։ Չլիներ մարտի 1-ը՝ չէր լինի նաեւ այս պատերազմը եւ այս պարտությունը։ Չէին լինի տարիների այս վայրիվերումները եւ այսօրվա սարսափը, որ պատել է մեզ։ Կունենայինք բոլորովին այլ տարածաշրջան ու այդ տարածաշրջանում՝ բոլորովին այլ Հայաստան։ Որովհետեւ ժողովրդի քվեն ստացած պատասխանատու իշխանություն էինք ունենալու, որի առաջնային խնդիրներից մեկը հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելն էր լինելու։

Մարտի 1-ի գործը միայն 2008-ի գարնան առաջին օրվա դեպքերը չեն։ Մարտի 1-ի գործը սկսվում է 2007 թվականի աշնանը մեկնարկած նախընտրական քարոզարշավով, որը զուգորդվեց ընդդիմադիր թեկնածուի աջակիցների դեմ ցուցադրական բռնություններով ու հալածանքներով։ Մարտի 1-ի գործը 2008-ի փետրվարի 19-ի ընտրություններն են, որոնք ուղեկցվեցին ծեծ ու ջարդով, ընդդիմադիր թեկնածուի վստահված անձանց առեւանգումներով, լայնամասշտաբ ու անթաքույց ընտրակեղծիքներով։

Մարտի 1-ի գործը բուն մարտի 1-ն է, երբ տեղի ունեցան սպանություններն, ապա՝ դրան հաջորդած բռնությունների, կալանավորումների, շինծու դատավարությունների շրջանն է։ Եւ, վերջապես, մարտի 1-ի գործը մարտի 1-ից մինչեւ այսօր ձգված տեղապտույտն է, որից մենք դուրս գալ չենք կարողանում։

Հանցագործությունները բացահայտելու տարբեր ճանապարհներ կան։ Ճանապարհներից որին տալ նախապատվությունը՝ որոշում է նախաքննական մարմինը։ Բայց մեկ հանգամանք պարտադիր է՝ նախաքննական մարմինը հանցագործությունը բացահայտելու նպատակ պետք է ունենա։ Հակառակ դեպքում՝ միամտություն է բացահայտում ակնկալելը։

Թե ինչ կարգի «բացահայտումներով» էին զբաղված մինչեւ 2018 թվականը՝ գիտեինք։ 2018-ից հետո մեր իմացածը հաստատվեց պաշտոնապես՝ զբաղված են եղել գործը կոծկելով, խճճելով, ապացույցները թաքցնելով ու ոչնչացնելով։ Իրենց կազմակերպած ու իրականացրած հանցագործության հետքերը, բնական է, պետք է թաքցնեին։ Բոլոր հանցագործներն էլ գնում են այդ ճանապարհով։

2018 թվականը երկրում իրավիճակ փոխեց։ Թվում էր՝ գործի բազմակողմանի բացահայտմանը ոչինչ չպետք է խանգարի։ Հայտնի են տուժողները, հայտնի են բռնություններ իրականացնողները, հայտնի են բռնություններ իրականացնելու հրաման տված վերին ու միջին օղակի ղեկավարները, հայտնի են շինծու դատավարությունների ժամանակ կեղծ ցուցմունքներ տված ոստիկանները, կան տեսագրություններ ու այլ վկայություններ, բայց գործը ցուցադրություն հիշեցնող միջոցառումից այն կողմ չանցավ։ Միջոցառում, որի գլխավոր շեշտը կալանավորված Ռոբերտ Քոչարյանը պետք է լիներ։

44-օրյա պատերազմից հետո, ինչպես ողջ երկրում, այնպես էլ այս գործի դեպքում նոր իրավիճակ է։ Պայմանականորեն կարելի է 2020-ի իրավիճակ անվանել։ Կար մինչեւ 2018-ի իրավիճակ, երբ ապացույցներ էին ոչնչացվում ու կեղծ ապացույցներ էին հորինվում, ապա՝ 2018-ին հաջորդած իրավիճակ, երբ ամենավերին իշխանավորի բերանով հայտարարում էին, թե գործն ամբողջությամբ բացահայտված է եւ շուտով բոլորս դա կտեսնենք, իսկ հիմա՝ 2020-ի իրավիճակն է, երբ գործն ավարտին հասցնելու նախկին եռանդն այլեւս չկա։

Ավելի շատ լռության մատնելու միտում է նկատվում։

Քանի դեռ այս գործի վերջակետը չի դրվել՝ կշարունակենք պատանդ մնալ մարտի 1-ին։ Երկու տարբերակ կա։ Կամ պետք է բացահայտել գործն ամբողջությամբ եւ՝ օրենքի ողջ խստությամբ բոլոր մեղավորներին պատասխանատվության կանչել, կամ պետք է վճռել, որ պատժի ու դատական լուծման ճանապարհով գնալու փոխարեն վերլուծում ենք մարտի 1-ի պատճառները, տալիս ենք այդ պատճառները ծնող իրականության քաղաքական գնահատականը ու գծում ենք պայմանական մի սահման, որից այս կողմ նոր փոխհարաբերություններ են սկսվում՝ ցանկացած պարագայում, իրար վրա չենք կրակում, քաղաքական պայքարը քրեական հարթություն չենք տեղափոխում, իշխանությունն ինքնանպատակ, իսկ իշխանափոխությունը կյանքի ավարտ չենք դիտարկում, ընտրություններ չենք կեղծում, քաղաքական հետապնդումներ չենք իրականացնում։

Սա չի նշանակում փակել ու մոռանալ մարտի 1-ի էջը։ Այն ոչ փակել եւ ոչ էլ մոռանալ հնարավոր չէ։
Սա նշանակում է, որ մարտի 1-ը սահման է դառնում, որն անցնել եւ չի կարելի, եւ չենք կարող։ Չենք կարող, որովհետեւ քաղաքական պայքարի ու հասարակական փոխհարաբերությունների մասին մեր նոր պատկերացումները թույլ չեն տալու։

Տարբերակներից որեւէ մեկին նախապատվություն պետք է տան ազատ ու արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված գալիք իշխանությունները։ 2008-ից մինչեւ այսօր եղած իշխանություններից ակնկալիք չկա։ Նրանք գործն օգտագործել ու օգտագործում են միայն իրենց իշխանությունն ամրապնդելու նպատակով։ Այսօրվա իշխանության դեպքում ավելանում է նաեւ ամբոխահաճո նկրտումներին հագուրդ տալը։ Վկան՝ մոտ 3 տարի շարունակվող «նախաքննություն-դատաքննություն» կոչվող ցուցադրությունն է եւ 3 օր առաջ՝ մարտի 1-ին կազմակերպած նրանց հանրահավաքը»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան

aliqmedia.am

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վարդան Հարությունյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon