Արմեն Բաղդասարյան. Բլինքենի ամենավտանգավոր հայտարարությունը. Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա դաշինք՝ ընդդեմ Ռուսաստանի
Բոլոր փաստերն ու հայտարարությունները համադրելով` պատկերը հստակ երևում է, թե Վաշինգտոնում ինչ են բանակցել: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում նշում է քաղաքագետ, հրապարակախոս Արմեն Բաղդասարյանը:
«Ամենավտանգավորն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միասնական անվտանգային համակարգ ստեղծելու մասին ձևակերպումն է, այսինքն՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա դաշինք՝ ընդդեմ Ռուսաստանի: Դա Հայաստանի համար նշանակում է կիսված, թույլ, վասալական պետություն:
«Ամերիկայի ձայն» լրատվամիջոցի հրապարակած տեղեկությունը՝ երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքի մասին ձևակերպումը («Համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում կողմերի միջև քննարկվող հարցերից մեկն է վերաբերմունքը էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ երկու երկրներում, որն անդրադառնում է էթնիկ փոքրամասնությունների իրավունքներին ու անվտանգությանը…»), թեև խմբագրվեց, բայց չի նշանակում, որ բանակցություններում չկա այդ հարցը, և դա մեզ համար ամենավտանգավոր կետն է: Հայաստանում ի՞նչ էթնիկ փոքրամասնություն կա, որը կարող է հետաքրքրել Ադրբեջանին: Դա նշանակում է, որ Ադրբեջանը բարձրացրել է ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստան: Սա՞ է առաջընթացը, որի մասին նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:
Պրահայում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Ալիևը պարբերաբար հիշեցնում է պատմական ինչ-որ քարտեզներ, շարունակում է տարածքային նոր պահանջներ ներկայացնել: Դա նշանակում է, որ Ադրբեջանն ուզում է Սյունիքը, Սևանի ավազանի մի մասը, Արարատյան դաշտավայրը, իսկ Փաշինյանը մի առիթով ասաց՝ նաև Երևանը:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ կարող են լինել պարամետրեր, որոնք ընդունելի չլինեն ժողովրդի համար: Փաշինյանը համաձայն կլինի ստորագրել նույնիսկ այդ համաձայնագիրը, որով Հայաստանի 237 գյուղեր կվերադառնան ադրբեջանցիները»:
Ամբողջական՝ սկզբնաղբյուրի տեսանյուում: