Այսօր Անհայտ կորածների միջազգային օրն է. «Չգիտեմ՝ տղաս որտեղ է, օգնեք, մի բան արեք...»

Այսօր Անհայտ կորած անձանց միջազգային օրն է, որը հիշատակում է զինված հակամարտության, բռնության, գաղթի ու բնական աղետների հետևանքով անհայտ կորած հարյուր հազարավոր անձանց։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հայտնում են զորակցություն անհայտ կորածների ընտանիքներին և միասին հիշում նրանց անհայտ կորած հարազատներին։
Հայաստանում և Արցախում հազարավոր մարդիկ անհայտ կորել են Ղարաբաղյան հակամարտության ընթացքում։ Հազարավոր ընտանիքներ շարունակում են տառապել՝ անտեղյակ իրենց սիրելիների ճակատագրի մասին։ Այդ մշտական անորոշությունը հուզական առումով հյուծում է ընտանիքներին, թողնում չսպիացող վերքեր։ Ընտանիքներն ապրում են անորոշության խավարում՝ հույսի և հուսալքության սահմանագծին՝ չկարողանալով հաշտվել կամ սգալ.«Չգիտեմ՝ տղաս որտեղ է, չգիտեմ՝ ո՞ղջ է․․․ ոչինչ չգիտեմ»,- ասում է Հայկանուշ Մանուկյանը, ում որդին անհայտ կորել է 2020 թ․-ի աշնանը՝ պատրազմի հետևանքով։
«Խնդրում եմ բոլոր կազմակերպություններին, բոլորին։ Եթե ինչ-որ մի բանով կարող եք օգնել, որևէ տեղեկություն իմանալ, անտարբեր մի՛ եղեք, մի բան արեք...»