«  Սեպտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Աշոտ Սարգսյան. «Արծրուն Պեպանյանին լռեցնելը չէ խնդիրը…»

Աշոտ Սարգսյան. «Արծրուն Պեպանյանին լռեցնելը չէ խնդիրը…»

«Քաղաքական վերլուծաբան» ներկայացող նախկին լրագրող Արծրուն Պեպանյանը «ազգափրկիչ» իր վերջին մտորումներում երկու միտք է «կաթեցնում», ինչով գնահատականներ է տալիս 90-ական թվականների ՀՀՇ իշխանությանը՝ նաեւ դրանում տեսնելով հետագա եւ այսօրվա աղետալի իրավիճակի հիմքերն ու պատճառները։

Խնդիրը Ա. Պեպանյանին պատասխանելը կամ լռեցնելը չէ, դա կարելի էր անել ավելի պարզ ու կարճ ճանապարհով, մի ռեպլիկով, ասենք, հիշեցնելով որ՝

  • Նա 90-ականներին եղել է նույն այդ ՀՀՇ-ի ջանադիր անդամ։
  • Մի քանի տարի զբաղեցրել է իշխանական կուսակցության «Հայք» պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի կարեւոր պաշտոնը։
  • Որպես համոզված ու նվիրյալ կուսակցական՝ 1995 թ. ՀՀՇ 7-րդ եւ 1997 թ. ՀՀՇ 9-րդ համագումարներում իր թեկնածությունն է առաջադրել կուսակցության ղեկավար մարմնում ընտրվելու համար, սակայն անհրաժեշտ ձայներ չի հավաքել (հասկանալի պատճառով հետագա տարիներին չի առաջադրվել, քանի որ ՀՀՇ-ն 1998-ից այլեւս իշխանության չէր)։
  • Կարելի էր պարզապես հակառակ՝ ՀՀՇ-ի մասին դրվատական մեկ-երկու մեջբերում անել «Հայքի» նրա խմբագրականներից կամ հոդվածներից եւ այլն։

Երբ ՀՀՇ-ական իշխանության կամ 90-ական թվականների մասին խոսում են մարդիկ, որոնք միշտ նույն բանն են ասել, միշտ քննադատել, քարկոծել, հայհոյել (կապ չունի՝ ներքին համոզմունքով թե այլ շարժառիթով), բարոյական հարթության վրա շատ ավելի ազնիվ են, քան նրանք, ում այն ժամանակվա եւ այսօրվա խոսքերը, գնահատականները, դիրքորոշումները տրամագծորեն հակառակ են։ Անշուշտ, սա էլ ունի իր բացատրությունը, բայց արդեն այլ՝ տնտեսական հարթության վրա. նրանք, ովքեր միշտ են հայհոյել 90-ականների իշխանությանը, նրանց նոր հայհոյանքն այսօրվա «քաղաքական շուկայում» շատ ավելի պակաս գին պիտի ունենա, քան նրանցը, ովքեր այն ժամանակ նույն այդ իշխանության մաս, ներկայացուցիչ են եղել։

Այս արձանագրումն անելով` չենք ուզում նաեւ բարոյախոսությամբ զբաղվել, դա անիմաստ գործ է։ Մեզ, պարզապես, ԵՐԵՒՈՒՅԹՆ է անհանգստացնում, վտանգավոր այն երեւույթը, որ գոյանում է այսօրինակ հազարավոր «կաթիլներից»։ Իսկ ընդգծածս այդ ԵՐԵՒՈՒՅԹԸ վաղուց հայտնի է, այն է՝ որպես քաղաքական համեմատության եզր հարթեցնել, ջնջել, ոչնչացնել 90-ական թվականները։ Այդ խնդիրը դրվել է 1998-ից անմիջապես հետո, որը լուծելու տենդագին ջանքեր են գործադրել (ու հիմա էլ գործադրում են) հաջորդ` Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի իշխանությունները։ Ինչպես մյուս հարցերում, այս դեպքում եւս նրանց զգլխել-գերազանցել է Ն. Փաշինյանը։ Նրանցից յուրաքանչյուրի համար հավասարապես համեմատության այդ եզրը մահու չափ վտանգավոր է, եւ՝ ոչ միայն փոխաբերական իմաստով։ Հատկապես վերջին պատերազմից հետո այդ խնդրի կշիռն ու գինը աճել են նույն չափով, ինչ չափով աճել են այդ տարիների իրողությունները իմաստավորելուն, վերականգնելուն ուղղված բազմացող փորձերը։ Համեմատության մեջ այս երեքը ոչ միայն խայտառակ տանուլ են տալիս, այլեւ ենթակա դառնում պատասխանատվության բոլոր տեսակներին։ Ուստիեւ սա, իրոք, մեծ «շուկա» է վճարման անսահմանափակ հնարավորությամբ օժտված երեք ամենակարող գնորդներով՝ պատրաստ հատուցելու թեկուզ մի «կաթիլի» համար։

Իսկ մեր անհանգստությունը բխում է նրանից, որ պարզապես գիտենք, տեսնում ենք արդեն առարկայացած այն փաստը, որ «շուկայի պահանջարկով» նման «կաթիլների» բազմացումը 1998-ից ի վեր առաջացնում է հետեւյալ տրամաբանական շղթան. խեղելով իրողություններն ու պատմական իրականությունը՝ խեղվում են նաեւ հասարակության պատկերացումները, խեղված պատկերացումներով հասարակությունը խեղված ընտրություն է կատարում, խեղված ընտրությամբ նույնպիսի իշխանություն է գոյանում, խեղված իշխանությունը նույն այդ հասարակություն-ժողովրդի կյանքն ու ճակատագիրն է խեղում ու կործանում։ Իսկ սա արդեն ոչ թե բարոյականության, այլ հանցավորության, ծանր հանցավորության ոլորտն է։

Ուրեմնեւ՝ այս դեպքում բարոյախոսությամբ զբաղվելը ոչ թե անիմաստ, այլ ամենեւին տեղին չէ։

Իսկ հիմա հակիրճ պիտի անդրադառնանք «քաղաքական վերլուծաբան» Ա. Պեպանյանի՝ 90-ականների կամ «ՀՀ առաջին իշխանությունների» մասին «մտքերին», որ թեեւ մի կաթիլ է՝ իրոք ազգակործան վերոհիշյալ ԵՐԵՒՈՒՅԹԻ գոյացման մեջ, սակայն լավագույն մի լյուստրացիա-օրինակ է վերջինիս ողորմելիությունն ու հանցավորությունը ի ցույց դնելու համար։

Ահա դրանք.

Ա) «Ամբողջ հարցն այն է, որ այսօրվա ժողովուրդն իր ճնշող մեծամասնությամբ որևէ կապ չունի Արցախյան շարժման ժողովրդի հետ: Ինչո՞ւ, որովհետև գիտականորեն հիմնավորված փաստ է՝ եթե ժողովրդին 32 տարի բաց ես թողնում, չես կրթում, անհրաժեշտ գաղափարականություն չես տալիս, ինքն ինքնաբերաբար այլասերվում է»:

Թվաբանական պարզ գործողությամբ (2022-32= 1990)՝ նրա խոսքը վերաբերում է նաեւ 1990- 1998 թվականներին։

Ա. Պեպանյանը, որպես իշխանական կուսակցության պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, ՀՀՇ-ի իշխանության «գաղափարական ճակատի» առաջին գծում էր, — իշխող կուսակցության պաշտոնաթերթը առաջին հերթին հասարակության գաղափարական կրթության ապահովումն էր։ Գաղափարական քարոզչության, ներգործության ուրիշ կառույց կամ օրգան այդ իշխանությունը պարզապես չուներ։ Այսինքն՝ ի պաշտոնե ինքն էր այն բնագավառի առաջին դեմքը, որը պետք է կազմակերպեր եւ իրականացներ իշխանության գործերը եւ գաղափարները հասարակությանը ներկայացնելու քարոզելու պատասխանատու գործը։ Հենց որպես այդպիսին, նա պարտադիր ու ակտիվ մասնակցում էր ՀՀՇ վարչության բոլոր նիստերին՝ ամբողջությամբ տեղյակ լինելու համար կուսակցության ներքին խոհանոցին, ծրագրերին, գաղափարներին եւ այլն։ Ուստիեւ՝ եթե «ժողովրդին անհրաժեշտ գաղափարականություն» տալու գործն այդ շրջանում անտեսվել կամ ձախողվել է, ապա ինքն է առաջին պատասխանատուներից մեկը, եթե չասենք՝ առաջինը։

Չգնահատենք, թե նա այդ ժամանակ ինչ հաջողությամբ է արել իր գործը։ Այն, որ նա այդ պաշտոնին մնացել է բավական ժամանակ, երեւի այնքան էլ վատ չի արել։ Ուրեմն՝ արձանագրենք, որ վերոբերյալ մեջբերմամբ արտահայտած իր «մտքով» նա առաջին հերթին թքում է սեփական անձի կամ առնվազն՝ իր կենսագրության այդ էջի վրա։

Գուցե Պեպանյանը «անհրաժեշտ գաղափարականություն» ասելով ա՞յլ բան նկատի ունի։ Ուրեմն այն ժամանակ դա պիտի ասեր, բացատրեր, հարց բարձրացներ, գրեր, պայքարեր։

Բ) «ՀՀ առաջին իշխանությունների կառավարման տարիներին ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հալածել են, այնպես արել, որ ապրելու հնարավորություն չունենան ու հանկարծ չկարողանան որևէ քաղաքական հայտ ներկայացնել»:

Այս դեպքում ընդամենը բավարարվենք մի քանի, ինչպես ասում են՝ «հռետորական» հարցերով.

Այս ամենը Ա. Պեպանյանը այն ժամանակ է՞լ է տեսել, իմացել, ու ոչ միայն համակերպվել է դրա հետ, այլեւ օժանդակե՞լ դրան։ Չէ՞ որ այդ «հալածանքը» նախ եղել է գաղափարական հարթության վրա, ուրեմնեւ՝ առաջին հերթին «Հայքի» էջերում, եւ դա փաստ է։
Իշխանության անմարդկային այդ վայրենությունը ու հակաքաղաքական դաժան արարքները տեսնելով, նա ինչո՞ւ որեւէ անգամ չի ընդվզել՝ որպես մարդ, որպես նույն այդ կուսակցության անդամ, որպես այդ կուսակցության վարչության նիստերի մշտական մասնակից։ Եւ ինչպե՞ս է իրեն թույլ տվել հետեւողականորեն փորձել դառնալ հանցագործ այդ կուսակցության ղեկավար մարմնի անդամ։
Որքան էլ հռետորական են այս հարցերը, սակայն, զուտ տեսականորեն, Ա. Պեպանյանը դրանց առարկայական պատասխանելու երկու տարբերակ, այնուամենայնիվ, ունի.

Ա) «Այն ժամանակ չեմ հասկացել, հիմա եմ հասկանում»։

Բ) «Այդ ամենն այն ժամանակ էլ էի տեսնում ու հասկանում, սակայն «տուն պահելու» խնդիր ունեի»։

Այս պատասխաններից որեւէ մեկն ստանալու դեպքում ես պատրաստ եմ հանել վերեւում արված իմ այն մեղադրական ենթադրությունը, թե նա 90-ականների իշխանության մասին հիմա «վատ» բաներ է ասում օրվա «շուկայի» պահանջարկով՝ «տուն պահելու» համար։

Աշոտ Սարգսյան

ilur.am