Վարդան Հարությունյան. «Նույն աշխարհից են ե՛ւ հները, ե՛ւ նորերը»

Խոսք 15.10.2021   12:00   177

Ալիք Մեդիա. «Հանգիստ կարող ենք արձանագրել՝ 2018-ի հեղափոխությունը բոլորովին էլ հեղափոխություն չէր։ Անցյալի մերժումը մնաց հայտարարությունների մակարդակում։ Իրական ոչ մի մերժում, համակարգային լուրջ փոփոխություններ տեղի չունեցան։

Ոչինչ չասող, կոսմետիկ շտկումները եթե մի կողմ դնենք, ապա առանց երկմտելու կարելի կլինի վերահաստատել դեռ 2019-ից շրջանառվող պնդումները, որ մեզանում ամենասովորական իշխանափոխություն է տեղի ունեցել։ Որ մեր հեղափոխականները բոլորովին էլ հեղափոխականներ չեն եղել։ Որ նրանց կռիվն իշխանության համար է եղել։

Իրական հեղափոխականները մենք էինք։ Մենք էինք հեղափոխություն ցանկանում։ Մենք էինք կարծում, թե մեր գործողությունների արդյունքում բոլորովին այլ՝ հեղափոխված երկիր ենք ունենալու։ «Մենք» ասելով պետք է հասկանալ համաժողովրդական այն հզոր շարժումը, որ կար 2018-ի ապրիլ-մայիսին։

Հաճախ է հարց ծագում, թե ինչու 2008-ի ոչ պակաս հզոր, շատ առումներով ավելի հզոր շարժումը, որ իր ոտքի տակ շատ ավելի ամուր հող ուներ, հաջողության չհասավ։ Ինչո՞ւ իշխանությունները 2008-ին նախագահական ընտրություններին մասնակցությունը իշխանության զավթման փորձ անվանեցին, դաժանագույն բռնությունների դիմեցին, արյուն հեղեցին, իսկ 2018-ին այդքան հեշտ ու այդքան խաղաղ հեռացան։

Հետհայացք նետելով կարելի է եզրակացնել, որ 2008-ին իշխանությունը ոչ մի դեպքում չպետք է զիջվեր։ Որովհետեւ նրանք, ովքեր իշխանության էին գալու, բոլոր առումներով՝ ե՛ւ իրենց տեսակով, ե՛ւ գաղափարապես, ե՛ւ աշխարհընկալմամբ, այլ էին։ Նրանք բեկելու էին երկրի զարգացման ընթացքը։ Երկրի ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին կյանքը լրջագույն փոփոխությունների էին ենթարկելու։ Ունեին փոփոխությունների ծրագիր, փոփոխություններ իրականացնելու կամք եւ փոփոխությունների ընթացքի մասին հստակ պատկերացումներ։

Իսկ ահա 2018-ին հարթակում գտնվողները, որ գաղափարական գունավորում եւ ապագայի մասին հստակ պատկերացումներ ու փոփոխությունների ծրագրեր չունեին, հասկանալի էին։ Նրանք հասկանալի էին ե՛ւ դրսի շահագրգիռ ուժերին, ե՛ւ ներսում իշխանություն ունեցողներին։ Մարդու եւ աշխարհի մասին ունեցած նրանց պատկերացումները համընկնում էին։ Նրանք նույն աշխարհից էին։ Եթե այլ ելք չունես, եթե պարտադրված ես ու պետք է հեռանաս, ապա նախընտրելի է թողնել իշխանությունը նրանց, ովքեր հասկանալի են քեզ, քո տեսակից են, քո ճանապարհով են գնալու։

Եվ պայմանական նորերը բոլոր ուղղություններով շարունակեցին պայմանական հների ճանապահը։ Ե՛վ արտաքին ճակատում, ե՛ւ ներքին կյանքում։ Սահմանադրությունը մնաց անփոփոխ։ Պահպանվեց իշխանական նույն բուրգը։ Պառլամենտն ինչպես լցված էր, այնպես էլ շարունակեց լցված մնալ կամակատար-հավատարիմներով։ Ուժային կառույցներն ինչպես ծառայել էին, այնպես էլ շարունակեցին ծառայել գլխավոր իշխանավորին, որը յուրայինների համար անքննելի է ու կասկածից դուրս։

Արցախի հարցում շարունակեցին հին գիծը՝ ձգել որքան հնարավոր է։ 20 տարի շարունակ նախապատրաստվող պատերազմը, որ այս 20 տարիների ընթացքում՝ հակառակորդի համար հարմար ցանկացած օր, կարող էր պայթել, պայթեց 2020-ի սեպտեմբերի 27-ին ու մեզ այս աղետին հանգեցրեց։

Նրանք կարող են իրար չսիրել, կարող են ատել իրար, լինել թշնամիներ, ինչպես որ կան, բայց նրանք, ըստ էության, կան իրարով, փոխլրացնում են իրար։ Նրանց պատկերացումներն աշխարհի ու մարդու մասին, իշխանության, պետության, իշխանավարման մասին նույնական են։ Նրանց մեքենայությունների արդյունք հանդիսացած հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները, որ էլ ավելի բարդացրին մեր վիճակը, հիմնավորում են այս պնդումը։ Նրանք միասին ու իրար լրացնելով գրանցեցին այս արդյունքը...»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուր կայքում.

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վարդան Հարությունյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon