«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Սամվել դպիր Գրիգորյան. Ուղերձ Մայր Եկեղեցու սարկավագներին, կիսասարկավագներին, դպիրներին

Սամվել դպիր Գրիգորյան. Ուղերձ Մայր Եկեղեցու սարկավագներին, կիսասարկավագներին, դպիրներին

ՈՒՂԵՐՁ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՍԱՐԿԱՎԱԳՆԵՐԻՆ, ԿԻՍԱՍԱՐԿԱՎԱԳՆԵՐԻՆ, ԴՊԻՐՆԵՐԻՆ

Սիրելի եղբայրներ,

Մեր Եկեղեցին լուրջ փորձություններով է անցնում: Դուք լինելով Եկեղեցու ներսում դա շատ լավ տեսնում եք: Փառք Աստծո, շատերդ այս օրերին ձեր հավատարմությունը հայտնեցիք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և իր գահակալ Հայրապետին: Մեծ գայթակղություն է նամանավանդ այն եկեղեցիների սուրբ խորանի ծառայողների համար, որտեղ եպիսկոպոսը կամ քահանան պառակտման մեջ են: Հստակ է, որ Վեհափառ Հայրապետի անվան հիշատակության զեղչումը ոչ թե մի պարզ տեխնիկական բացթողում է, այլ պառակտման, հերձվածողության և եկեղեցական իշխանությունից դուրս գալու հստակ նշան: Դա Պատարագը դարձնում է հակականոնական, զուրկ փրկչարար ազդեցությունից, քանի որ Աստծո Շնորհը և առաքելական Շնորհի շխթայական փոխանցելիությունը գործում է միայն նվիրապետական կարգից ներս, այն էլ խոնարհության և  հնազանդության պարագայում, որովհետև այդ շնորհի աղբյուրը հենց Հիսուս Քրիստոսն է, Ում Մարմինն էլ Եկեղեցին է: Երկու Մարմին կամ երկու եկեղեցի չի կարող լինել: Իսկ ինչ պետք է անեք դուք, որպես սուրբ խորանի ծառայողներ նման դեպքերում: Եկեք քննենք.

1.⁠ ⁠Սուրբ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակումը ոչ թե պատվի հարց է, այլ տվյալ պատարագչի՝ Եկեղեցու հետ միության վավերագիրը։ Ըստ եկեղեցական կանոնների՝ այն քահանան, ով դադարում է հիշատակել Կաթողիկոսի կամ Առաջնորդի) անունը, փաստացի ինքն իրեն Եկեղեցուց դուրս է հայտարարում։ Նման պատարագիչը ոչ թէ անձերի, այլ Քրիստոսի մարմնի և Եկեղեցու դեմ ապստամբ է համարվում։

2.⁠ ⁠⁠Եթե եպիսկոպոսի, քահանայի հակականոնական ընթացքը տանում է դեպի մեղք, պառակտում կամ հերձված, Պողոս առաքյալը հրահանգում է չմասնակցել դրան. «Ձեռքերդ շտապով որեւէ մէկի վրայ մի՛ դիր եւ ուրիշների մեղքերին մասնակից մի՛ եղիր, քեզ մաքո՛ւր պահիր» (Ա Տիմ. 5:22): Սա նշանակում է չմասնակցել եպիսկոպոսի/քահանայի ապօրինի գործողություններին։

3.⁠ ⁠Եթե եպիսկոպոսի/քահանայի հրահանգը հակասում է Աստծո պատվիրանին կամ Եկեղեցու սրբությանը, գործում է Պետրոսի և մյուս առաքյալների սկզբունքը. «Պէտք է առաւել Աստծուն հնազանդուել, քան մարդկանց» (Գործք 5:29):  Սա իրավական և բարոյական այն հիմքն է, որը թույլ է տալիս չկատարելու եպիսկոպոսի/քահանայի հակականոնական կամ հակաաստվածային հրամանը, առաջնորդվել Սուրբ Գրքով, Եկեղեցու կանոնով, այլ ոչ թե կույր և անխոհեմ հնազանդությամբ:

4.⁠ ⁠Եթե եպիսկոպոսի/քահանայի հակականոնական ընթացքը վերածվում է վարդապետական շեղման կամ դեպի հերձված տանող պառակտման, առաքյալը հորդորում է հեռանալ նրանից. «Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ո՛ւշ դրէք այնպիսիներին, որ հերձուածներ եւ գայթակղութիւններ են առաջ բերում այն վարդապետութիւնից դուրս, որը դուք սովորել էք. եւ խորշեցէ՛ք նրանցից որովհետեւ այնպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չեն ծառայում, այլ՝ իրենց որովայնին. եւ քաղցրախօսութեամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են անմեղների սրտերը» (Հռոմ. 16:17-18):

5.⁠ ⁠Եթե պատարագիչը հրահանգում է զեղչել Կաթողիկոսի անունը Ս.Պատարագի ժամանակ, չաղոթել նրա համար, ապա դա ուղղակի հակասում է Տեր Հիսուս Քրիստոսի պատգամներին և առաքյալների հորդորներին՝ անդադար, ամեն ժամ աղոթք անել, աղոթել անգամ հալածողների համար (Մատթ. 5:45, Մարկ. 14:38, Ղուկ. 18:1, Հռոմ. 12:12, Ա Թեսաղ. 5:25, Բ Թեսաղ. 3:1, Ա Տիմ. 2:1, Ա Պետր. 4:7, Գ Յովհ. 1:2):

6.⁠ ⁠Եթե պատարագիչը կարգալույծ է կամ ապստամբության մեջ է Մայր Աթոռի դեմ, զեղչում է Եպիսկոպոսապետի՝ Կաթողիկոսի անունը, ապա դպիրները և սարկավագները կարող են չմասնակցել նրա կողմից իրականացվող ծեսերին, այդ թվում Պատարագին, որը նման պարագայում վերածվում է «պատարագանման արարողության»` Աստծո շնորհից և փրկչական ազդեցությունից զուրկ:

7.⁠ ⁠Սարկավագի կամ դպիրի կողմից Վեհափառ Հայրապետի անվան բարձրաձայն հնչեցնելը, երբ կարգի մեջ պատարագիչը գիտակցաբար այն զեղչել է, չի փրկում իրավիճակը։ Պատարագը մեկ ամբողջություն է։ Եթե պատարագիչը կտրված է Եկեղեցուց, ապա սպասավորները չեն կարող այդ գործողությունը սրբացնել։

8.⁠ ⁠Նման դեպքում դպիրները և սարկավագները կարող են իջնել խորանից և չդառնալ հակականոնականության մասնակից։ Սա ամենահզոր վկայությունն է ճշմարտության մասին։ Նրանք պարտավոր չեն լինել «գործիք» մեկի ձեռքում, ով քանդում է Եկեղեցին։

9.⁠ ⁠Եկեղեցական իրավունքի համաձայն՝ այն սպասավորը (սարկավագ կամ դպիր), ով գիտակցաբար ծառայակցում է ապստամբ կամ կարգալույծ քահանային, ավտոմատ կերպով ընկնում է նույն պատժի տակ և զրկվում է իր ձեռնադրության շնորհից։

10.⁠ ⁠Առավել խիստ է Առաքելական կանոնը կարգալույծի՝ իբրև եկեղեցու սպասավորի հետ աղոթակից լինելու դեպքում, ըստ որի, եթե եպիսկոպոսը կամ քահանան կամ սարկավագը աղոթակից լինեն կարգալույծի հետ՝ թող կարգալույծ լինեն։ Եթե հոգևորականներին արգելված է աղոթակից լինել նրանց, ապա հավատավոր ժողովուրդը առավել ևս պետք է խուսափի նրանց «պատարագներից», որպեսզի չդառնա նրանց մեղքի մասնակիցը։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ.

Սիրելի՛ դպիրներ և սարկավագներ, ձեր հավատարմությունը ոչ թե առանձին մարդուն է, այլ Քրիստոսի Եկեղեցուն, մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Եկեղեցու նվիրապետական կարգին։ Հետևաբար, մի՛ մասնակցեք այն «Պատարագներին», որտեղ չի հիշատակվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։ Առավել ևս մի՛ մասնակցեք կարգալույծների «Պատարագներին»: Մի՛ փորձեք «փրկել» «Պատարագը»՝ ինքնակամ անուններ հնչեցնելով, քանի որ այդ «Պատարագն» արդեն իսկ հակականոնական է։

Հիշե՛ք, չի կարելի շեղված եպիսկոպոսին հետևելը համարել ավելի բարձր հնազանդություն քան Պատրիարքին կամ Կաթողիկոսին հնազանդվելը, որոնք իշխանությամբ ավելի բարձր են քան եպիսկոպոսները: Ուրեմն, եթե եպիսկոպոսն ունի վարդապետական շեղումներ եւ մոլորության մեջ է, նրա իշխանության տակ գտնվող ողջ հոգևոր դասը ունի ավելի բարձր եպիսկոպոսապետին՝ Կաթողիկոսին հնազանդվելու պարտականություն: