Անահիտ Օհանյան. Ձեր թողած ժառանգությունը կդառնա դասագիրք նաև համաշխարհային դիվանագիտության համար
Կան մարդիկ, որոնք չեն ծերանում, որովհետև երբեք չեն ապրել ներկայի հաճոյախոսության մեջ։ Նրանք ապրում են ապագայի հաշվարկով։ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ մարդկանցից է։
Հունվարի 9-ը միայն ծննդյան օր չէ։ Դա քաղաքական խիղճ է, որը կրկին ներկայանում է պատմությանը հիշեցնելու, թե ինչ է պետական միտքը և ինչ երբեք չի եղել ամբոխային գոռգոռոցը։
Այսօր Դուք դարձյալ մեկ տարով երիտասարդանում եք ոչ թե տարիքով կամ կենսագրությամբ, այլ պատմությամբ։ Ճշմարտությունը, որին Դուք ծառայեցիք և քաղաքական ժամանակի մեջ պարտվեցիք, բայց պատմության մեջ հաղթեցիք, չի ծերանում։ Այն պարզապես սպասում է, մինչև ժողովուրդը հասունանա դրան և, վերաիմաստավորելով անցյալը, օգտագործի այն որպես հետին խելք։
Ձեզ քաղաքական պարտության մատնեցին ոչ միայն քաղաքական հակառակորդները, այլ մի ամբողջ հասարակություն, որը նախընտրեց հուզմունքը հաշվարկի, հարբեցնող հպարտությունը սթափ դատողության փոխարեն։ Ընտրելով հաղթանակի էյֆորիան նա կորցրեց երկար մտածելու, հաշվարկելու ունակությունը, ինչը տարիներ անց բերեց անդառնալի կորուստների։
Ձեր խոսքերը խեղաթյուրվեցին, կոնտեքստից կտրվեցին ու իմաստափոխվեցին դարձնելով դրանք մեղադրանքի զենք։ Բայց Դուք երբեք չնեղացաք ժողովրդից, երբեք մեջքով չթեքվեցիք նրան, որովհետև «ծնողը» իր ոչ հասուն երեխայի սխալներն ու անգամ ուրացումը ներում է փորձելով ետ պահել նրան սխալ ճանապարհից ու փորձանքներից։
Դուք չնահանջեցիք։ Որովհետև պետական գործիչը չի չափվում ծափերով, չի հաճոյանում ժողովրդին։ Նա կրում է նրա ապագայի պատասխանատվությունը, անգամ եթե դրա դիմաց ստանում է ատելություն պատրաստ լինելով կրել չհասկացվածության մենակությունը հանուն պետության երկար կյանքի։
Այդ ճանապարհը Դուք անցաք գրեթե միայնակ, գիտենալով, որ ճիշտը դավաճանվում է և հազվադեպ է ունենում բազմություն իր կողքին։ Ճիշտը միշտ առաջ է իր ժամանակից, և հենց դա է պատճառը, որ այն հաճախ մերժվում է կարճատեսության կողմից։
Ձեզ մեղադրեցին այն ամենում, ինչի համար պիտի երախտապարտ լինեին։
Դուք դարձաք անկախության խորհրդանիշ, բայց Ձեզ փորձեցին վերագրել այն ուժերին, որոնցից հենց ինքներդ էիք կերտում անկախությունը։ Ձեզ վերագրեցին փակելն այն ատոմակայանի, որը Դուք վերաբացեցիք։
Դուք բերեցիք հաղթանակ, բայց Ձեզ անվանեցին պարտվողական։ Դուք Շուշին ազատագրելու գործընթացի միակ տեղյակն էիք, բայց Ձեզ համարեցին միակ անտեղյակը։
Դուք Արցախի շուրջ ապահովեցիք անվտանգության գոտի, բայց Ձեզ մեղադրեցին առավելապաշտական արկածախնդրության մեջ չմտնելու և Բաքուն չգրավելու համար։
Դուք կանգնեցրեցիք Ադրբեջանի ագրեսիվ նախաձեռնությունները առանց նոր պատերազմի մոլուցքի, բայց խաղաղությունը ներկայացվեց որպես թուլություն։ Որովհետև պատերազմը հեշտ է բացատրել, իսկ արժանապատիվ խաղաղությունը ոչ։
Դուք հաղթեցիք ճակատամարտը զրկված բանակցային պատերազմը հաղթելու հնարավորությունից, բայց պատերազմի պարտության մեղավոր դարձաք Դուք։
Դուք բարձրացրեցիք Հայաստանի միջազգային հեղինակությունը ոչ թե խոնարհումով, այլ արժանապատվությամբ։
Դուք խոսեցիք աշխարհի հզորների հետ ոչ թե որպես խնդրող, այլ որպես պետության ղեկավար հավասարը հավասարի հետ։ Եվ հենց դա էր նրանց անհանգստացնում։ Որովհետև Ձեր տեսլականը Հայաստանի հզորացումն էր որպես իրական, ինքնիշխան պետություն, մինչդեռ շատերի համար Հայաստանը նախատեսված էր լինել գործիք, տարածք կամ զոհաբերվող մանրադրամ գլոբալ հաշվարկներում։ Ձեր քաղաքականությունը վտանգավոր էր ոչ թե Հայաստանի, այլ նրանց շահերի համար։ Եվ սա այն ճշմարտությունն է, որը մեր հասարակությունը մինչ օրս ամբողջությամբ չի գիտակցել սխալմամբ վերագրելով արտաքին ճնշումները միայն ներքին խնդիրներին։
Շուտ էր ոչ թե Ձեր խոսքը, այլ հասարակության գիտակցությունը չընկալելու, չտարբերելու ներքին ու արտաքին լսարանի համար արտահայտված յուրաքանչյուր բառը, ստորակետն ու վերջակետը։
Դուք արժանի էիք ծափերի, բայց ստացաք քարեր։ Սակայն պատմությունը չի ծափահարում։ Պատմությունը հաշվարկում է։ Եվ այդ հաշվարկում Դուք կանգնած եք ճիշտ կողմում։ Այն որոշումները, որոնք այսօր անարդարաբար քննադատվում են, կայացվել են տվյալ ժամանակի միջազգային ճնշումների և անվտանգության պայմաններում։ Յուրաքանչյուր ղեկավարի գործողությունները պատմությունը գրում է իր ժամանակի մարտահրավերներով։
Ձեր միակ «մեղքը» գուցե այն էր, որ փոքր ազգի առաջնորդ էիք, բայց մեծ հաշվարկով։ Իսկ փոքր ազգերի առաջնորդներին պատմությունը միշտ ավելի խիստ է դատում, քան մեծերի միջակ կառավարիչներին։
Ձեր պետականամետությունը երբեք ապացուցելու կարիք չի ունեցել. այն դրսևորվել է ամենադժվարին պահերին առանց խոսքերի, միայն գործով: Դուք չչարացաք Ձեր քաղաքական հակառակորդների վրա և օգնության ձեռք մեկնեցիք այն ժամանակ, երբ Արցախն ու Հայաստանը գտնվում էին գոյաբանական վտանգի տակ։ Թուլացնելով սեփական դիրքերը կանգնեցիք ոչ թե անձնական կամ կուսակցական շահերի, այլ պետության կողքին առաջնորդվելով ազգային շահով: Այս քայլերը վկայում են իսկական պետական գործչի մոտեցման մասին, որն առաջ է դասում հայրենիքի փրկությունը անձնական հաշվեհարդարներից։
Դուք մտածում էիք ոչ թե մեկ օրվա, այլ դարերի մասին:
Շնորհավորելով Ձեր ծննդյան տարեդարձը ուզում եմ նշել, որ Դուք արեցիք անհնարինը Արցախի հարատևումը կապելով ոչ միայն հայկական, այլև հզոր, ինքնիշխան ու դարերով կայուն Հայաստանի գոյության հետ։ Դուք գիտեիք, որ առանց վերածնված մայր հայրենիքի արցախյան երազանքը դատապարտված էր կարճ շնչառության։ Ձեր ռազմավարական տեսլականը միայն Արցախի գոյության մասին չէր, այլ հայոց պետականության հազարամյակների մասին։ Ձեր հաշվարկը հիմնված էր դարերի հաղթանակի, ոչ թե օրվա տոնական էյֆորիայի վրա։
Ձեր քաղաքական հակառակորդները, այդ գոյաբանական վտանգի պահին, զուրկ էին սթափ հաշվարկի ունակությունից։ Պոպուլիզմով ու ստերով խեղաթյուրելով Ձեր վաստակը նրանք Ձեր անունը թողեցին անարդար մեղադրանքների տակ և, անձնական հաշվեհարդարի մոլուցքով, ծնեցին մի ուժ, որն ի վերջո կործանեց Արցախը:
Շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը և շնորհակալություն հայտնում Ձեր տված յուրաքանչյուր դասի, Ձեր հետ անցած յուրաքանչյուր երկար ու դժվարին ճանապարհի համար։ Այդ ճանապարհին կերտվեցի ես ու իմ ուժեղ, պայքարող տեսակը, որը դարձավ ոչ միայն քաղաքական բնավորություն, այլ ամբողջ կյանքի ուղի։
Ցավում եմ, որ Ձեզ չկարողացանք տալ այն արժանի հանգիստը, որը Դուք վաստակել եք:
Կգա ժամանակ, երբ աշխարհը դուրս կգա համատարած քաղաքական մակերեսայնությունից։ Եվ այդ ժամանակ Ձեր թողած ժառանգությունը կդառնա դասագիրք ոչ միայն հայկական, այլ նաև համաշխարհային դիվանագիտության համար։ Որպես օրինակ այն բանի, թե ինչպես կարելի է պաշտպանել փոքր պետության շահերը գլոբալ խաղադաշտում առանց կորչելու, առանց ստորանալու և առանց ինքնախաբեության։
Շնորհավոր ծնունդդ, հաղթանակած Գերագույն Գլխավոր Հրամանատար։


