«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

«Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանի ԶՈւ-ն է և Արցախի բանակը» (տեսանյութ)

«Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանի ԶՈւ-ն է և Արցախի բանակը» (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ:

Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նման ձևաչափով հանդիպումները՝ ՀՀ կառավարության և Զինված ուժերի արդյունավետ փոխգործակցության տեսանկյունից: 

«Մեր ամենակարևոր խնդիրը մեր անվտանգության մարտահրավերների սպասարկումն է: Մեր քաղաքական շեշտադրումը հետևյալն է, և այդ շեշտադրման մեջ որևէ նորություն չկա. Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են և Արցախի պաշտպանության բանակը: Մենք արձանագրում ենք, որ զինված ուժերի բնականոն զարգացումը և համապատասխանեցումը մարտունակության ժամանակակից կանոններին և Հայաստանի Հանրապետության, Արցախի անվտանգության կարիքներին մեր բացարձակ առաջնահերթությունն է: Մենք այդ ուղղությամբ պետք է շարունակական աշխատենք՝ ունենալով կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակադրումներ, ինչպես նաև գործողությունների ռազմավարություն», - նշել է երկրի վարչապետը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ վարչապետին ներկայացրել է 2018 թ. պաշտպանության համակարգում արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև 2019 թ. հիմնական առաջնահերթությունները: 

«Նախորդ տարիների համեմատ 2018 թվականին, հատկապես հունիսից սկսած, մենք ունեցել ենք բավական հանգիստ առաջնագիծ՝ պայմանավորված առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության ջանքերով և ամրագրված մեր զինված ուժերի հստակ մարտավարությամբ ու գործողություններով: Այս առումով ցանկանում եմ վերահաստատել Ձեզ, որ մեր բանակն այսօր իր պատրաստությամբ և կարգապահությամբ պահպանելու է թե՛ քաղաքական պայմանավորվածությունները, և թե՛ անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողություններով հակառակորդին պարտադրելու է մեզ համար նպաստավոր պայմաններ»- ասել է Դավիթ Տոնոյանը:

Նախարարի խոսքով՝ 2018 թ. հիմնական ձեռքբերումներից են եղել նաև զինված ուժերը քաղաքական գործընթացների վրա ազդեցությունից զերծ պահելը, ինչը լավագույնս դրսևորվել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ինչպես նաև զորակոչային գործընթացում կատարված փոփոխությունները.

 «Արմատական քայլեր են ձեռնարկվել զորակոչային գործընթացի թափանցիկության և արդարության բարելավման, պետություն-զինվոր-ընտանիք մշտական կապի ամրապնդման և հստակեցման ուղղությամբ: Դա դրսևորվել է նաև ժամկետային զինծառայողների պարենային և իրային ապահովման խնդիրների բարելավման, ընդ որում՝ առանց հավելյալ ֆինանսական միջոցների, ինչպես նաև զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում»: 

Դավիթ Տոնոյանը նշել է, որ շարունակվել է արդյունավետ համագործակցության զարգացումը ՀՀ դաշնակիցների և գործընկերների հետ ոչ միայն գործող պայմանագրերի շրջանակում, այլև նոր պայմանավորվածությունների ձեռքբերմամբ: Նրա խոսքով՝ նաև ավարտին են մոտենում բանակի կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխությունները: 

«Ընթացքի մեջ են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք կոչված են բարելավելու, դյուրացնելու և արդյունավետ դարձնելու կառավարման համակարգը, գնումների գործընթացները, բարձրացնելու զինված ուժերի մարտունակությունը, բանակը դարձնելու առավել թափանցիկ ու հաշվետու», - նշել է նախարարը:

Ներկայացնելով 2019 թ. հիմնական անելիքները՝ պաշտպանության նախարարը ասել է, որ կարևոր առաջնահերթություններից է ժամկետային պարտադիր և պայմանագրային ծառայության կազմակերպման փոխլրացնող համակարգի շարունակական բարելավման քաղաքականությունը. 

«Կարևորագույն առաջնահերթություն ենք դիտարկում նաև մեր նյութական և մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումը, ու բարեփոխումներն ուղղելու ենք բանակի մատակարարման և անձնակազմի կառավարման ոլորտներում միայն սկզբունքների և խելացի լուծումների վրա հիմնված համակարգերի ստեղծմանը՝ բացառելով հնարավոր կողմնակալություն ու չարաշահումներ: Պետք է շարունակենք աշխատել նաև զինված ուժերի մարտունակության բարձրացման վրա: Այս առումով միշտ կարևորում ենք թե՛ անձնակազմի կրթությունն ու մարտական պատրաստությունը, թե՛ ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրումը»:

 Դավիթ Տոնոյանը հավելել է, որ Հայաստանի պաշտպանության ոլորտի 2019թ. առաջնահերթություններից են նաև ռազմարդյունաբերության խթանման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև միջազգային համագործակցության շարունակական զարգացումը:

Խորհրդակցության ընթացքում ոլորտի պատասխանատուները վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են բանակաշինության, զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև տարածաշրջանային ընթացիկ ռազմաքաղաքական ընդհանուր իրադրության և հայ-ադրբեջանական շփման գծում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ: ՀՀ վարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն