Լևոն Զուրաբյան. Մենք ունենք խաղաղության հաստատման իրական ծրագիր

ՄԵՆՔ ՈւՆԵՆՔ ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես ձեռք բերված խաղաղություն, իրականում` խաղաղության հաստատման հետ որևէ կապ չունեցող մեծ նախընտրական խաբեություն է և չի կարող անգամ դիտարկվել որպես խաղաղությանը հասնելու պլան` երեք հիմնարար պատճառով:
1. Խաղաղության պայմանագիր ստորագրված չէ, Ադրբեջանը շարունակում է հրաժարվել այն ստորագրելուց հակառակ Հայաստանի կողմից արդեն իսկ կատարված հսկայական զիջումների: Թուրքիան չի բացում սահմանը, Ադրբեջանը շարունակում է խոշտանգել Արցախի ղեկավարներին և հայ ռազմագերիներին իր բանտերում և կառուցել քրեական մեղադրանքներ Հայաստանի դեմ:
2. Վաշինգտոնյան պայմանավորվածությունները կրում են միակողմանի բնույթ, հաշվի չեն առնում աշխարհաքաղաքական օրեցօր հզորացող միավորման` ԲՌԻՔՍ-ի , այդ թվում մեր ռազմավարական դաշնակիցներ Ռուսաստանի ու Հնդկաստանի և ռազմավարական գործընկերներ Չինաստանի ու Իրանի շահերը: Նման միակողմանի կարգավորումը աշխարհաքաղաքական ռումբ է դնում խաղաղության հաստատման գործընթացի տակ` էապես բարձրացնելով Հայաստանի պրոքսի պատերազմի թատերաբեմ դառնալու վտանգները:
3. Հայաստանի ղեկավարության կողմից կատարված զիջումները սպառնում են հայկական պետության ինքնության առանցքին: Ադրբեջանի ճնշման ներքո Անկախության հռչակագրից հրաժարումը և մեր պետական խորհրդանիշներից պատմական ինքնությանը վերաբերող բաղադրիչների հեռացումը հավասարազոր է սեփական պատմության և ազգային ինքնության ուրացմանը, ինչն ունի հայկական պետության թուլացման և ամլացման հեռահար նպատակներ:
Մեր խաղաղության պլանը նախատեսում է Զանգեզուրյան տրանսպորտային հանգույցի ստեղծում, աշխարհաքաղաքական գլխավոր խաղացողների հետ «Հայաստանյան դարի գործարքի» կնքում և նրանց մասնակցությամբ միջազգային կոնսորցիումի ստեղծում, որն ի լրումն և զուգահեռ TRIPP ծրագրով նախատեսված երկաթուղու, պետք է կառուցի և շահագործի Հյուսիս-Արևելք երկաթուղի, ավտոմայրուղի և օպտիկական մալուխով լայնաշերտ կապուղի:
Այս պլանը ունի հետևյալ առավելությունները.
1. Նրա իրագործումը կբարելավի բալանսը տարածաշրջանում և կստիպի Ադրբեջանին հրաժարվել Հայաստանի վրա անվերջ ճնշումների և պահանջների քաղաքականությունից ու կբերի նրան խաղաղության պայմանագիրը ստորագրելու դաշտ:
2. Հայաստանը աշխարհաքաղաքական առճակատման գոտուց կվերափոխի համագործակցության և զարգացման գոտի, ինչը կստեղծի կայուն ու տևական խաղաղության հեռանկարներ:
3. Հայաստանը դուրս կգա փաստացի շրջափակումից և տնտեսական կույրաղիքի կարգավիճակից դուրս գալով, կդառնա համաշխարհային տնտեսության արագ զարգացող հաբերից մեկը ` ինչպես նաև բարձրացնելով իր կշիռը միջազգային քաղաքականության մեջ:
4. Հայաստանը ստիպված չի լինի գնալ մեր ազգային ինքնությանը սպառնացող նվաստացուցիչ զիջումների, որոնք սպառնում են հայկական պետականության գոյությանը:
Այսպիսով, մենք առաջարկում ենք խաղաղության միակ իրական և իրատեսական պլանը ի տարբերություն Փաշինյանի կողմից «խաղաղության» անվան տակ ներկայացվող մեծ նախընտրական խաբեությանը: