«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Վարդան Հարությունյան. «Իրո՛ք, անպատասխանատու»

Վարդան Հարությունյան. «Իրո՛ք, անպատասխանատու»

«Ալիք Մեդիա». Մեկ տարին լրացավ, բայց պատերազմի ու պարտության ցավը չի բթանում։ Այնպես չէ, թե մենք պատերազմներ չենք տեսել, եւ նորություն էր այն մեզ համար։ Ե՛վ պատերազմներ, ե՛ւ հատկապես պարտություններ շատ ենք տեսել։ Բայց ծանր է այս վերջինը։ Որովհետեւ այն մեր պատերազմը չէր։ Մենք կարող էինք խուսափել այս պատերազմից։ Պատերազմը, որ ծրագրել էր Ադրբեջանը, որ ցանկանում էր Ադրբեջանը, որ սկսեց Ադրբեջանը, կարող էր տեղի չունենալ, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առարկայական զրույց լիներ։

2018 թվականի հեղափոխությամբ իշխանության եկած Փաշինյանը, երկրի ներսում հսկայական աջակցություն ունենալով, նման զրույց սկսելու պատրաստակամություն ու քաջություն չունեցավ։ Որպես վերջացած ամբոխավար՝ ամբոխի հավանությունը ստանալու մոլուցքին տրված, ծափահարություններ կորզելու ակնկալիքով շատ ավելի անզիջում դիրքերից էր հանդես գալիս, քան իրենից առաջ եղածներն էին։

Շրջահայացության իսպառ բացակայությունը թույլ չտվեց նրան հասկանալ նման զրույցի կարեւորությունը։ Շրջահայացության բացակայությանը եթե ավելացնենք ամբարտավանությունը, կամակորությունը, սնապարծ ու արկածախնդիր վարքը, ապա պարզ կդառնա, թե ինչու չէր կարող հասկանալ նա վիճակի լրջությունը, ինչու չէր կարող պատկերացնել իր քայլերի ու խոսքերի ճակատագրականությունը։ Ինչո՞ւ էր նման անպատասխանատու թեթեւությամբ մոտենում այնպիսի բարդ խնդրի, ինչպիսին Արցախի խնդիրն էր։ Ինչո՞ւ էր խուսափում առարկայական բանակցություններից՝ հայտարարելով, թե սեղանին բանակցային փաստաթուղթ չկա, կամ բանակցությունները ոչ թե շարունակելու, այլ սկսելու է իր սեփական կետից։ Ինչո՞ւ էր 2020-ի հուլիսյան սահմանային միջադեպը որպես հաղթական պատերազմ ներկայացնում եւ սադրում Ալիեւին։

Իսկ պատերազմի բերած պարտությունը շարունակվում ու շարունակվում է։ Շարունակվում է մեր խոցված սահմանների տեսքով, Հայաստանի չընդհատվող նահանջի տեսքով։ Այն ճնշում է մեզ, ստիպում է խեղճանալ։ Փաշինյանը, սակայն, պարտությունը չի ընդունում։ Նաեւ իր քայլերի հետեւանքով սկսված պատերազմի բերած պարտությունն իրենը չէ, մերն է։ Այն կա եւ շարունակվում է մեր, այլ ո՛չ Փաշինյանի համար։ Կա բոլոր նրանց համար, ովքեր տեսնում են այդ պարտությունը, զգում են պարտության ծանրությունը, պարտության պատճառած ցավն ու ամոթը կրում են իրենց մեջ։

Փաշինյանը, որ պառլամենտում ասում էր՝ «եկեք պայմանավորվենք մի բան, որ ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի», կամ մեր պարտությունը վավերացնող փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին, գրում էր՝  «սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել», շարունակում է չտեսնել ու չճանաչել այդ պարտությունը։ Շարունակում է ապրել առանց այդ պարտության ծանրության։ Սեպտեմբերի 21-ի նրա ելույթն էլ էր սրա մասին։ Չընդունել պարտությունը, չտեսնել պարտությունը, հետեւաբար չապրել այդ պարտությամբ, այդ պարտության համար չցավել, չափսոսալ տարիների ձեռքբերումները, որ փոշիացան այդ պարտության պատճառով։

Նման մոտեցումը ազատում է մեղքի զգացումից, հաշվետու լինելու պարտադրանքից, պատասխանատվության ծանրությունից։ Ցինիզմ հիշեցնող այս տրամաբանությունը բացատրում է այն թեթեւությունը, որով նա, գիտենալով, որ պատերազմի ելքը վճռված է, որ պարտությունը մոտ է, ավելորդ կորուստները կանխելու փոխարեն հարյուրավոր երիտասարդների շարունակում էր մարտադաշտ ուղարկել։

Վե՛ր կացեք, պատերազմի ընթացքում եւ ամենավերջին օրերին բղավում էր նա, հավաքվե՛ք, ջոկատնե՛ր կազմեք, ձեր միջից հրամանատարնե՛րի ընտրեք ու մարտի գնացեք։ Ինչո՞ւ, ինչպե՞ս, ի՞նչ անելու համար՝ անհասկանալի էր։ Զինվորական գործին անպատրաստ կամավորագրվածներն ի՞նչ պետք է անեին։ Ինչպե՞ս էին ավտոմատներով կասեցնելու գերժամանակակից ռազմատեխնիկայով զինված հակառակորդի ընթացքը։

Մեկ տարի է անցել՝ բացատրություն չկա։ Անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր լինել այդքան անողոք։ Ինչպե՞ս է հնարավոր այլոց ցավին, ընդհանուր ցավին այդքան անհաղորդ լինել, չճանաչել այս պարտությունը, որ բոլորիս ուսերին է ծանրացած։ Ինչպե՞ս է հնարավոր առանց աչք թարթելու, առանց ափսոսանքի զգացումի այդքան երիտասարդ կյանքեր մահվան ուղարկել։ Ուղարկել մահվան ու հանգիստ նստել։ «Հանուն հայրենիքի էին» ասել ու դնել վերջակետը։ Ինչպե՞ս է հնարավոր չնկատել սեփական մեղքը, չընդունել այն, չկարկամել սեփական մեղքի զգացումից։ Այս մեկ տարվա ընթացքում ափսոսանքի, զղջումի կես խոսք չենք լսել։ Ոչինչ չասող ու ձեւական խոնարհումները հաշիվ չեն։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան

«Ալիք Մեդիա»