«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

ԱԺ նիստը տապալվել է «Իմ քայլի» պատգամավորների բացակայության պատճառով

ԱԺ նիստը տապալվել է «Իմ քայլի» պատգամավորների բացակայության պատճառով

Այսօր՝ մարտի 29-ին, Ազգային ժողովի նիստին քվորում չապահովվեց, քանի որ գրանցվել էր ընդհանուր առմամբ 44 պատգամավոր, այնինչ քվորման համար անհրաժեշտ էր 67-ը, գրում է FIP.am-ը:

Խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները դա մեկնաբանում են տեխնիկական խնդիրների առկայությամբ։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշել է, որ քվորում չապահովվելու պատճառն այն է, որ «Իմ քայլը» խմբակցությունից 35 պատգամավոր մեկնել է Արցախ։

FIP.am-ի թիմը, ուսումնասիրելով ԱԺ դահլիճի ցուցատախտակը և գրանցված պատգամավորների տեղաբաշխվածությունը, հետաքրքիր մանրամասներ արձանագրեց։

Մասնավորապես, համադրելով եղած տեղեկությունները, արձանագրեցինք, որ «Իմ քայլը» խմբակցությունից նիստին գրանցվել է թվով 9 պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից՝ 24 պատգամավոր, իսկ «Լուսավոր Հայաստանից» նիստին ներկա էր 16 պատգամավոր։

Այլ կերպ ասած՝ իշխող խմբակցությունից նիստին բացակայում էր ընդհանուր առմամբ 79 պատգամավոր։ Հաշվի առնելով աjն, որ 35 պատգամավոր գտնվում է Արցախում, կարող ենք ասել, որ «Իմ քայլը» խմբակցությունից 44 պատգամավոր նիստին ներկա չէր:

Ի տարբերություն դրա՝ ընդդիմադիր խմբակցություններն ավելի պարտաճանաչ են գտնվել․ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից նիստից բացակայում էր 4 պատգամավոր, իսկ «Լուսավոր Հայաստանից»՝ 5 պատգամավոր։

Հարկ է նշել, որ եթե անգամ այս խմբակցություններից բացականեր չլինեին, դարձյալ  քվորում չէր ապահովվի, քանի որ չէր հերիքի ևս 14 պատգամավոր։

Հավելենք նաև, որ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, այս պահին գործուղման են պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը՝ «Իմ քայլը» խմբակցությունից, և Էդմոն Մարուքյանը՝ «Լուսավոր Հայաստանից»։

ԱԺ արտահերթ նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված էին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթները: Սահմանադրական դատարանn այս նախագծերի ընդունման վերջնաժամկետ սահմանել է մինչև ապրիլի 1-ը։

Հ․Գ.  4 ժամ անց հերթական գրանցումից հետո քվորումն ապահովվեց և ԱԺ նիստը վերսկսվեց, եզրափակում է FIP.am-ը:

Նշենք, որ Ազգային ժողովը արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  հարցը։ Նախագծերն ընդունվեցին 83 կողմ, 0 դեմ, օ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։