Անահիտ Օհանյան. «Եկել է ժողովրդի վրեժի ժամանակը»
Փաշինյանի պետականության դեմ սանձազերծված պատերազմը կխեղդի փաշինյանի ռեժիմը տանելով անխուսափելի փլուզման
«նիկոլ փաշինյանը, չնայած Ադրբեջանի և Արևմուտքի բացահայտ հովանավորությանը, երբեք այսքան խոցելի, մերկացած և քաղաքականորեն սնանկ չի եղել, որքան հիմա։ Ոչ մի Արևմուտք այլևս չի կարող և առավել ևս չի ցանկանա վերարտադրել այս լեգիտիմությունից զուրկ, ժողովրդից օտարված առաջնորդին։
Արևմուտքը, որքան էլ շեղվել է իր իսկ սահմանած ժողովրդավարական նորմերից, ստիպված է գործ ունենալ միայն այն իշխանությունների հետ, որոնք ունեն իրական ներքին հենարան,հասարակության վստահություն։ Իսկ փաշինյանը այդ հենարանը կորցրել է վաղուց իր իսկ ձեռքերով, սեփական սխալներով և դավադրություններով։
Եթե 2021-ին նրան հաջողվեց խաբեությամբ և մանիպուլյացիոն մանևրներով վստահեցնել ժողովրդին, թե Արցախյան պատերազմի պարտության մեղքը «10 տոկոսով կրակող Իսկանդերն» էր կամ Արցախում «հինգերորդ շարասյան» գոյությունը, ապա այժմ նրա բոլոր մանիպուլյացիաները որքան էլ «վիագրա» արտադրեն, մնալու են լիովին իմպոտենտ և անօգուտ։
Եկեղեցու և Վեհափառի դեմ սկսված այս կեղտոտ արշավը ոչ միայն եկեղեցին իրեն ենթարկելու պարզունակ փորձ էր, այլև խորքային, ստոր ու հաշվարկված քաղաքական դավադրություն է։ փաշինյանը փորձում էր վերադարձնել կորցրած ընտրազանգվածը շահարկելով Վեհափառին քննադատողներին և նրա հեռացման միջոցով Արևմուտքին խաբուսիկորեն ցույց տալ, թե իբր դեռևս վայելում է ժողովրդի աջակցությունը։ Սա ոչ այլ ինչ էր, քան հուսահատ փորձ քողարկելու սեփական քաղաքական մահը:
Ի տխրություն փաշինյանի և իր շրջապատի, այս հաշվարկը ոչ միայն ձախողվեց խայտառակորեն, այլև դարձավ նրա համար ճակատագրական հարված բացահայտելով ռեժիմի ողջ փխրունությունը։ Նա չստացավ հանրային աջակցություն անգամ այն ժամանակ, երբ գործի դրեց ուժային ապարատը և պետական ռեսուրսները: Ավելին, նա աշխարհին ցույց տվեց, որ իր նիկոլական ռեժիմը այնքան ատելի և մերժված է դարձել, որ գոյատևում է միայն ոստիկանական պաշտպանության պայմաններում որպես օկուպացիոն ուժ։ Ահա թե ինչու է փաշինյանը հուսահատորեն փորձում զեղչի տակ վաճառել իր «ինքնիշխանությունը» Կայա Կալասին:
Ասում են «ընկածին չեն հարվածում»։ Սակայն երբ իշխանությունը վերածվում է ուղղակի սպառնալիքի պետության ինստիտուտների, ազգային արժեքների և հասարակության ինքնության համար, երբ այն բացահայտ պատերազմ է հայտարարում Եկեղեցուն, սրբություններին և ազգային հենասյուներին, «հարվածները» դառնում են ոչ միայն պարտադիր, այլև ազգային պարտք։ Այսուհետ փաշինյանին պետք է պահել անդադար քաղաքական հարվածների տակ զրկելով ոտքի կանգնելու ցանկացած հնարավորությունից, մինչև նրա ռեժիմը վերջնականապես փլուզվի։
Այսօր ոչ մի արտաքին դերակատար ոչ Արևմուտքը իր «ժողովրդավարությամբ», ոչ Ադրբեջանը իր ագրեսիվ ծավալապաշտությամբ, ոչ որևէ այլ ուժ, ի վիճակի չեն կանգնեցնել այն անկասելի գործընթացը, որը սկսվել է հասարակության ներսում։ Ժողովուրդը վերջապես արթնացել է և հստակ գիտակցել, որ իրեն խոստացված «պայծառ ապագան» իրականում ճանապարհ է դեպի ինստիտուցիոնալ քաոս, պետականության կործանում և ազգային ինքնության ոչնչացում։
Իշխանության հուսահատ փորձերը հասարակության ընտրությունը ներկայացնել որպես «արտաքին ազդեցություն», «հինգերորդ շարասյուն», «ռուսական գործակալներ» կամ այլ հորինված պիտակներ, իրականում բացահայտում են միայն մեկ բան սեփական վախկոտությունը, քաղաքական սնանկությունը և մոտալուտ վախճանը։ Սա դասական տոտալիտար ռեժիմի մանիպուլյացիա է, որով փորձ է արվում վարկաբեկել հասարակության մեծամասնության ինքնիշխան որոշումը պիտակավորման և բռնաճնշումների միջոցով։ Բայց այդ ընտրությունը, որքան էլ փորձեն աղավաղել կամ ճնշել, արդեն կայացել է անդառնալիորեն։
Իրականությունն այն է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը որպես քաղաքական սուբյեկտ և իրավունքի կրող «վարչապետացուներ», ընտրություն է կատարում ոչ թե քաոսի, պետական ավերակների և ազգային դավաճանության օգտին, այլ կայունության, ինստիտուտների շարունակականության և ազգային սրբությունների անխախտ պահպանման։ Սա ընտրություն է ոչ թե արտաքին կենտրոնների թելադրանքով, այլ ազգային ինքնապաշտպանության բնազդով դեմ հանդես գալով այն ռեժիմին, որը վաճառում է երկիրը օտարներին։
Պետականությունը չի կարող և չպետք է ծառայի որևէ գերտերության շահերին անգամ Կայա Կալասին։ Այն գոյություն ունի բացառապես իր քաղաքացիների անվտանգության, արժանապատվության և ապագայի համար։
Երբ իշխանությունը սկսում է ընկալել պետականության հիմքերը որպես խոչընդոտներ փոխանակ հենասյուների, այն ինքնաբերաբար վերածվում է ապազգայինի, դավադիր ուժի։ Եվ որքան էլ այդ ապազգայինը փորձի պիտակավորել ազգայինը որպես «թշնամի», միևնույն է ազգայինը, պետականը և ժողովրդականը կհաղթեն տապալելով այս ռեժիմը և վերադարձնելով Հայաստանը իր իսկական և գիտակից տերերին:
«Եկել է ժողովրդի վրեժի ժամանակը»»


