«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Անկախության հռչակագիրն էլ հարամեց. «ՉԻ»

Անկախության հռչակագիրն էլ հարամեց. «ՉԻ»

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի օրը չհարամեր այդ նույն հռչակագիրն ու չփորձեր այն ներկայացնել որպես իր՝ Հայաստանի ու Արցախի գլխին բերած աղետի սկզբնապատճառ։ 

Մարդու այդպիսի տեսակ կա, որ հարսանիքներում պարտադիր լակում է, իրեն կորցնում, ամեն ինչ հարամում ու մեղադրում հարսուփեսային, հաջորդ օրը՝ լակում ինչ-որ մեկի հոգեհացի սեղանին, ամեն ինչ հարամում ու մեղադրում հանգուցյալին, մյուս օրը՝ լակում ինչ-որ երեխայի ատամհատիկին ու մեղադրում երեխային․․․ Բայց այդ մարդուն մեղադրելն անիմաստ է, նրան բուժել է պետք, իսկ իրական մեղավորներն այդպիսի պատուհասին հրավիրողներն են։ 

Նույնն էլ Նիկոլ Փաշինյանի պարագայում է։ Երբ նա որպես իր բերած աղետների նոր մեղավոր նշում է Անկախության հռչակագիրը՝ կոնկրետ իրեն որևէ բան բացատրելն անիմաստ է, որովհետև նա խեղաթյուրում է իրականությունը, ընդ որում՝ խեղաթյուրում է գիտակցաբար, և դա անում է պարզունակ մորթապաշտական նկատառումներով։ Իսկ ահա նրան հավատացողներին իրականությունը բացատրել պետք է։ 

Եվ այսպես, ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Ասում է, որ 1990 թ․ օգոստոսի 23-ին ընդունված հռչակագիրը «տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիայի» մասին է և «դա մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ», հետևաբար՝ Անկախության հռչակագրով մենք «փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները»։ Պարզ ասած՝ ասում է, որ Անկախության հռչակագիրը անկախությունից հրաժարվելու մասին էր։ 44-օրյա պատերազմից հետո «ես հպարտանում եմ մեր պարտությամբ» ասողի համար՝ երևի նորմալ է, բայց այնուամենայնիվ փորձենք հասկանալ։

Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն նկատի ունի հռչակագրի նախաբանի «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա․․․» նախադասությունն ու հռչակագրի 11-րդ կետը՝ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։ Այսինքն՝ ըստ Նիկոլի, եթե հռչակագրում ոչ ցեղասպանության անունը տայինք, ոչ Ղարաբաղը հիշատակեինք, ոչ մի կոնֆլիկտի մեջ էլ չէինք լինելու։ 

Լո՞ւրջ։ Լավ, ենթադրենք՝ հռչակագրի ընդունման ժամանակ գավառական դպրոցի 9-րդ դասարանում սովորող կարմրաթուշ աշակերտը չի հիշում, բայց կողքին մեկը չկա՞ հիշեցնի, որ 1990-ի օգոստոսին Սումգայիթի, Բաքվի ու Կիրովաբադի հայկական ջարդերն արդեն տեղի էին ունեցել, Արցախն արդեն լիակատար շրջափակման մեջ էր, ՀՀ սահմանները՝ գնդակոծության տակ, Երասխի ուղղությամբ էլ ներխուժման փորձն արդեն եղել էր, և եթե Հայաստանը պետականորեն ոչինչ չաներ ու մի կողմ քաշվեր՝ կարճ ժամանակ անց ամբողջ Արցախն էր կիսելու Սումգայիթի ճակատագիրը։ Կամ՝ մեկը չկա՞ այս պարզունակին բացատրի, որ «ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելն» ու դա պետության արտաքին քաղաքականության գերխնդիր հռչակելը բոլորովին տարբեր բաներ են, և Թուրքիան, ի դեպ, արցախյան առաջին պատերազմի ամենաթեժ օրերին թույլ տվեց իր տարածքով ցորեն ներկրել Հայաստան, թեև հռչակագրի ընդունումից երկու տարի էր անցել, ու ոնց էլ լինի՝ այնտեղ հասցրած կլինեին կարդալ այդ նույն հռչակագրի 11-րդ կետը։ Թե՞ այս միաբջիջը մինչև հիմա չի հասկացել, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ թե Թուրքիան մասնատելու և ծովից ծով Հայաստան ստեղծելու «սաստիկ իրատեսական» ծրագրի առաջին քայլն էր, այլ կարևոր փաստարկ՝ նույն այդ Թուրքիայի հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու համար։ 

Ինչևէ։ Հիմա Նիկոլն անում է այն, ինչը, իր կարծիքով, պիտի արվեր դեռևս 1990-ին։ Այսինքն՝ ոչ Արցախի անունն է տալիս, ոչ ցեղասպանության։ Ու շատ դժգոհ է, որ այն ժամանակ այդ հարցերը ոչ միայն տեղ են գտել հռչակագրում, այլև փաստացի իրականացվել են։ Ցեղասպանության միջազգային ճանաչումն ընթացքի մեջ էր, Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշումն էլ գործնականում իրականացվել էր, իսկ 1997-ին կարող էր ամրագրվել նաև իրավաբանորեն՝ խաղաղության պայմանագրով։ Եվ նրա դժգոհությունը զուտ մարդկայնորեն հասկանալի է․ եթե Հայաստանը 33 տարի առաջ հրաժարված լիներ ցեղասպանության միջազգային ճանաչումից ու Արցախից, ինքը հիմա ստիպված չէր լինի անել դա, ու որևէ մեկն իրեն «դավաճան» չէր անվանի։

Մարկ Նշանյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: