Արտակ Բեգլարյանի մամուլի ասուլիսը
Արցախի և Հայաստանի օմբուդսմենները վեց փակ զեկույց են պատրաստել հայ գերիների սպանությունների, անմարդկային վերաբերմունքի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ագրեսիայի ընթացքում ադրբեջանցի զինվորականների կողմից զոհվածների մարմինների անարգման փաստերով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Արտակ Բեգլարյանը, որն այսօր հեռանում է Արցախի օմբուդսմենի պաշտոնից:
Նրա խոսքով՝ զեկույցները պատրաստվել են բաց աղբյուրների, լրատվամիջոցների եւ համացանցի տվյալների հիման վրա: Զեկույցները փակ են, քանի որ պարունակում են սարսափազդու լուսանկարներ եւ տեսանյութեր: Այդուհանդերձ, զեկույցները փոխանցվել են Հայաստանի և Արցախի համապատասխան պետական մարմիններին, միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին:
Բեգլարյանը նշեց, որ արձագանքել են մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ, ՄԱԿ եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարները նույնպես հետազոտություններ են անցկացնում: Բայց միջազգային հանրությունն իր հայտարարություններում հիմնականում զուսպ է և արհեստականորեն հավասարության նշան է դնում, ինչը բացարձակապես անընդունելի է: Դրական նորությունն այն է, որ հրապարակայնորեն հայտարարվել է մոնիթորինգային այց կատարելու մտադրության մասին: Ճիշտ է, այցն ուշացել է, այդուհանդերձ Արցախում այն ողջունում են:
«Լավ կլիներ, որ նրանք Ղարաբաղը չմեկուսացնեին մինչև պատերազմը կամ այցելեին պատերազմի ժամանակ: Չեն արել ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Հույս ունենք, որ դրանից հետո նրանք չեն քաղաքականացնի չճանաչված երկրներ այցերը և իրենց մանդատը կկատարեն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումից անկախ»,- հայտարարեց Արտակ Բեգլարյանը:
Ընդհանուր առմամբ, հայկական կողմին է վերադարձվել 53 գերի։ Ասուլիսի ժամանակ հայտնեց Բեգլարյանը` անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին։
«Բացի այս 53 անձանցից, պաշտոնապես հայտարարվել է նաև, որ երկու քաղաքացիական գերիներ են մահացել ադրբեջանական բանտում։ Մեկի մարմինը փոխանցվել է, մյուսինը դեռ չի հաջողվում։ Երկուսի պարագայում էլ հստակ ապացույցներ կան պնդելու, որ բանտում սպանվել են»,–ասաց Բեգլարյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանից վերադարձած գերիներից շատ վկայություններ կան, որ ադրբեջանական բանտերում և գերեվարման ընթացքում անմարդկային վերաբերմունքի են արժանացել, այդ թվում և կանայք։ Հայաստան վերադարձած գերիների զգալի մասը բռնությունների հետևանքով դեռ հիվանդանոցներում բուժում են ստանում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնեց` դժվարությամբ է որոշում կայացրել լքելու իր պաշտոնը։ Բեգլարյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց` ինչու է երեկ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից ազատման դիմում գրել։
«Ըստ օրենքի` կամ պետք է երկու անգամ ազատման դիմում ներկայացնեմ, կամ էլ 1 շաբաթվա ընթացքում հետ չվերցնեմ առաջին դիմումս։ Այսօր, հավանաբար, երկրորդ դիմումը կներկայացնեմ։ Բացի այդ, Արցախի նախագահի կողմից առաջարկ եմ ստացել գործադիրում այլ պաշտոն զբաղեցնել։ Դժվար որոշում եմ կայացրել, սակայն կարծում եմ` գործադիրում ավելի օգտակար կարող եմ լինել»,–ասաց Բեգլարյանը։
Նա ասաց նաև, որ դեռ չի կարող հստակեցնել` ինչ պաշտոն է ստանձնելու։
Ավելին՝ տեսանյությում