«  Հոկտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Արցախից բռնի տեղահանվել է 100 514 մարդ

Արցախից բռնի տեղահանվել է 100 514 մարդ

Արցախից բռնի տեղահանված 100 514 քաղաքացի հոկտեմբերի 1-ի ժամը 20։00-ի դրությամբ արդեն Հայաստանում է։ Այս մասին հումանիտար կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասաց Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Մարդկանց տեղահանման գործընթացն արդեն մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Այս պահին Հակարիի կամուրջն արդեն հատել է 21 106 տրանսպորտային միջոց։ Այսօր Գորիսից ևս մեկ ավտոբուս մեկնել է Ստեփանակերտ, որպեսզի տեղափոխեն բոլոր այն մարդկանց, որոնք ցանկանում էին գալ Հայաստան։ Ավտոբուսն արդեն վերադարձել է և մոտ 15 ուղևոր է բերել»,– նշեց Բաղդասարյանը։

Նա նշեց, որ այս պահի դրությամբ հաշվառվել է 85 975 քաղաքացի. 49 տոկոսը տղամարդիկ են, 51-ը` կանայք։
Բաղդասարյանի խոսքով` ընդհանուր առմամբ տեղափոխվել է 222 հղի, 2105–ն էլ հաշմանդամություն ունեցող անձ է։ Վիրավորների թիվը 283 է։

Ըստ մարզերի բռնի տեղահանված քաղաքացիներից պետության կողմից տրամադրված ժամանակավոր կացարան ստացել է 48 649 մարդ։
Տեղաբաշխումը կատարվել է հետևյալ կերպ.

  • Արագածոտնի մարզում` 2305 մարդ,
  • Արարատի մարզում` 12 445,
  • Արմավիրի մարզում` 4461,
  • Գեղարքունիքի մարզում` 3996,
  • Լոռու մարզում` 2686,
  • Կոտայքի մարզում`11 630,
  • Շիրակի մարզում` 2275,
  • Սյունիքի մարզում` 4592,
  • Վայոց Ձորի մարզում` 1937
  • Տավուշի մարզում` 2322։

Հայաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ավտոբուսներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ` բռնի տեղահանված քաղաքացիներին այնտեղից տեղափոխելու համար։ Տեղեկությունը հումանիտար կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Տեղեկացնում ենք նաև, որ կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ տեղափոխվել ցանկացող այն քաղաքացիների հարցը, ովքեր տարբեր պատճառներով հնարավոր է, որ գտնվելիս լինեն Հանրապետության տարածքում»,–ասվում է շտաբի հաղորդագրության մեջ։