Պետական իշխանության գործունեության ամենապարզ հիմնադրույթների մասին

Կարևոր 16.10.2021   17:00   3532

1998-2008 թվականների ՀՀ ԱԳ Նախարար Վարդան Օսկանյանը 16.10.2021 թվականին հոդված է հրապարակել և ներկայացրել ԼՂ հիմնախնդրի լուծման ՀՀ բոլոր ղեկավարների ռազմավարությունը: Չափազանց կարևոր է այսպիսի հոդվածների հրապարակումը, քանի որ այդպես լիարժեքորեն բացահայտվում են անկախությունից ի վեր մեր պետությունը ղեկավարած անձանց ռազմավարական մտածողությունը, ԼՂ հիմնախնդրի էության ու հիմնախնդրի լուծման վերաբերյալ նրանց ընկալումներն, վերաբերմունքը և տեսագործնական մոտեցումները:

Ներկայացնելով ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքական և ռազմավարական ծրագիրը՝ պարոն Օսկանյանը մասնավորապես ասում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականությունը խարսխված էր Հայաստանի այդ օրերի առկա եւ տեսանելի համախառն ներուժի սթափ գնահատման վրա՝ զուգորդված իր՝ միջազգային եւ աշխարհաքաղաքական իրադարձությունների նկատմամբ անվերապահ ռեալիզմով»։Այս մեկ նախադասության մեջ բանալիական են «առկա և տեսանելի համախառն ներուժ» և «անվերապահ ռեալիզմ» բառակապակցությունները: 

Հիմա տեսնենք, թե, ըստ Օսկանյանի, ինչ ռազմավարություն է որդեգրել ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանը. «Ռոբերտ Քոչարյանի ղարաբաղյան քաղաքականությունը հիմնված էր ոչ թե Հայաստանի Հանրապետության առկա հնարավորությունների, այլ ապագա հնարավոր ներուժի վրա եւ զուգորդվում էր միջազգային քաղաքականության մեջ նրա խիստ պրագմատիզմով»։ Այո, դուք ճիշտ կարդացիք: Փաստորեն, 2-րդ նախագահը առաջնորդվել է ոչ թե իր պետության ունեցած առկա հնարավորություններով, այլ՝ հնարավոր ներուժով: 

Ըստ Օսկանյանի, որոշակի իներցիոն, որոշակի նախաձեռնող փոփոխություններով, սակայն իր էությամբ գրեթե չտարբերվող ռազմավարությամբ են առաջնորդվել ՀՀ 3-րդ նախագահ Ս. Սարգսյանը և ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը (վերջինիս դեպքում ավելացրել էր նաև զգացմունքային գործոնը):

Սրանից լավ բացատրություն, թե ինչով են առաջնորդվել ՀՀ ղեկավարները, ակնկալել պետք չէր: Պարզապես, մի կարևոր բայց. ռազմավարության այբուբենը ասում է, որ ցանկացած ռազմավարական որոշում պետք է հիմնված լինի հետևյալ բանաձևի վրա. ՆՊԱՏԱԿ, ԵՂԱՆԱԿ, ՌԵՍՈՒՐՍ: Եթե սահմանվում է նպատակը, սակայն ռեսուրսներդ չեն բավականացնում նպատակիդ իրագործմանը, ապա հարկ  է փոխել նպատակդ: Իսկ, եթե նպատակը և ռեսուրսները համապատասխանում են, սակայն «գործը գլուխ չի գալիս», ապա պետք է փոխել եղանակները: Հուսով եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի իրական ռեսուրսների մասին տարակարծություններ մեզանում չկան:

Իսկ կասե՞ք, թե ուրիշ ի՞նչ պետք է աներ պետության ղեկավարը, նույն է թե՝ ռազմավարը, այս դեպքում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե ոչ պետության քաղաքական նպատակները (այս դեպքում՝ ԼՂ հիմնախնդրի լուծման ռազմավարությունը) իր պետության ունեցած իրական և տեսանելի ռեսուրսներին համապատասխանեցնելու և դրանցով առաջնորդված քաղաքականություն վարելու գործը:

Սա մի ցայտուն օրինակ է, թե մեր պետության ղեկավարներից ովքեր են պետության կառավարման, պետական քաղաքականության և ռազմավարության մշակման ու իրականացման գործում առաջնորդվել գիտական հիմնավոր մոտեցումներով: Անհերքելի է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, իր գործունեության առանցքային ուղղություններում գերազանցապես առաջնորդվել է գիտական-ակադեմիական տեսական ու գործնական, մեթոդաբանական հիմնադրույթներով, որոնք մշակվել են համաշխարհային հռչակ ունեցող գիտակրթական կենտրոններում կամ առանձին անհատների կողմից: 

Այդ մասին, մեզ առերևույթ հայտարարել էր ՀՀ առաջին նախագահը իր հրաժարականի տեքստում, սակայն շատերը տարիներ շարունակ այն դիտարկել են որպես գեղեցիկ գրված տեքստ: Ահավասիկ. «Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ»։

Իրենց գործունեության ժամանակ գիտական մոտեցումները մերժող կամ այն արհամարող ղեկավարները, լավագույն դեպքում, իշխանությունը կարճ ժամանակ անց կորցնում են, իսկ պատմությանը հայտնի առավել հաճախ հանդիպող դեպքերում՝ իրենց պետությունը և ժողովրդին կանգնեցնում անխուսափելի աղետի առջև
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վարդան Օսկանյան, Լևոն Տեր-Պետրոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon