Վերջին վհատվողը (տեսանյութ)

Մարտի 1 20.03.2021   15:10   443

2008 թվականի հանրահավաքներից մեկի ժամանակ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ վերջինն է լքելու Ազատության հրապարակը և այս լուսանկարը հրապարակը վերջինը լքելու վկայությունն է

«Առավոտյան ժամը վեցին ինձ արթնացրին, ես մեքենայի մեջ քնած էի: Ասացին, որ շարժ կա` Փարաքարից և Դավիթաշենից` ներքին զորքերի և հատուկ զորամասերի, առանց տեխնիկայի` ոչ ջրցան մեքենաներ, ոչ զրահապատ մեքենաներ: Հիմնականում մարդատար մեքենաներով, որոնց ետևից, սա ասում եմ, ինչ որ հաղորդել են, բեռնատար մեքենաներով զինվորներ: Վեցին ինձ արթնացրին, ես դուրս եկա հրապարակ, մարդկանց հետ զրուցեցի: Չէինք կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ, որովհետև նման ահազանգեր մենք ամեն գիշեր ստանում էինք: Հանգիստ էինք, բայց բոլոր դեպքերում միացրինք միկրոֆոնները: Շատ արագ եկան, 6:30-6:40-ին երևացին, նախ շրջակա փողոցներում պտտվեցին, հետո միանգամից հայտնվեցին հրապարակում:

Ես միկրաֆոնից մեր ժողովրդին ասացի հետևյալը` ես խնդրում եմ հանդարտություն, հանգստություն, ոչ մի ընդվզում, ոչ մի բողոք, ոչ մի գոչյուն, և ասացի` տեսնենք, թե ոստիկանությունը մեզանից ինչ է ուզում: Ասացի` ոչ մի շփում ոստիկանության հետ: Սա եղել է իմ վերջին խոսքը: Ոստիկանական շարքերը շարժվեցին առաջ և սկսեցին մահակներով ուղղակի ջարդել այդ ժողովրդին:

Երկու բան եմ տեսել` մահակներ և էլեկտրաշոկի կայծեր: Ոչ մի զգուշացում չի եղել, ոչ մի ժամանակ չի տրվել, իմ ելույթի վերջին խոսքի վրա տեղի է ունեցել այդ հարձակումը: Տասը-տասնհինգ վայրկյան հետո իմ թևերը ոլորել-իջեցրել են հարթակից: Մի քանի վայրկյան հետո հարթակում հայտնվեցին նախագահի պահպանության ծառայության սպաները Գրիշա Սարկիսովի գլխավորությամբ: Անմիջապես ինձ շրջապատեցին: Իմ թիկնապահները ինձ պաշտպանում էին, հինգ օրինական թիկնապահներ, որոնք այդ նույն ծառայության բաժանմունքն են, նրանք ենթարկվում են Սարկիսովին: Իմ տղաները ինձ պաշտպանեցին: Բայց նրանք շատ էին և ավելի հաղթանդամ, իմ տղաներին մի կողմ մեկուսացրին, իմ մի թևը մտավ ոլորելով Սարկիսովը, մյուս թևս` մեկ ուրիշը, և ինձ իջեցրին հարթակից:

Փորձեցին ինձ դուրս հրավիրել հրապարակից: Իմ տղաները ինձ կրկին շրջապատեցին, ես ասացի` հրապարակից դուրս չեմ գա, ինձ ձերբակալեք, ես հրապարակից դուրս կգամ ձեռնակապերով կամ ձեռքերս ոլորելով: Ասացի` դիմեք Աղվան Հովսեփյանին, թող սանկցիա տա, եթե սա համարում եք անօրինական հավաք, ապա այդ անօրինական հավաքը ես եմ կազմակերպել, ուրիշ պատասխանատու չկա, և միայն այս պայմանով դուրս կգամ հրապարակից: Այդ գործողությունը շատ կարճ տրեց, մի տասը-տասնհինգ րոպե, հրապարակը մաքուր էր: Հրապարակում մարդ չկար, ամբողջությամբ լցված էր ոստիկաններով, բացի այս ոստիկանները, որոնք գործողությունն էին իրականացրել, հրապարակը կլոր շրջափակված էր այլ ոստիկաններով, մի քանի շարքով: Հետո ես նկատեցի Թումանյաի վրա, փողոցների վրա էլ այդպիսի շարք կար: Սկսեցին ավերել հարթակի դինամիկները, բոլոր վրանները կործանեցին, անմիջապես սկսեցին ինչ-որ բաներ փնտրել: Ես տեսա, որ իրենք էին այդ ձողերը լցնում, իրենք օպերատորներ ունեին, նկարում էին: Հրապարակ մտնելիս ես գնդապետների, փոխգնդապետների ձեռքին ես տեսա այդ բաները:

Ես այնտեղ մնացի մինչև 8:35 երևի, ես երկու ժամ նստեցի, ջուր խմեցի, ծխեցի հանգիստ, ինձ այլևս ոչ ոք չմոտեցավ, իրենք իրենց գործերով էին զբաղված, անցավ ևս որոշ ժամանակ, ինձ նորից Սարկիսովը մոտեցավ, ասաց` պետք է գնաք այստեղից, ասացի, նույն պայմանով, ուրիշ ոչ մի պայմանով ես այստեղից չեմ գնա, մի քանի անգամ էլ գնաց-եկավ, գուցե խորհրդակցում էր վերևների հետ, եկան իմ թիկնապահներին շարքով մի կողմ դրեցին, ես մնացի մենակ, նոր ոստիկանական մեքենա էին բերել, ինձ հրավիրեց մեքենա, ես ասացի` չեմ նստի, ասացի` խնդրեմ, ձեռքերս ոլորի տար, այդպես էլ արեց: Նստեցրեց, հասցրին տուն: Դարպասների մոտ ինձ իջեցրին: Հետո պարզվեց, որ փակել են իմ երկու դարպասները, երբ որ դա իմացա, ես իմ թիկնազորի պետին ուղարկեցի` պարզելու, թե ինչ կարգավիճակով եմ ես այստեղ, արդյոք տնային կալանք է, թե` ոչ, ասացին`ոչ, այդպիսի սանկցիա չկա, հրաման չկա, բայց իրենց ասել են, որ ես իրավունք չունեմ տնից դուրս գալու: Երկրորդ, ոչ ոք իրավունք չունի իմ տուն գալու»:

Ամբողջական՝ տեսանյությում
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Տեր-Պետրոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon