Թշնամին ականանետի արկեր է արձակել Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ
Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ:
Ինչպես հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, տուժածներ չկան:
Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:
Հիշեցնենք՝ վերջին օրերին ադրբեջանական զինուժը տարբեր ուղղություններով՝ Արցախի և Հայաստանի հետ շփման գծում, պարբերաբար դիմում է սադրանքների` հայկական դիրքերի ուղղությամբ կրակելով ականանետերից:
Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում մարտի 7-ին հայկական կողմը հայտնել է մեկ զոհի և մեկ վիրավորի մասին: Մարտի 10-ին Արցախի Խրամորթ գյուղն Ադրբեջանի զինուժը գնդակոծել է ականանետից, որի հետևանքով խաղաղ բնակիչ է վիրավորվել:
Մարտի 8-ին վնասվել է նաև Հայաստանից Արցախ գնացող հիմնական գազատարը, որի հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։
Գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ: Մինչ օրս ադրբեջանական կողմը թույլ չի տալիս սկսել Հայաստան-Արցախ գազատարի վթարի վերացման աշխատանքները:
Ըստ այդմ, պատահական չէ, որ շատերն Արցախի բնակչությանն ահաբեկելու միտում են տեսնում Ադրբեջանի զինվորականների գործողություններում` չբացառելով, որ գազատարի վնասումը կարող է լինել այդ նպատակով իրականացված քայլ: