Աշոտ Սարգսյան. Նժդեհ Հովսեփյանի արժեքավոր գիտական աշխատությունը. Aliqmedia
Լույս է տեսել պատմաբան Նժդեհ Հովսեփյանի «Ստատուս-քվոյի հայկական ճարտարապետությունը Լեռնային Ղարաբաղում. պատմա-քաղաքագիտական հետազոտություն» գիրքը (Երեւան, «Անտարես», 2023), մի կազմի մեջ անգլերեն եւ հայերեն տարբերակներով։
Անկախության շրջանի հայոց պատմության ընթացքը պայմանավորած առաջին ու ելակետային խնդիրն է եղել արցախյան հակամարտությունն ընդհանրապես, իսկ զինված առճակատման փուլի ավարտից հետո այդ հակամարտության կարգավորման հարցն է դարձել առանցքայինը։
Այսինքն՝ փոխզիջումների հիման վրա խաղաղության պայմանագրի կնքմա՞ն, թե՞ «ստատուս-քվոյի» պահպանման դիլեման է եղել երկրի քաղաքական կյանքը, իրադարձությունների շղթան պայմանավորող հիմնական գործոնը։
Այնպես որ, վերնագրում ձեւակերպված խնդիրը խիստ կարեւոր է, եւ դրա առանցքային լինելը ցուցադրվում եւ հաստատվում է բուն հետազոտությամբ։ Առաջնայնության հանգամանքով էլ դա շուրջ երեք տասնամյակ եղել է Հայաստանի Հանրապետության ոչ միայն թիվ մեկ քաղաքական խնդիրը միջազգային ասպարեզում, այլեւ, անմիջականորեն կամ միջնորդավորված, իրենով պայմանավորել երկրի ներքաղաքական կյանքի, հասարակական ու տնտեսական հարաբերությունների եւ խնդիրների ամբողջ լուսապատկերը, ընդհուպ պետականության որակը, վերջին հաշվով՝ Հայաստանի եւ Արցախի ճակատագիրը։
Կարեւորագույն այս հարցը, բնականաբար, կարող էր եւ պետք է լիներ ինչպես պատմագիտական, այնպես էլ քաղաքագիտական ուսումնասիրության առարկա։ Գիտական լավագույն արդյունքը կստացվեր, երբ պատմաբանն ու քաղաքագետը մեկտեղվեին մեկ անձի մեջ։ Այդպիսին է Նժդեհ Հովսեփյանի աշխատությունը, եւ լիովին արդարացված է վերնագրին կցված «պատմա-քաղաքագիտական հետազոտություն» հավելում-բացատրականը։
Սակայն պատմաբանի ու քաղաքագետի մեխանիկական մեկտեղումը դեռ քիչ է անաչառ վերլուծությամբ օբյեկտիվ, ճշմարտացի ու անխոցելի պատմություն ստանալու համար։ Դրա համար անհրաժեշտ է եւս մի քանի հիմք-հանգամանք.
Առաջին՝ որ պատմաբան հետազոտողն ունենա, ինչպես ասում են, նաեւ քաղաքական հոտառություն (դա, թերեւս, նույնպիսի բնատուր շնորհ է, ինչպես երաժշտական լսողությունը) ու դրանով իսկ՝ իրադարձությունների քաղաքական իմաստավորման ունակություն եւ հմտություն:
Երկրորդ՝ կարողանա, այսպես ասենք, դուրս գալ «ազգայինի կաշվից» ու կողքից, «օտար փորձագետի» աչքով նայի իրադարձություններին եւ իրողություններին՝ զերծ մնալով նաեւ քաղաքական համակրությունների կամ հակակրությունների (եթե անգամ այդպիսիք ունի) ազդեցությունից ու թելադրանքներից:
Երրորդ՝ տուրք չտա «հայրենասիրության» ու «դավաճանության» մասին այդ պահին հասարակական պատկերացումների մթնոլորտին կամ իներցիային, պատմագիտության մեջ եւ նույն հասարակական պատկերացումներում արդեն ամրացած կարծրատիպերին, առավել եւս՝ օրվա քաղաքական կոնյունկտուրային:
Չորրորդ՝ հետազոտության համար որպես հաստատուն հիմք, որպես հումք ու շինանյութ լինեն միմիայն ՓԱՍՏԵՐԸ։ Սակայն դրանք նախ՝ չպետք է օգտագործվեն ընտրողաբար կամ մի դեպքում՝ ուռճացվեն, մի դեպքում՝ նսեմացվեն կամ ընդհանրապես անտեսվեն՝ ենթարկվելով ու հարմարեցվելով հեղինակի կանխակալ (առավել եւս՝ ինչ-որ տեղից հանձնարարված) պատկերացումներին։ Երկրորդ՝ հետազոտողն ինքը կարողանա ենթարկվել փաստերի համադիր ու համալիր անաչառ քննությամբ թելադրված բանական, տրամաբանական արդյունքներին ու պարզապես արձանագրի դրանք որպես եզրահանգումներ։ Եվ վերջապես, որպես գնահատման միակ հիմք նկատի ունենա միմիայն տվյալ պատմական փուլի կամ երկրի ղեկավար գործչի գործունեության շրջանի ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ։
Նժդեհ Հոսեփյանը, ներդաշնակելով պատմաբանի եւ քաղաքագետի որակները, կարողացել է ապահովել գիտնական-հետազոտողի համար պարտադիր այս որակները, ինչը նրա աշխատության գիտականության, հավաստիության առաջին երաշխիքն ու գրավականն է։ Եվ սա ուրախալի փաստ է, արժանի գնահատանքի։
Սակայն վերը թվարկված որակները պետք է ունենա գիտականության հավակնող ամեն մի պատմաբան ու քաղաքագետ։ Ուրեմն ինչո՞ւ ենք դրանք շեշտադրում գրախոսվող այս աշխատության առիթով։
Շատ պարզ պատճառով:
Աշոտ Սարգսյան
Պատմական գիտությունների թեկնածու
Ավելին՝ սկզբնաղբյուրում.