Անահիտ Օհանյան. Հենց այս պատերի ներսում է արժեքների, մարդկային որակների ընտրությունը
Հիմա անհամեմատելին եմ փորձելու համեմատել։
2021-ի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ մի տղամարդ մոտեցավ Լևոն Զուրաբյանին և սկսեց «հարց» տալ։ «Հարցը» մոտ 2 րոպե տևեց, բայց ոչ ոք ոչինչ չհասկացավ։ Բառերի մի կույտ էր, որի մեջ միայն «Ռուսաստան» բառն էր պարբերաբար լսվում։
Զուրաբյանը համբերատար լսեց մինչև վերջ ու պատասխանեց.
— Այնքան բարդ ու բովանդակալից հարց եք տալիս, որ կդժվարանամ անմիջապես պատասխանել։
Ես երկար նայեցի այդ մարդուն։ Քիթը տնկած էր, ճիշտ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի Մուրադի պես, ինքնագոհ կանգնած էր։
Հետո Զուրաբյանին հարցրի.
— Ինչու՞ այդպես պատասխանեցիր։ Չէ՞ որ հիմա գյուղով մեկ կպարծենա, թե էնպիսի հարց տվեցի, որ անգամ Զուրաբյանը չկարողացավ պատասխանել։ Ավելի ճիշտ չէր լինի ուղղակի ասել «ձեր հարցը իմաստազուրկ է»։
Զուրաբյանը հանգիստ ասաց.
— Գուցե կողքին կանգնածը կինն էր, երեխաները, ընկերները։ Ինչու՞ մարդուն նվաստացնեմ, վատ դրության մեջ դնեմ։ Թող գլուխը գովի, ոչինչ չի պատահի։
Ու հիմա ես այս փոքրիկ, մարդկային դրվագը փորձում եմ համեմատել նիկոլի, Ալենի ու իրենց շուրջ հավաքված անբարոյական աղբակույտի հետ։
Սրանք ոչ մի սուրբ բան հաշվի չեն առնում։
Ամուսնու կողքին կինն է, մոր կողքին երեխան է։ Ուղտաթքություն, էշազռություն, ծնոտին հագցնել, լափել, դոմփել քեռի ու քեռակին։
Աշխարհում դժվար է գտնել մի երկիր, որտեղ իշխանությունը այս աստիճանի ստորաքարշ, անմակարդակ ու խեղկատակ լինի։
Նույն այդ անմակարդակության կրողներն են նաև նիկոլականները (կանանց թողնում եմ մի կողմ) այն նիկոլական «տղամարդիկ», որոնց թվում է, թե կնոջը սոցցանցերում հայհոյանքով կարող են «հաղթել»։ Գուցե իրենց թուլությունից անտեղյակ են, որ ով կնոջ դեմ է փորձում հաղթանակ տանել (այն էլ վիրտուալ), արդեն իսկ պարտված փալաս է։
Իսկ իմ կապը ՀԱԿ-ի հետ երբեք միայն գաղափարական չի եղել։ Դա նաև արժեքների, մարդկային որակների ընտրություն է։
Միտք, մակարդակ, զսպվածություն, կնոջ հանդեպ հարգանք։ Սա է այն միջավայրը, որտեղ ձևավորվում է ոչ թե ամբոխ, այլ մարդ։
Երբ ոտքդ դնում ես ՀԱԿ-ի գրասենյակ, կարծես սկեսուրիդ տանից հերանցդ տուն վերադառնաս։
Հանգիստ, ապահով, առանց ձևականության և առանց դեր խաղալու անհրաժեշտության։
Այդ պատերի ներսում մեծամտություն չկա։ Սուտն ու կեղծիքը տեղ չունեն։
Հենց այդ պատերի ներսում է, որ դեռ պահպանվում է Հայաստանի իսկական լուսավոր պատմությունը և ջերմությունը։
Հենց այդ պատերի ներսում է, որ մարդը կարող է անցնել ոչ միայն քաղաքական, այլև իսկական մարդ լինելու դասընթաց։


