«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

1996 թթ. նախագահական ընտրությունները փաստերով եւ փաստաթղթերով

1996 թթ. նախագահական ընտրությունները փաստերով եւ փաստաթղթերով

Տարբեր առիթներով բազմիցս է շահարկվել 1996 թվականի նախագահական ընտրությունների թեման։ Տարածված պատկերացում կա, թե հենց այս հարցն է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հայ ազգային կոնգրեսի «աքիլլեսյան գարշապարը»։ Այդ պատկերացումն էլ առաջացել է մասնավորապես 1998 թվականից հետո լրատվական քարոզչական դաշտում լիակատար մենաշնորհ հաստատած իշխանության պատվերով ու ջանքերով, հետեւողական քարոզչությամբ։

Ստորեւ՝ 1996 թ. ընտրությունների այն պատկերը , որ ներկայացնում են ժամանակի հավաստի պատմական աղբյուրները, եւ անվիճելի փաստերը՝ նկատի ունենալով ողջ ընտրական գործընթացը՝ ներառյալ նախընտրական եւ ետընտրական իրադարձություններն ու իրողությունները։

 1.   Նախընտրական փուլը

1996 թվականի նախընտրական շրջանում իշխանության կողմից ընդդիմությանը խոչընդոտելու որեւէ փաստի արձանագրում այդ շրջանի մամուլում չկա։ Ընդհակառակը, Վ. Մանուկյանի ղեկավարած կուսակցության «Այժմ» թերթի՝ նախընտրական ամիսների համարներում գոհունակությամբ արձանագրվում է, որ իշխանությունները «ընդառաջում են շրջաններում ընտրողների հետ հանդիպումների կազմակերպման բոլոր հարցերում։ ԿԸՀ-ն նույնպես առայժմ պատշաճ է աշխատում» («Այժմ», 1-13.08.1996)։

Շատ ավելի խոսուն է իր՝ Վ. Մանուկյանի վկայությունը. «Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իր շրջապատը եւ Բաբկեն Արարաքցյանը, որը շտաբի ղեկավարն էր, այնքան համոզված էին, որ այլընտրանք չկա, ինչքան էլ Լեւոնից դժգոհ լինի ժողովուրդը, միեւնույն է՝ գնալու է Լեւոն Տեր-Պետրոսյանին ընտրի, որ իրենք տվեցին բոլոր հնարավորությունները, եւ մենք այդ հնարավորությունները օգտագործեցինք, այսինքն՝ բավականին հավասարաչափ տրվում էր հեռուստացույցով հաղորդումները, հնարավորություն կար դահլիճներ վերցնել, հանրահավաքներ անել շրջաններում, եւ ես կարծում եմ լավ օգտվեցինք մենք դրանից»։

Եթե մի կողմ դնենք այս խոսքի սկզբում տրվող էժանագին բացատրությունը, սա փայլուն վկայություն է նախըտրական շրջանում ընդդիմության՝ լիակատար քարոզչական հավասարություն ունենալու մասին, մի բան, որ այլեւս չունեցավ հետագա որեւէ ընտրությունում որեւէ ընդդիմություն, որեւէ իշխանության պայմաններում։

1996-ին գործող օրենքով նախընտրական ողջ պրոցեսում ընտրությունների հետ կապված օրինախախտման, խոչընդոտների հարուցման որեւէ հարցով կարելի էր դիմել ընդհանուր իրավասության դատարաններ, իսկ ԿԸՀ-ի գործողություններին վերաբերող հարցերում բողոքները՝ ՀՀ Գերագույն դատարան։ Գերագույն դատարանի նախագահ Տարիել Բարսեղյանի պաշտոնական հայտարարությամբ՝ «Ընդդիմությունը Գերագույն դատարան չի դիմել ոչ մի հարցով» (տե՛ս «Հայաստանի Հանրապետություն», 03.10.1996)։ Գերագույն դատարանի և ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական տեղեկանքի համաձայն՝ ողջ նախընտրական շրջանում «նախագահական ընտրությունների վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարաններում եւս դիմումներ չեն եղել» (տե՛ս Նազարյան Վ., Ի՞նչ կատարվեց Սահմանադրական դատարանում 1996 թ. նոյեմբերի 13-22-ին, փաստաթղթերի ժողովածու, Երեւան, 1996, էջ 110:)

Առիթն օգտագործելով, իմիջիայլոց, ասենք հետեւյալը։

Նկատի ունենալով այն փաստը, որ առաջին՝ 1991-ի նախագահական ընտրությունների քարոզարշավին Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդհանրապես չի մասնակցել՝ սահմանափակվելով միայն մեկ ելույթով եւ մի ամբողջ ամիս հրապարակը ամբողջությամբ թողնելով իր մրցակիցներին, պատմության համար կարելի է արձանագրել հետեւյալ իրողությունը. Առաջին նախագահի իշխանության շրջանում անցկացված նախագահական երկու ընտրությունների նախընտրական քարոզչության փուլերում ընդդիմադիր թեկնածուներն ունեցել են ընտրապայքարի բացառիկ, անմնացորդ ազատ հնարավորություն, եւ, այս հարցում, նախագահական հետագա բոլոր ընտրությունները դրանց հակապատկերն են։

 2.   Քվեարկությունը եւ հետընտրական հանրահավաքները

1996 թվականի ընտրության քվեարկության օրը՝ սեպտեմբերի 22-ին, եւ հաջորդ երեք օրերի հանրահավաքներում է միայն խոսվել «բազմաթիվ ընտրախախտումների» մասին։ Գործող Ընտրական օրենսգրքով՝ ընտրությունների հետ կապված որեւէ օրինախախտման դեպքում պետք էր դիմել դատարաններ, վերահաշվարկի համար՝ վերադաս ընտրական հանձնաժողովներ։ Ինչպես ասվեց, ըստ Գերագույն դատարանի եւ արդարադատության նախարարության պաշտոնական հավաստման՝ ո՛չ առաջին ատյանի դատարանները, ո՛չ Գերագույն դատարանը որեւէ դիմում, գանգատ չէին ստացել։ Նման դիմումներ չէին ստացել նաեւ վերադաս ընտրական հանձնաժողովները ստորադաս ընտրական հանձնաժողովների աշխատանքի մասին։

Հետընտրական երեքօրյա հանրահավաքների օրերին եւս իշխանության կողմից որեւէ կարգի խոչընդոտ հարուցելու դեպք չի հիշատակվում։ Հանրահավաքներում որպես միակ պահանջ ներկայացվում էր, թե, իբր, ԿԸՀ-ն թույլ չի տալիս տեղամասերում ստուգումներ կատարել.

«Ընդդիմությունը ներկայացնում է շատ պարզ ու հստակ պահանջ՝ յուրաքանչյուր մարզից բերված քվեատուփերից ստուգման ենթարկել ընդամենը երեքը, իսկ ԿԸՀ-ն փորձում էր ձգձգել պատասխանը՝ մինչեւ արդյունքների վերջնական հրապարակումը» («Այժմ», 4-10.10.1996)։ Այսինքն՝ խոսքն ընդամենը 30 տեղամասում վերահաշվարկ կատարելու մասին էր։ Հենց այս պահանջ-կարգախոսով էլ ցուցարարներին գրոհի տարան ԱԺ-ի վրա։

Դա կեղծիք էր, խաբեություն, թե իրենց այդ հնարավորությունը չի տրվում։ Նույն կեղծիքը Վ. Մանուկյանը կրկնել է միշտ եւ դեռ հիմա էլ կրկնում է.

«Մարդիկ երեւի նույնիսկ մոռացել են, թե մենք այդ ժամանակ ինչի համար մտանք Ազգային ժողով: Մենք առաջարկում էինք հետեւյալը. քանի որ ժողովրդի մեջ խիստ կասկածներ կան, որ ընտրությունները կեղծվել են, յուրաքանչյուր մարզից երեքական քվեատուփ բացել եւ համատեղ ստուգել: Եթե պարզվի, որ կեղծված են, էլի չենք ասի, որ մենք հաղթել ենք, այլ՝ կգնանք երկրորդ փուլի: Այսինքն՝ չնայած ներքուստ համոզված էինք, եւ բոլոր տվյալները ցույց էին տալիս, որ հաղթել ենք, բայց մեր պայքարը նրա համար չէր, որ ես գնամ նախագահի դղյակում նստեմ: Խոսքը, կրկնեմ, մի քանի քվեատուփ ստուգելու մասին էր, որի արդյունքներով պետք է պարզվեր՝ կա՛մ ես պարտվել եմ, կա՛մ գնում ենք երկրորդ փուլի: Փաստորեն, իրենք դա չուզեցին: Ուստի՝ ասել, թե ես ինձ ընտրված նախագահ էի համարում, ճիշտ չի լինի» («Հայաստանի Հանրապետություն», 14.02.2018):

Ինչպես ասացինք՝ Վ. Մանուկյանի վստահված անձինք սահմանված ժամկետում վերահաշվարկի համապատասխան դիմումներ չէին ներկայացրել վերադաս ընտրական հանձնաժողովներին, այսինքն՝ չկար օրենքով սահմանված այն հիմքը, որով վերահաշվարկ կարելի էր իրականացնել։ Այդ մասին են վկայում.

  1. ԿԸՀ նախագահ Խ. Բեզիրջյանը (տե՛ս «Հայատանի Հանրապետություն», 02.10.1996),
  2. Սահմանադրական դատարանը (տե՛ս),
  3. Հենց ԱԺՄ-ի կողմից ԿԸՀ-ի անդամ Վ. Հախվերդյանը (տե՛ս «Ազգ», 02.10.1996)։

Դրանով հանդերձ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հօգուտ Վ. Մանուկյանի խախտելով օրենքը (զանց առնելով օրենքով սահմանդած ժամկետում դիմումների բացակայության փաստը), ընձեռեց ոչ թե յուրաքանչյուր մարզից երեքական քվեատուփ բացելու, այլ ցանկացած տեղամասում ստուգումներ կատարելու եւ այդ ստուգումներին իրենց ուզած մարդկանց մասնակից դարձնելու հնարավորություն։ Այդ մասին Վ. Մանուկյանին հայտնվել էր երեք անգամ՝ սեպտեմբերի 24-ին, սեպտեմբերի 25-ի առավոտյան եւ նույն օրը երեկոյան՝ մինչեւ ԱԺ գրոհելը (տե՛ս «Հայաստանի Հանրապետություն», 01.10.1996 եւ 02.10.1996)։ Բայց ոչինչ չօգնեց, իսկ այս ինֆորմացիան հանրահավաքի մասնակիցներից խնամքով թաքցվեց։

Եւ այսպես, առաջանում են հարցեր.

  1. Եթե Վ. Մանուկյանն ու իր ղեկավարած ընդդիմությունը այդպես համոզված էին, թե ձայները հաշվարկելիս լայնամասշտաբ կեղծիքներ են կատարվել, եւ ընդամենը պահանջում էին մի քանի տեղամասերում վերահաշվարկ կատարել, ապա ինչո՞ւ ժամանակին ՀԱՄԱՌՈՐԵՆ ՉՕԳՏՎԵՑԻՆ այդ բանն անելու՝ վերահաշվարկ պահանջելու՝ օրենքով ընձեռված հնարավորությունից։ Մի՞թե Վ. Մանուկյանի չորս հազարից ավելի վստահված անձանցից եւ հանձնաժողովների անդամներից ոչ մեկն այնքան գրագետ չգտնվեց, որ ժամանակին վերահաշվարկի դիմում ներկայացներ վերադաս ընտրական հանձնաժողով։
  2. Ինչո՞ւ քվեարկության օրը կատարված օրինախախտումների հետ կապված ՈՉ ՄԻ ԲՈՂՈՔ, ԳԱՆԳԱՏ չի ներկայացվել առաջին ատյանի դատարաններ։
  3. Եթե իրոք ընդդիմության միակ պահանջը յուրաքանչյուր մարզից 3-ական ընտրական տեղամասի արդյունքների ստուգումն էր (ինչը համառորեն մինչեւ վերջ կրկնվում էր հանրահավաքում), ինչո՞ւ Վ. Մանուկյանը հանրահավաքից ԹԱՔՑՐԵՑ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ հնարավորությունը, եւ շատ ավելին՝ ընձեռել է։

Այս հարցերի տրամաբանական պատասխանը, կարծես թե, մեկն է. վերահաշվարկի որեւէ դիմում վերադաս հանձնաժողովներ կամ այլ ընտրախախտումների համար գանգատներ դատարան այդպես համատարած չներկայացնելը չէր կարող լինել մարդկանց թափթփվածության ու անգրագիտության հետեւանք։ Վ. Մանուկյանի վստահված անձինք եւ ընտրական հանձնաժողովների անդամները այդպես կարող էին վարվել միմիայն մի դեպքում՝ Վ. Մանուկյանից (նրա շտաբից) ստացված խիստ ցուցումով, հրահանգով։

Ի՞նչ նպատակով կարող էր նման ցուցում տրվել։

Հարցին պատասխանելուն օգնում են 1996 թ. սեպտեմբերի 25-ի հանրահավաքում, ԱԺ-ն գրոհելուց առաջ, Վ. Մանուկյանի եւ մյուսների կոչերը.

Արշակ Սադոյան. «Մենք հիմա գտնում ենք մի բան՝ ուժին պետք է ուժ ցուցադրել... Այսօր, ցավոք սրտի, օրենքն է աղճատված եւ վերահսկողության համակարգ չկա։ Մենք պետք է հիմա անենք երկրորդ քայլը, չգրված օրենքով, բարոյական նորմերով։ Պետք է պատժենք այդ մարդկանց, որ այդ մարդիկ զգան, որ իրենք օտար են։ Նրանք բարոյական օրենքներից դուրս են, օրենքից դուրս են, մեր օրենքից դուրս են։ Եւ նրանց հետ ամեն ձեւի վարվելակերպը ճիշտ է» («Հայաստանի Հանրապետություն», 23.10.1996)։

Վազգեն Մանուկյան. «Կան շատ ոգեւորված մարդիկ, նամանավանդ կան եւ զինված մարդիկ, որոնք առաջարկում... մենք կամ օրենքով առաջնորդվում ենք, բայց այն դեպքում, երբ օրենքն իրենք են խախտում, մենք էլ ենք խախտում այդ դեպքում։ Կամ էլ լրիվ անօրինական բաների ենք գնում, դրա համար ընտրություն պետք չէր անել։ Նախագահական պալատի գրավումը, օրինակ, իմ կարծիքով սխալ է։ Նախ եւ առաջ, օրենքով նույնիսկ եթե հայտարարվի, որ ինչ-որ մեկն է այս ընտրություններում ընտրվել նախագահ, հիսուն օր անցյալ նախագահը նախագահ է։ Էդ տեղ ժողովրդի կոտրվելը կարող է կոտրվի մինչեւ վերջ...»։  («Հայաստանի Հանրապետություն», 23.10.1996)։

Վազգեն Մանուկյան. «Մենք գնում ենք այնտեղ (ԿԸՀ, որը գտնվում էր Ազգային ժողովի շենքում, - Ա.Ս).), եթե չթողնեն ներս, մտնում ենք ժողովրդով, եթե թողնում են՝ մտնում ենք ես եւ մեր ներկայացուցիչներից մի քանիսը։ Կամ Բեզիրջյան Խաչիկը (ԿԸՀ նախագահը,- Ա.Ս.) դուրս է գալու եւ ժողովրդի առաջ պատասխան տա, կամ նրանք կհամաձայնեն մեր այն պահանջի հետ, որ ամեն մարզից երեքական քվեատուփի քվեաթերթիկները կբացվի, կնայվի։ Մենք այնտեղ կմնանք 20-30 րոպե։ Եթե 30 րոպեից դուրս չգանք, եկեք մեր ետեւից» («Այժմ», 4-10.10.1996)։

Դավիթ Վարդանյան. «Մեր պատվիրակությունը, Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, այժմ գտնվում է ներսում։ Ըստ մեր պայմանավորվածության, եթե մինչեւ 7 անց 15 Վազգեն Մանուկյանը դուրս չգա այս շենքից, ապա մենք համարում ենք, որ նա ձերբակալված է, եւ ձեռք ենք առնում համապատասխան միջոցներ։ 7 անց 15 ես կվերցնեմ բարձրախոսը եւ կտամ այդ ազդանշանը» («Հայաստանի Հանրապետություն», 23.10.1996):

Մարդկային բանականության բռնադատություն կամ բռնաբարություն կլինի ասել, թե այս ամենն այլ բան է, քան իշխանության մարմինների շենքերը գրոհելու, ընդհուպ՝ ֆիզիկական հաշվեհարդարի բացահայտ կոչ եւ պետական հեղաշրջման չքողարկված ծրագիր։ Ընդ որում, Վ. Մանուկյանի չավարտված խոսքում դրան մասնակից են նաեւ «զինված մարդիկ»։

Մինչդեռ նման ելույթներ չէին կարող հնչել, եւ ցուցարարներին հնարավոր չէր լինի տանել ԱԺ շենքը գրոհելու, եթե՝

Ա) ընտրական տեղամասերում օրենքով սահմանված ժամկետներում տրված դիմումներ լինեին, եւ դրանց հիման վրա վերահաշվարկների գործընթաց լիներ, առավել եւս՝ եթե այդ ստուգումները ցանկալի արդյունք չտային (ինչպես հետագայում, Սահմանադրական դատարանում դա պարզվեց Վ. Մանուկյանի մատնացույց արած բոլոր տեղամասերի վերահաշվարկից)։

Բ) Հանրահավաքի մասնակիցներին խաբած չլինեին, թե ԿԸՀ-ն յուրաքանչյուր մարզից անգամ երեքական ընտրական տեղամասերում ստուգման հնարավորություն չի ընձեռում։

Ահա թե ինչու ժամանակին վերահաշվարկի ոչ մի դիմում չէր ներկայացվել, ոչ մի գանգատ ու բողոք դատարանները չէին ստացել։ Եթե նման դիմում-բողոքներ գրված լինեին, հաջորդ օրերին Վ. Մանուկյանի «թիմի» ամենաակտիվ մասը (առնվազն 4000 հոգի, որ վստահված անձ կամ հանձնաժողովի անդամ էին) պետք է զբաղված լինեին վերահաշվարկներով եւ չկարողանային մասնակցել հանրահավաքներին ու ԱԺ գրոհին։

Ահա թե ինչու հանրահավաքի մասնակիցներից գաղտնի էր պահվել ցանկացած տեղամասում, ցանկացած մարդկանց մասնակցությամբ ստուգումներ կատարելու՝ ԿԸՀ-ի կողմից տրված հնարավորությունը

Այսինքն՝ ի սկզբանե Վ. Մանուկյանի համար հիմնականը եղել է իշխանությունը գրոհով, ուժով, բռնության գործադրմամբ վերցնելու, այլ խոսքով՝ պետական հեղաշրջման ծրագիրը, եւ նրա բոլոր գործողություններն ու հանձնարարությունները, նաեւ բուն քվեարկության օրը, ուղղված են եղել այդ ծրագրի սպասարկմանը եւ իրականացմանը։

Արդեն իսկ բերված փաստաթղթերով ու փաստերով հիմնավորվող այս թեզի օգտին են խոսում նաեւ հետեւյալ իրողությունները.

Ուժային հեղաշրջման ավանտյուրայից հետո Վ. Մանուկյանը հոկտեմբերի 7-ին դիմեց Սահմանադրական դատարան՝ առանց իր հայցը հիմնավորող որեւէ փաստաթղթի (ինչը նախատեսում էր օրենքը)։ Սահմանադրական դատարանը, բնականաբար, չընդունեց հայցը միայն մի դատարկ դիմումով, առանց դրա տակ դրված պահանջվող փաստաթղթերի (տե՛ս «Հայք» 08.10.1996)։

Հոկտեմբերի 24-ին նա երկրորդ անգամ դիմեց Սահմանադրական դատարան՝ հայցի ընդունման համար հետին թվով հապշտապ կազմված փաստաթղթերով՝ շուրջ 300 միավոր (տե՛ս «Հայք», 25.10.1996)։  Պակասող փաստաթղթերը, օգնության կարգով, Սահմանադրական դատարանն ինքը ձեռք բերեց ԿԸՀ-ից։ Սակայն Վ. Մանուկյանի՝ Սահմանադրական դատարան ներկայացրած փաստաթղթերի միայն 14%-ը ինչ-որ կերպ կարող էր քննարկման առարկա դառնալ ընտրությունների արդյունքների վիճարկման տեսակետից, մնացածը, որպես ընտրությունների արդյունքների վիճարկման հիմք, իրավաբանական արժեք չունեին։

Սահմանադրական դատարանի որոշումից հետո էլ Վ. Մանուկյանը դեռ ապստամբության կոչ էր անում՝ որպես դրա «իրավական հիմք» վկայակոչելով ոչ այլ ինչ, քան....ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը (տե՛ս «Հայք», 23.11.1996)։

***

Ի սկզբանե պետական հեղաշրջմամբ իշխանության հասնելու հանցավոր ծրագիր ունենալու օգտին է խոսում Վ. Մանուկյանի ձեռագրով ընդարձակ մի փաստաթուղթ, որ 1996 թ. սեպտեմբերի 25-ի ավանտյուրայից հետո հայտնաբերվեց ԱԺՄ գրասենյակում կատարված խուզարկությամբ։ Ընդարձակ այդ փաստաթուղթը իշխանության գալու մեթոդների ու միջոցների մի «ծրագիր» էր, որում, ի թիվս տասնյակ ապօրինի եւ ամոթալի միջոցների, ընդհուպ խոսվում էր Ադրբեջանին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման հրահրելու հանցավոր քայլի մասին. «Կարելի է նաեւ աշխատանք տանել Ադրբեջանին նախահարձակ դարձնելու Արցախի ու Հայաստանի սահմանային ճակատներում»։ 1996 թվականից հետո այս փաստաթղթից մի քանի անգամ հատվածներ կամ վերլուծություններ հրապարակվեցին (վերջինը՝ «Հայկական ժամանակ», 15.12.2007)։ Ամեն անգամ Վ. Մանուկյանը սպառնում էր դատի տալ համապատասխան լրատվամիջոցին՝ այդ փաստաթուղթն իրեն վերագրելու համար, բայց այդպես էլ դա չարեց։ Վերջում բավարարվեց նրանով, որ թերթերից մեկում հրապարակված ձեռագրի մի հատվածի լուսապատճենը ներկայացրեց փորձաքննության՝ հայտարերելով, որ փորձաքննությունը ժխտել է ձեռագրի՝ իրենը լինելը։ Սակայն հայտնի է, որ ձեռագրական փորձաքննությունները կարող են արվել միայն բնօրինակի վրա, այնպես որ այդ փորձաքննության արդյունքները չեն կարող վավերական լինել եւ իրավաբանական ուժ ունենալ։ Այն, ինչ արեց Վ. Մանուկյանը 1996-ի սեպտեմբերի 25-ին, լիովին տեղավորվում է այս «ծրագրի» տրամաբանության մեջ։

3.   1996-ի սեպտեմբերի 25-ի իրադարձությունները

1996 թվականի սեպտեմբերի 25-ին Վազգեն Մանուկյանի հրահանգով, նրա մերձավոր շրջապատի գլխավորությամբ, խաբված ցուցարարները, տապալելով երկաթյա դարպասը եւ ցանկապատը, հաղթահարելով շենքը պաշտպանող մի քանի տասնյակ անզեն ոստիկանների դիմադրությունը՝ ներխուժեցին ԱԺ շենք։ Շենք մտնելուց, ջարդարարությունից, ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին եւ նրա տեղակալ Արա Սահակյանին դաժան ծեծի ենթարկելուց, առեւանգելուց եւ անհայտ ուղղությամբ տանելուց հետո միայն իշխանությունն ստիպված եղավ միջամտել.

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Այն պահին, երբ ժողովուրդը բարձրացավ ճաղերի վրա եւ ներխուժեց ԱԺ շենք, Սերժը, որպես անվտանգության պատասխանատու, մոտեցավ ինձ (մի քսան մարդ կար) եւ ասաց` պետք է կրակել: Ասացի` ոչ մի դեպքում, սպասեք: Բայց երբ հայտնի դարձավ, որ ներխուժողները առեւանգել եւ լինչի դատաստանի են ենթարկել ԱԺ նախագահին եւ փոխնախագահին, Սերժ Սարգսյանը նորից կրկնեց` պետք է կրակել: Ես մի պահ մտածեցի եւ ասացի` միայն օդ: Օդ կրակեցին, եւ 10 րոպե հետո ամբողջ ժողովուրդը ցրվեց, մենք կարողացանք այդ առեւանգվածներին փրկել։ Այդ իրադարձությունների ընթացքում ոչ մի մարդ հրազենային վնասվածք չի ստացել, չկա այդպիսի փաստ, գոյություն չունի» (Հանրահավաքային ելույթից, 03.10.2011):

Հանրապետության նախագահը, առաջնորդվելով  ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետով, ուղերձով դիմեց ժողովրդին.

  «...Մենք այս գործողությունների ընթացքում պահպանեցինք մեր սառնասրտությունը մինչեւ վերջին վայրկյանը, երբ գազազած ամբոխը հայտնի հրահրիչների գլխավորությամբ տապալեց խորհրդարանի ցանկապատը, խուժեց խորհրդարանի շենք, առեւանգեց եւ անհայտ ուղղությամբ տարավ խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանին եւ փոխնախագահ Արա Սահակյանին։ Միայն այդ բանից հետո մեր իրավապահ մարմինները ստիպված էին նախազգուշական օդային կրակ բացել, եւ դա փրկեց իրադրությունը շատ ավելի ծանր հետեւանքներից.... Այժմ, օգտվում եմ իրավասությունից, որ ինձ տրված է ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետով, որի բովանդակությունը հետեւյալն է. «Հանրապետության նախագահը, սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին։ Այս ելույթն իմ ուղերձն է» («Հայաստանի Հանրապետություն» 26.09.1996)։

Եւ հրապարակեց հետեւյալ հրամանագիրը.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետով, ըստ որի՝ Հանրապետության նախագահը, նկատի ունենալով սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ, որոշում եմ.

1.Հանրապետությունում ժամանակավորապես արգելել հանրահավաքների, երթերի եւ ցույցերի կազմակերպումն ու անցկացումը։

2. Անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից թելադրվող այլ օրինական միջոցառումներ՝ նախապես տեղեկացնելով դրանց մասին»։

Հրամանագրում նշված միջոցառումների շրջանակներում էր նաեւ Երեւանի կենտրոնական փողոցներում մի քանի միավոր ռազմական տեխնիկա տեղակայելը, որոնք փողոցներում կանգնած մնացին ընդամենը չորս օր, իսկ հրամանագիրն ուժը կորցրած ճանաչվեց հոկտեմբերի 10-ին («Հայք», 11.10.1996))։ Այստեղ միանգամից նշենք, որ գործող՝ 1995թ. Սահմանադրության որեւէ հոդված նման դեպքերում ձեռնարկելիք միջոցառումների համար զինված ուժերի օգտագործման արգելք չէր սահմանում։ Այդ արգելքը Սահմանադրություն մտավ 2005 թվականին կատարված փոփոխություններով։

Շատ լավ հասկանալով, որ կատարվածը ծանրագույն հանցագործություն է, եւ քաջություն չունենալով իրենց իսկ կողմից կազմակերպված հեղաշրջման փորձի պատասխանատվությունը ստանձնել, Վ. Մանուկյանը եւ նրա գործակիցները (Արշակ Սադոյան, Դավիթ Վարդանյան եւ այլն), քաղաքական գործչին ոչ վայել ցածրակարգ ձեւերով փորձեցին չքմեղանալ՝ պատասխանատվությունը դնելով, մի կողմից՝ «էքստազի» մեջ ընկած ցուցարարների, մյուս կողմից՝ ԱԺ շենքը «դիտավորությամբ լավ չպաշտպանած» իշխանության վրա.

 «Համբերության սահմանը հատած եւ էքստազի մեջ ընկած մարդիկ չէին ենթարկվում իրերի տրամաբանությանը» («Առավոտ», 03.10.1996)։

«Ժողովուրդը ներխուժեց ԿԸՀ տարածք, տեղի ունեցան որոշ անկառավարելի արարքներ» («Այժմ», 04-10.10.1996)։

«Ժողովուրդը բորբոքված էր եւ շատ դեպքերում անկառավարելի» («Մոլորակ», 16.10.1996):

 «Ես ակնկալում էի, որ անվտանգության բավարար միջոցներ կձեռնարկվեն ոստիկանական ուժերի կողմից, որպեսզի տաքարյուն մարդիկ չկարողանան մուտք գործել դարպասից ներս» (Վազգեն Մանուկյան. էջ 362)։ Չխորշելով ողորմելի անհեթեթությունից՝ նա անգամ ԱԺ նախագահին մեղադրեց ժողովրդի հետ խոսելու փորձի համար (տե՛ս «Այժմ», 4-10. 10. 1996)։

Իրականում, ինչպես տեսանք, իրե՛նք էին խաբեությամբ «էքստազի» հասցրել ժողովրդին, իրե՛նց կոչով տեղի ունեցավ Ազգային ժողովի գրոհը, Արշակ Սադոյանն ու մյուսներն իրե՛նք էին առաջնորդել ԱԺ ղեկավարության գրասենյակներում վանդալիզմ եւ առեւանգում իրականացրած խմբին։

Վանդալիզմի հաջորդ օրը Պարույր Հայրիկյանն ԱԺ նիստում հայտարարեց, որ, որպես բողոքի նշան, ինքը դուրս է գալիս Ազգային համաձայնություն դաշինքից, քանի որ Վ. Մանուկյանը, խախտելով պայմանավորվածությունը, միանձնյա որոշում է կայացրել՝ խորհրդարանի գրոհի պատասխանատվությունն իր վրա վերցնելով («տե՛ս «Հայք», 27.09.1996)։

Պատասխանատվությունից խուսափելու համար տարիներ շարունակ նենգափոխվել եւ շահարկվել են նաեւ այս իրադարձությունների տարաբնույթ փաստեր եւ իշխանության ներկայացուցիչների խոսքեր։ Բերենք դրա միայն մեկ՝ ամենաշատ կրկնված եւ ամենաակնառու օրինակը։ Սեպտեմբերի 25-ի վանդալիզմից հետո, կեսգիշերին, իր հուզական խոսքում ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանն ասել էր բառացիորեն հետեւյալը.. «Այս դեպքերից հետո, եթե անգամ նրանք հավաքած լինեին 100 տոկոս ձայն, միանշանակ է, որ ո՛չ բանակը, ո՛չ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարներ չեն ընդունելու և չեն ընդունել, այն մարդիկ, ովքեր Հայաստանը մղում են քաղաքացիական պատերազմի...» («Հայաստանի Հանրապետություն» 26.09.1996)։ Վազգեն Մանուկյանը այն անմիջապես «խմբագրեց» հետեւյալ կերպ՝ վերագրելով այն Վ. Սարգսյանին. «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ստանար զրո ձայն, ապա միեւնույն է՝ կլիներ նախագահ» (տե՛ս «Իրավունք», 8-14.10.1996), ու այդ կերպ կրկնում են տարիներ շարունակ։

***

Այսպիսով՝

  • 1996 թվականին հետընտրական հանրահավաքները իշխանության կողմից որեւէ կերպ չխոչընդոտվեցին։
  • Պետական հեղաշրջման, սահմանադրական կարգի տապալման փորձ կատարեց Վ. Մանուկյանն իր համախոհներով՝ գրոհելով եւ գրավելով ԱԺ շենքը։
  • Պետական հեղաշրջման փորձը իշխանության կողմից չեզոքացվեց բացառապես գործող սահմանադրության եւ օրենքների շրջանակներում, ձեռնարկված միջոցառումներում ոչ մեկը չմատնանշեց սահմանադրության եւ օրենքների խատման որեւէ փաստ։
  • Ոչ մեկը չզոհվեց եւ հրազենային վնասվածք չստացավ։
  • Չփակվեց ոչ մի թերթ, որեւէ ձեւով չսահմանափակվեց  լրատվության կամ խոսքի ազատությունը։
  • Առաջին ձերբակալությունները տեղի ունեցան միայն սեպտեմբերի 26-ին (տե՛ս«Այժմ» 4-10.10.1996)։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հոկտեմբերի 9-ի դրությամբ կալանքի տակ էր մնացել ընդամենը 13 հոգի (տե՛ս ՀՀ 10.10.1996)։
  • Ձերբակալվածները շուտով ազատ արձակվեցին, դատական կարգով դատապարտվեցին միայն երկու հոգի, այն էլ՝ վիրավորին օգնություն չցուցաբերելու մեղադրանքով։

Այս ամենին համահունչ էին միջազգային գնահատականները։ Ահա դրանցից մի քանիսը.

Խավիեր Ռուպերս (ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ) - «Խորհրդարանի շենքի վրա հարձակումն ու խորհրդարանի խոսնակի բիրտ ծեծը հայկական օրենսդրության եւ հանրապետության երիտասարդ սահմանադրության կոպիտ խախտում են։ Անկախ դրդապատճառներից, ընդդիմության առաջնորդները, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն խրախուսել են ամբոխի այսօրինակ գործողությունները, պետք է կրեն լուրջ պատասխանատվություն կատարվածի բոլոր հետեւանքների համար» («Հայաստանի Հանրապետություն», 04.10.1996):

ԱՄՆ պետքարտուղարություն - «Չնայած խախտումներին՝ ցավալի է եւ ափսոսանք է հարուցում այն, որ ընդդիմության ուժերը դիմել են բռնության, ներառյալ պառլամենտի շենքի գրավումը։ Բռնությունը տեղ չունի ժողովրդավարական գործընթացներում։ Միացյալ Նահանգները դատապարտում է քաղաքական բռնության գործողությունները» («Հայաստանի Հանրապետություն», 27.09.1996):

Ռուսաստանի Դաշնություն - «Ստիպված ենք ցավով արձանագրել, որ ժողովրդավարական ճանապարհով չհասնելով հաջողության՝ ընդդդիմությունը որոշեց բռնության դիմել։ Հարձակում են գործել Հայաստանի ԱԺ շենքի վրա, գազանաբար ծեծել խորհրդարանի նախագահին եւ նրա տեղակալին։ Ընդդիմության բռնի գործողությունները չեն կարող չհարուցել ՌԴ արտգործնախարարության վճռական դատապարտումը» («Հայաստանի Հանրապետություն», 27.09.1996):

 ԵԱՀԿ -ն դատապարտում է բռնությունը, «մեղադրում է ցուցարարներին, որոնք բռնի ուժով մտել են խորհրդարան» («Հայաստանի Հանրապետություն», 28.09.1996)։

Ֆրանսիա - «Ինչպիսին էլ որ լինեն ընտրությունների արդյունքների կապակցությամբ ծագած տարաձայնությունները, Ֆրանսիան խստագույնս դատապարտում է բռնության նմանօրինակ արտահայտությունները» («Հայաստանի Հանրապետություն», 28.09.1996)։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն - «ԼՂՀ ղեկավարությունը վերջին օրերին Երեւանում կատարվող իրադարձությունները գնահատում է որպես հանրապետության անվտանգությանն ուղղված սպառնալիք եւ ազգային շահերի դավաճանություն։ Ընտրությունների արդյունքներն ուժային մեթոդներով փոփոխելու հեղաշրջման փորձը անթույլատրելի է եւ պետք է խստորեն կանխվի» («Հայաստանի Հանրապետություն», 26.09.1996)։

Կատարվածը խստորեն դատապարտեցին նաեւ հայաստանյան քաղաքական ուժեր եւ մտավորականներ։ Բերենք երկու օրինակ.

Աշոտ Նավասարդյան, Հանրապետական կուսակցության նախագահ. 

Ամենայն ուշադրությամբ հետևելով Հայաստանում նախագահական ընտրությունների ընթացքին, վերջապես ուրախություն ունեցա տեղեկանալու, որ մեր ժողովրդի գերակշիռ մասը իր ձայնը տվել է Ձեզ՝ իր վստահությունն ու հավատն արտահայտելով Ձեր վարած ու վարելիք քաղաքականությանը։

Միաժամանակ ինձ ցնցեց մի խումբ արկածախնդիրների կազմակերպած ծայրահեղական գործողությունը, որը գնահատում եմ իբրև պետական հեղաշրջման փորձ։ Վստահ եմ, այդ վանդալիզմը չի շեղի հայ ժողովրդին բնականոն զարգացման ընթացքից, մենք Ձեր ղեկավարությամբ դուրս կբերենք մեր երկիրը դեպի բարգավաճ ու ապահով ապագա։

Մեծարգո պարոն Տեր-Պետրոսյան, հույսով և հավատով շնորհավորում եմ Ձեզ և հայտնում պատրաստակամությունս աջակից լինելու Ձեր բոլոր ձեռնարկումներին։

Սիրով՝ Աշոտ Նավասարդյան, 26 սեպտեմբերի 1996թ., ԳՖՀ, Բավարիա, Գարմիշ-Պարտենկիրխեն, Ջորջ Մարշալի անվան ռազմավարական հետազոտությունների կենտրոն։

«Հայք», 01.10.1996թ.

Վարագ Առաքելյան, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր.

- Իշխանատենչությունը մահացու մոլորություն է։ Այս մոլորությունը կարող է մարդուն մղել հանցագործության։ Այդ բանը մենք տեսանք Ադրբեջանում, Վրաստանում, տեսնում ենք Աֆղանստանում, Տաջիկստանում և այլուր։ Այժմ էլ, ի դժբախտություն մեզ, կատարվեց մեր բազմաչարչար երկրում՝ Հայաստանում։ Մենք ամբողջ վեց տարի խուսափեցինք բոլոր կարգի ցնցումներից։ Հրապարակավ պարծենում էինք մեր կայունությամբ, միասնությամբ, օրենքի մեր հարգությամբ։ Բայց պատահեց անսպասելին։ Իրոք, անսպասելի էր։ Հայ մարդը ամբոխին գցած հետևից հարձակվում է վեց տարի իր հետ աշխատող հայ ընկերների վրա և ամբոխին հրահրում է, որ իր ընկերների հետ Լինչի դատաստան անեն։ Այս ամոթաբեր արարքը, սրան նախորդող՝ խորհրդարանի շենքի երկաթե դարպասների խորտակումը և այլ խժդժություններ վարկաբեկում են մեր հեղինակավոր հանրապետությունը միջազգային համայնքի աչքում։ Սա ես համարում եմ պետության դեմ գործված հանցագործություն։ Մեր հանրապետությունը վերջ ի վերջո իր ծաղկումով, բարգավաճությամբ և մեծահոգությամբ իր վրայից դեն կնետի այդ ամոթաբեր անարգանքը, բայց արարքի հեղինակները հավիտենապես դարձան քաղաքական ննջեցյալներ ինքնասպանության ճանապարհով («Երեկոյան Երևան», 02.10.1996թ.)։

4.   Սահմանադրական դատարանում վիճարկման փուլը

Վ. Մանուկյանը վերջիվերջո համաձայնեց ընտրությունների արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում, որը բավարարեց դիմող կողմի բոլոր քմահաճությունները։ Դատարանը մատնացույց արված տեղամասերից պահանջեց եւ ստացավ բոլոր փաստաթղթերը (տե՛ս Վ. Նազարյան, նշված աշխատությունը):

Դատարանն արձանագրեց, որ Վ. Մանուկյանի ներկայացրած փաստաթղթերի միայն 14%-ն է որպես իրավական փաստաթուղթ քննության ենթակա՝ կապված տվյալ հարցում իր իրավասության հետ, 86%-ը իրավական արժեք չուներ։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ.

«Բերված փաստարկների հավաստիությունն առանձին տեղամասերի օրինակով ճշտելու, ինչպես նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելության հայտարարության մեջ բերված փաստերի հետազոտման նպատակով սահմանադրական դատարանը կազմակերպեց 162 ընտրական տեղամասերի բոլոր փաստաթղթերի հատուկ ուսումնասիրություն: Այդ տեղամասերի թվում ընդգրկվել են գլխավորապես դիմող կողմերի մատնանշած` ստուգման ենթակա ընտրական տեղամասերը» (տե՛ս)։ Մանրակրկիտ աշխատանքից, մատնանշված բոլոր ընտրական տեղամասերի փաստաթղթերն ստուգելուց հետո դատարանն արձանագրեց. «Հանրապետության Նախագահի թեկնածու Վ. Մանուկյանի վստահված անձանց կողմից ձեռք բերված և Սահմանադրական դատարան ներկայացված թվով 1035 ընտրական հանձնաժողովների ամփոփիչ արձանագրությունների և նույն տեղամասերում քվեարկության արդյունքների պաշտոնական տվյալների համեմատությունից պարզվեց, որ մասնակի անհամապատասխանություններ կան ընդամենը 9 տեղամասի տվյալներում» (տե՛ս նույն տեղում): Ընդ որում՝ ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական թվերով Արաբկիրում Վ. Մանուկյանի ձայները 500-ով ավելի էին, քան իրենց ձեռքի տակ եղած տվյալները (տե՛ս «Հայք», 10.10.1996)։

Ավելին, լայնածավալ ստուգումների ու լիակատար  ճշգրտումների (հիմնականում՝ թվաբանական սխալների) վերջնարդյունքում դեռ 0.25%-ով էլ ավելացան Լեւոն Տեր-Պետրոսյանի ձայները (տե՛ս Լ. Տեր-Պետրոսյան, Վերադարձ, Երեւան, էջ 185)։

 5. Որպես վերջաբան կամ եզրահանգում

Կա եւս մի չափանիշ, որով կարելի է գնահատել ընտրությունների արդյունքները վիճարկող կողմի պահանջի տակ դրված իրողությունների հավաստիությունն ու կշիռը, այսպես ասենք՝ «հասարակական բողոքի» օրինակարգության (լեգիտիմության) աստիճանը։

Չնայած Վ. Մանուկյանի «գայթակղիչ վճռականությանը» եւ չնայած, դրա համեմատ՝ իշխանության ամենամեղմ հակազդմանը, նրա հանրահավաքները 1996 թ. արագ դադարեցին։ Սեպտեմբերից հետո հաջորդ ու, կարծես թե՝ միակ հանրահավաքը տեղի ունեցավ նոյեմբերի 22-ին։ Եւ վերջ, ամեն ինչ ավարտվեց։ Ո՞ւր կորան Վ. Մանուկյանի օգտին պաշտոնապես արձանագրված 41% ձայների շահառուները, նրա «հաղթանակի» նախանձախնդիր համոզմունքի տերերը։ Ինչո՞ւ «հասարակական բողոքը», պահանջը միանգամից պարպվեց։

Ո՞ւր կորան Վ. Մանուկյանի ձայները. նախագահական հաջորդ ընտրություններում դրանք գահավեժ անկում ապրեցին՝ հասնելով մինչեւ 1֊%-ի։ 2008 թվականի ընտրություններում նա Լեւոն Տեր-Պետրոսյանին զիջում էր... 20 անգամ (նկատի ունենալով վերջինիս անգամ ոչ թե իրական, այլ կեղծիքներից հետո պաշտոնապես արձանագրված 21% ձայների քանակը)։

1998 թվականին կատարվեց իշխանափոխություն, իշխող ուժը՝ ՀՀՇ-ն, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միասին, ամբողջությամբ հեռացավ իշխանությունից՝ քոչարյանական ռեժիմի համար դառնալով ոչ միայն քննադատության, այլեւ վրեժխնդրության թիրախ։ Քիչ անց այդ նոր իշխանության մեջ հայտնվեցին բոլոր նրանք, ովքեր իրենց «քաղբանտարկյալներ» էին հռչակել 90-ական թվականներին, ովքեր «տուժել» էին 1996 թ. սեպտեմբերի 25-ին, ովքեր աշխարհով մեկ վայնասուն էին բարձրացրել ՀՀՇ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից իշխանության յուրացման, սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով։

Արդ՝  ի՞նչն էր խանգարում նրանց՝ արդեն օրենսդիր մամնում պատգամավորական խմբակցություններ ունեցող, գործադիրում՝ նախարարական պաշտոններ ստացած ԱԺՄ-ին, ՀՅԴ-ին, Վազգեն Մանուկյանին՝ հետամուտ լինել ընդամենը 2-3 տարի առաջ՝ 1996-ին կատարված «հանցագործության» բացահայտմանը։ Նախագահի վերահսկողության ծառայության պետ, ԱԺՄ-ական Դավիթ Վարդանյանի առաջին գործը, տրամաբանորեն, հենց դա պիտի լիներ։

Չարեցին, անգամ նման հարցով մի անմեղ խորհրդարանական լսումներ չկազմակերպեցին։ Նույնիսկ այդ մասին հրապարակային չխոսեցին։ Որեւէ պաշտոնական քննարկում այդ թեմայով չարեց նաեւ ինքը՝ 10 տարի շարունակ Հանրային խորհրդի նախագահի աթոռին նստած Վազգեն Մանուկյանը։

Ինչո՞ւ։

Որովհետեւ շատ լավ գիտեին, որ այդ մասին վկայող որեւէ փաստ, փաստաթուղթ, ապացույց գոյություն չի ունեցել։

-----------------------------------

Հ. Գ. Հայտնի է ընտրակեղծարարության երեք հիմնական գործիք։ Դրանցից երկուսը 1996-ին գոյություն չի ունեցել, երրորդը օգտագործել է Վ. Մանուկյանը.

1) Ստորագրված ցուցակների հրապարակման արգելքը։ 90-ականներին այդ ցուցակները հրապարակվում էին, արգելքը մտցվեց 1998 թվականից հետո, ինչը մինչեւ 500.000 ձայն կեղծելու հնարավորություն էր տալիս իշխանությանը (տե՛ս Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի ընդարձակ վերլուծական հոդվածը։

2) Ընտրակաշառքը, ինչի մասին նույն 90-ականներին ընդհանրապես խոսք չի եղել (այն առաջին անգամ հիշվում է միայն 1999-ին՝ կապվելով Գուրգեն Արսենյանի անվան հետ)։

3) «Ընտրական կարուսել», որ առաջին անգամ կիրառվել է 1996 թվականին Վազգեն Մանուկյան կողմից (տվյալ դեպքում՝ տողերիս հեղինակը հանդես է գալիս որպես այդ իրողության մասին ընտրություններից անմիջապես հետո տարածված տեղեկատվության սկզբնաղբյուր, ժամանակակիցները պետք է որ դա հաստատեն)։

Աշոտ Սարգսյան

ilur.am