«  Սեպտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ (տեսանյութ, թարմացվող)

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ (տեսանյութ, թարմացվող)

Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Արցախի ՊԲ–ն։

«Կարծում էինք` միայն Ասկերանի ուղղությունից են կրակոցները, սակայն ձայնով հասկանում եմ, որ նաև Շուշիի կողմից են կրակում։ Բոլոր կողմերից Ստեփանակերտը ռմբակոծում են…Ռմբակոծում են այնպես, ինչպես չեն ռմբակոծել 44–օրյա պատերազմի ընթացքում»,–  Sputnik Արմենիային հայտնեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նաև նշեց, որ մարդիկ իրենց երեխաներին կորցրել են` մի մասը դպրոցներում է, մեկը փողոցում է, կապն ընդհատված է, չեն կարողանում գտնել միմյանց։
«Այդ առումով շատ ծանր իրավիճակ է»,– ընդգծեց Հակոբյանը։
Պատգամավորը տեղյակ չէ` Արցախի անվտանգության խորհրդի նիստ կլինի, թե ոչ, քանի որ այս պահին գտնվում է Ստեփանակերտի մեկ այլ հատվածում, չի կարողանում տնից դուրս գալ։
«Չգիտեմ` ուր գնամ, ինչ անեմ. ոչ մի տեղեկություն չունեմ»,– ասաց նա։
Մետաքսե Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ Ստեփանակերտում մարդկանց մի մասն այս պահին ապաստարաններում է, քաղաքում տագնապ է միացված, երկնքում անօդաչուներ են պտտվում։

Նշենք` Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական ​​միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ, գրում է Արցախի ներկայացուցչությունը ՀՀ–ում։
«Ներկա պահին հրետակոծովում են մայրաքաղաք Ստեփանակերտը, այլ քաղաքներն ու գյուղերը»,– ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ սոցցանցերում 1 ժամիվ ավելի է հայտնվել են տեսանյութեր, որոնցում լսվում են թնդանոթների, կրակոցների և պայթյունների ձայներ։ Ստեփանակերտում միացվել է օդային տագնապի ազդանշանը։

Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։

«Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ։
Իսկ միջնորդները մեզ իրավունք ու անվտանգություն են խոստանում Ադրբեջանի կազմում», - նշել է Արցախի օմբուդսմենը։

Սեպտեմբերի  19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը  շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն փորձում է առաջանալ  ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը: Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն, հայտնում է Արցախի ՊՆ–ն։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը Հայաստանի սահմաններին հարաբերականորեն կայուն է։

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով՝ ձեռնարկելով նաև դիրքային առաջխաղացման փորձեր, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը՝ հավելելով, որ ՊԲ-ն ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։
«Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական քարոզչամեքենան կիրառում է լայնածավալ տեղեկատվական-հոգեբանական ներազդման միջոցառումներ։ Կոչ ենք անում հայկական լրատվամիջոցներին, ֆեյսբուքյան օգտատերերին, չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել միայն պաշտոնական աղբյուրներին», - ասված է հաղորդագրությունում։

Արցախում զոհվել է առնվազն 2 մարդ, այդ թվում ՝ մեկ երեխա, 11-ը վիրավորվել են, այդ թվում՝ 8 երեխա---

Ռուսասատնի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե ադրբեջանական կողմն իբր նախապես զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին։
«Դա չի համապատասխանում իրականությանը: Տեղեկությունը ռուսական զորախմբին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ»,- գրել է Զախարովան Telegram-ում:

Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Այսօր նախկին Լեռնային Ղարաբաղի մարզից ավերիչ լուրեր են գալիս։ Ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, որպեսզի ապահովվի Բաքվի և ղարաբաղահայության միջև իրական երկխոսության հնարավորությունը»,– գրել է նա։

Ղարաբաղյան կողմը դիմում է ադրբեջանական կողմին՝ դադարեցնել կրակը և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ, գրում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«26 վիրավոր և 2 զոհ կա քաղաքացիական անձանց շրջանում, բայց ընդհանուր վիրավորների թիվը տասնյակների է հասնում, հաստատ 50-ից ավելի։ Երեխաները թիրախավորվել են համայնքներում, նրանք դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին են եղել»,- «Ազատությանը» հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ նշելով 11 վիրավոր երեխա կա։

Այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Այս պահի դրությամբ Արցախի ԲԿ-ում գտնվում է 80 վիրավոր, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են։ Ցավոք արձանագրվել է մահվան 5 դեպք։Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակչով, հնարավոր չէ տարհանել: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Ադրբեջանական ԶՈՒ-ն ավերել է համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են»,- նշել է Գեղամ Ստեփանյանը:

Ժամը 19:31-ի դրությամբ մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը՝ հավելելով, որ ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։

Ադրբեջանի նախագահականը հայտարարել է, որ «հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար հայկական անօրինական զինված խմբավորումները պետք է բարձրացնեն սպիտակ դրոշ, հանձնեն բոլոր զենքերը, իսկ անօրինական ռեժիմը պետք է ինքնալուծարվի»։ Հակառակ դեպքում Բաքուն սպառնում է «հակաահաբեկչական միջոցառումները» շարունակել մինչև վերջ։

Ալիևի ցեղասպան ուժերն ավելի քան 20 րոպե առաջ ավիահարված են հասցրել Մարտակերտ քաղաքի տարածքում և Ասկերանի շրջանի գյուղերին։ Այս մասին գրում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

▫️Գնդակոծություններն ու մարտերը շարունակվում են, զոհերի/վիրավորների թիվը խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում աճում է»,- գրել է նա:

Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակման հետևանքով Արցախում զոհերի թիվը հասել է 25–ի։

Արցախի 6 համայնքների քաղաքացիական բնակչությանը տարհանել են։ X–ի իր միկրոբլոգում հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Ըստ Ստեփանյանի` տարհանվել են Խրամորթ, Խնապատ, Սառնաղբյուր, Նախիջևանիկ, Մաճկալաշեն, Ճանկաթաղ համայնքների բնակիչները։
Նշենք, որ թվարկված գյուղերը Ասկերանի և Մարտունու շրջաններում են։