Բադալյան. Վերաքննիչը կրկին խախտել է Թունյանի ու նրա ընտանիքի անդամների սեփականության իրավունքը
Թիվ ԵԿԴ/5196/02/15 գործով 04/10/2019 թվականի որոշումն այն դատական ակտերից է, որ լրջորեն հեղինակազրկում է վերաքննիչ քաղաքացիական դատարանին:
Երբ խոսվում է մարդու իրավունքների էական ու կոպիտ խախտումների մասին, կարելի է այս դատական ակտը որպես դրա ցցուն օրինակ բերել:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մեկ անգամ ևս խախտել է Թունյանի ու նրա ընտանիքի անդամների սեփականության իրավունքը, որի պաշտպանության համար դեռևս 2005 թվականին դիմել էինք ՄԻԵԴ ու 2012 թվականին ստացել՝ միջազգային դատարանի կողմից մարդու իրավունքի խախտման փաստի ճանաչումը:
Չեմ կարծում, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի այս որոշումը չիմացության, թյուրիմացության կամ ինչ-որ սխալի հետևանք է, այլ՝ հստակ ու նպատակաուղղված դիտավորությամբ ընդունված ապօրինի դատական ակտ է, քանի որ՝
1. Էմմա Թունյանը և ընտանիքի անդամները պետության/հանրության կարիքների անվան ներքո 2005 թվականի մայիսի 12-ին վտարվել են Երևանի Բուզանդի 9, թիվ 6 հասցեում գտնված իրենց սեփական տնից (89,25քմ)և (240քմ) հողամասից, իսկ դրա դիմաց առ այսօր չեն ստացել նախնական համարժեք փոխհատուցում:
2. Պետության/հանրության կարիքների համար անձի գույքը օտարելու համար նախնական համարժեք փոխհատուցում վճարելու պարտականությունը Հայաստանի Հանրապետությունը կրում է Սահմանադրությամբ և օրենքով, բանաձևն է՝ շուկայական արժեք գումարած դրա 15 տոկոսը: Նորից՝ Էմմա Թունյանն առ այսօր չի ստացել իր հարկադրաբար օտարված տան ու հողամասի համար նախնական համարժեք փոխատուցում:
3. Հենց պետության/հանրության կարիքների համար հարկադրաբար օտարված գույքի համար նախնական համարժեք փոխհատուցում ստանալու պահանջով էինք դիմել դատարան՝ ԵԿԴ/5196/02/15 գործ, որը առաջին ատյանի դատարանը արդարացիորեն ու հիմնավորված կերպով բավարարել էր 13/02/2019 թվականի վճռով, սակայն վերաքննիչ քաղաքացիական դատարանը հայցն անհիմն կերպով մերժեց ամբողջությամբ:
4. Թունյանը ու այլոք ընդդեմ Հայաստանի թիվ 22812/05 գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռով ճանաչել է կոնվենցիայի 1 արձանագրության 1-ին հոդվածով սահմանված՝ սեփականության իրավունքի խախտում այն հիմքով, որ օտարումը «...օրենքով նախատեսված պայմաններով» չի կատարվել (#37) և հղում է տվել Սեմիրջյաննն ու մինասյանն ընդդեմ Հայաստանի թիվ 27651/05 վճռի 67-րդ պարբերությանը «67. Դատարանն, այնուհետև, կրկնում է, որ «օրենքով սահմանված պայմաններով» արտահայտությունն առաջին հերթին պահանջում է պատշաճ մակարդակի մատչելի և բավարար հստակ ներպետական իրավական նորմերի առկայություն և դրանց համապատասխանություն (տես, Lithgow and Others v. the United Kingdom, 8 հուլիս 1986թ., պարբ. 110, Սերիա Ա թիվ 102):
Հետևաբար, Թունյանն ընդդեմ Հայաստանի գործով նշանակված գումարը (30,000 եվրո) պետության «տուգանքն» է նրա համար, որ Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունը՝ պատշաճ մակարդակի մատչելի, բավարար հստակ ներպետական իրավական նորմեր չի ունեցել, այլ ոչ թե՝ գույքի օտարման համար նախնական համարժեք փոխհատուցում:
5. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջազգային դատարան է, որը քննում է պետության կողմից ՄԻԵԿ կոնվենցիայով և արձանագրություններով սահմանված՝ մարդու իրավունքների խախտման գործերը: Ավելի հստակեցնեմ՝ ՄԻԵԿ-ը անդամ երկրների ներպետական օրենսդրությամբ չի առաջնորդվում, այլ հետևում է կոնվենցիոն նորմերի պահպանությանը, իսկ նախնական համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգը ու չափը սահմանվում է բացառապես ներպետական օրենսդրությամբ: Այլ կերպ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 4-րդ ատյանի ներպետական դատարան չէ:
6. Որոշումը ստորագրած դատավորնե’ր, եթե Երևանի Բուզանդի 9, թիվ 6 հասցեում գտնված տունը (89,25քմ)և (240քմ) հողամասը ձերը լիներ ու 2005 թվականի մայիսին ձեզ ընտանիքով վտարեին տանից առանց հատուցման, 2013-ին եվրադատարանի կողմից իրավունքի խախտման համար նշանակած 30,000 եվրո "տուգանքը" պետությունը վճարեր ձեզ, իսկ հարկադրաբար օտարված տան ու հողամասի համար նախնական համարժեք փոխհատուցումը տալը ներպետական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 4-ին այսպես ապօրինաբար մերժեր, ի՞նչ էիք ասելու կամ անելու:
Չասե՛ք, թե կարելի է կամ պետք է դիմել վճռաբեկ կամ նորից գնալ եվրադատարան, դրանց տեղը գիտենք:
Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է օր առաջ սեփական նախաձեռնությամբ ու անվերապահ կերպով հատկացնել Էմմա Թունյանին ու նրա ընտանիքի անդամներին՝ պետության/հանրության կարիքների համար հարկադրաբար օտարված գույքի նախնական համարժեք փոխհատուցում և դադարեցնել այդ ընտանքի ավելի քան 15 տարի շարունակվող իրավունքի խախտումները, զրկանքներն ու տառապանքները: