Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակել է Արցախի գյուղերի ուղղությամբ
Ադրբեջանի զինված ուժերն այսօր, ժամը 16:21-ին հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել են Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայությունը։
«Ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում: Տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան թշնամին ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ:
Լրացված.
Ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։ Տեղեկոէթյունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը:
«Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ականանետով գյուղերն արկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են առաջնահերթորեն խուճապ առաջացնելու հասարակության շրջանում:
ԱՀ ՆԳ նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրավիճակի մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ Արցախի ՆԳՆ-ն հորդորում է բոլոր լրատվամիջոցներին հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը: