Փիրուզա Մելիքսեթյան. Հայաստանյան «Ֆիլիպիկներ»
Հայաստանյան «Ֆիլիպիկներ»
(կամ՝ Ցիցերոնի ճառն ընդդեմ տեղական տգետների բռնապետության և հանրապետության պղծման)
Ք․Ա․ 44-43 թվականներ։
Հին Հռոմ։
Հավերժական քաղաքի աղմկոտ հրապարակներում, Սենատի կամարների տակ և Ֆորումի ամբիոններից համառորեն մեկ բառ է հնչում՝ Philippicae։
«Ֆիլիպիկները», որոնք դարերի հերթափոխում կմնան որպես հռետորական արվեստի և քաղաքական դրամայի կատարելագործված նմուշներ, ոչ միայն ճառեր են, այլև մի ամբողջ հանրապետության փլուզման հուսահատ, բայց փառահեղ վավերագրությունը։
Հռոմը տենդի մեջ է։
Սպանված է Հուլիոս Կեսարը։
Հանրապետության փլատակների վրա բազմել է «յաթրջի» լակող մի ծաղրածու՝ Մարկոս Անտոնիոսը։
Նա խոսում է փողոցային լեզվով, հայհոյում է կառապանի նման, հակառակորդներին «համբալ» ու «էշ» անվանում, նրանց սպառնում «պադվալները» գցելով, «գլուխները պատերին տալով», «ձեռք ու ոտք ջարդելով»։
Նա հարբում է դերասանների հետ, նվաստացնում Սենատը և զենքի ուժով լռեցնում օրենքն ու բանականությունը։
Թաքուն, թե ակնհայտ հռոմեացիները քննարկում են Մարկոս Տուլիոս Ցիցերոնի ամենահայտնի և ամենակատաղի «Երկրորդ ֆիլիպիկը», որը գրվել և տարածվել էր որպես քաղաքական պամֆլետ, բայց այդպես էլ բարձրաձայն չարտասանվեց Սենատում․ Անտոնիոսի դեմ բացահայտ խոսելը հավասարազոր էր մահվան։
Հակառակ գռեհկաբանության ու սպառնալիքների Ֆորումի ամբիոնից հնչում է Ցիցերոնի ազդու ձայնը։
Նրա «Ֆիլիպիկները» հռետորական կայծակներ են՝ ուղղված տգիտության, սանձարձակության և բռնապետության դեմ։
Ցիցերոնը գիտակցում էր, իհարկե՝ այդ ճառերի համար վճարելու է սեփական կյանքով, բայց միևնույն է՝ չէր կարող լռել, երբ պղծվում էր Հայրենիքը։
Նա չէր խորշում իրերը կոչել իրենց անուններով՝ Անտոնիոսին անվանել հարբեցող, վախկոտ, պարտքերի մեջ խրված թալանչի և պետական դավաճան։
Նա օգտագործում էր հռետորական բոլոր հնարքները՝ երկրակործանին բարոյապես ոչնչացնելու համար։
Ցիցերոնի գլխավոր կարգախոսն էր․
«Քանի դեռ շունչս հերիքում է, ես կպաշտպանեմ հանրապետությունը»։
Ցավոք, այդ ճառերը նրա համար ճակատագրական եղան։
Երբ Անտոնիոսը, Օկտավիանոսը և Լեպիդոսը ստեղծեցին Երկրորդ Տրիումվիրատը՝ Եռապետությունը, Անտոնիոսի առաջին պահանջն էր՝ ներառել Ցիցերոնի անունը մահապարտների ցուցակում։
Մեծ հռետորին սպանեցին։
Ձեռքերն ու լեզուն կտրեցին և ցուցադրեցին Հռոմի Ֆորումում՝ հենց այնտեղ, որտեղ նա արտասանում էր իր «Ֆիլիպիկները»։
Մեր օրեր։
2026 թվական։
Մայիսի երկրորդ տասնօրյակ։
Նախընտրական քարոզարշավի թոհուբոհ։
Նյարդեր մաշող ճղճղոցներ, ուրացում, «փախածներ», «նախկիններ», «համբալ», «էշ» «կալուգացի» ու «նիժնի տապըռ» ոռնոցներ։
«Գլուխները պատերին տալու», «ոտք ու ձեռք ջարդելու», «ԱԱԾ պադվալները» լցնելու ակնհայտ սպառնալիքներ և ամենաողբերգականը՝ թշնամուն «վերադարձվելիք» սրբազան հողերի ու գյուղերի մասին անբարո հայտարարություններ, երեքից երկուսի անվան սառնասիրտ բարձրաձայնմամբ՝ «Բարխուդարլի», «Խեյրիմլի»։
Եթե Ցիցերոնը հրաշքով հայտնվեր մեր օրերում, լսեր այս ամենը, ամոթից ու նողկանքից կփակեր աչքերը, բայց կբացեր բերանը․․․
Նրա ձայնը կփշրեր այսօրվա տգետների ու դավաճանների կառուցած «պատնեշները»։
- Գերագույն թերու՛ս, դեռ ինչքա՞ն պիտի չարաշահես ազգի համբերությունն ու քերես նյարդերը։ Մինչև ե՞րբ քո կատաղի տգիտությունը պիտի ծաղրի հակառակորդներիդ ու սևազգեստ մայրերին։
Ո՞ր սահմանին է կանգ առնելու քո սանձարձակ զազրախոսությունը, որն արդեն հորդում է ամբիոններից ու հեղեղում հանրության գիտակցությունը։
Մի՞թե քեզ չեն ամաչեցնում երկրի հալվող սահմանները։
Մի՞թե քեզ չեն սթափեցնում նախնիների հայացքները։
Մի՞թե քեզ ոչինչ չի ասում այս երկրի ու ազգի արժանապատվությունը, որը դու ամեն օր ոտնակոխ ես անում քո փողոցային խուժանախոսությամբ։
O tempora, o mores!
Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր։
Ժողովուրդը տեսնում է այս ամենը, բանտը լալիս է սրա արածներից, բայց նա դեռ բազմած է գերագույն աթոռին։ Բազմել է ու խոսում է ոչ թե օրենքի, իմաստության կամ պետական շահի լեզվով, այլ ստորին նկուղներից պեղած ժարգոնով, «կալուգացիների» ու «նիժնի տապըռների» մասին հիստերիկ ոռնոցներով։
Անպատվություն է լսել մեկին, որը պարտավոր էր լինել օրինակելի քաղաքացի և պետության դեմքը, բայց ձեռքն ընկած խոսափողից ճղճղում է «համբալների», «էշերի» ու «էշություններների» մասին, սպառնում է «պադվալները» լցնելով ու «գլուխները պատերին տալով»։
Հա՛յ ժողովուրդ, մի՞թե այս թշվառականն է քո բարձրագույն իշխանության պատկերը։
Ո՜չ, սա իշխանություն չէ. սա տգիտության կատաղի խրախճանք է պետության հոշոտված մարմնի վրա։
Դու՛, որ չգիտես ո՛չ այս երկրի պատմության խորհուրդը, ո՛չ հայոց լեզվի վեհությունը, համարձակվում ես խոսել հայի ինքնության մասի՞ն։
Դու՛, որի ողջ կյանքը միայն քանդելու և պառակտելու արվեստ է եղել, եկել ես այս սուրբ հողի վրա ընդամենը վարձկանությու՞ն անելու։
Բայց նայե՛ք սրա շրջապատին՝ այդ կամազուրկ արբանյակների բանդային։
Նրանք պատրաստ են արտասանել ցանկացած աբսուրդ, միայն թե ինչ-որ բան թռցնեն տիրոջ իշխանության փշուրներից։
Նրանք կանգնում և անամոթաբար հայտարարում են, թե «Ղարաբաղյան շարժման էջը փակված է»։
Նրանք հողն անվանում են «ամայի» և հարցնում՝ «ինչո՞վ է այն մերը եղել»։'
Իսկ այսօր, հանուն սեփական կաշվի փրկության, սրանց շուրթերից հնչում են թշնամու լեզվով արտաբերվող տեղանունները՝ «Բարխուդարլի», «Խեյրիմլի»...
Սրանք օտարի բառերով են չափում հայրենիքի սահմանները։
Դժբախտնե՛ր, այդ հողը հայինն էր հազարամյակների պատմությամբ ու սրբազան արյունով, բայց այն երբեք ձերը չի եղել, որովհետև ձեր հոգիներն են ամայի, ձեր միտքն է դատարկ, և ձեր ողջ էությունը՝ պարտվողական։
Իսկ այս ամենի գագաթնակետը ձեր անբարոյականությունն է, որը սահմաններ չի ճանաչում։ Դուք, որ պատասխանատու եք կենդանի մոխրացած զինվորների, 15 օջախների կրակը մարելու համար, դեռ համարձակվում եք բղավել ու հիստերիայի մեջ ընկնել որդեկորույս մոր արդարացի խոսքերից։
Երբ սևազգեստ մայրը ձեզնից իր երեխային է պահանջում, դուք, գետինը մտնելու փոխարեն, նրան մեղադրում եք «վճարված» լինելու մեջ։
Կա՞ արդյոք ավելի ստոր, ավելի նողկալի և ավելի անմարդկային բան, քան մոր սուգը քաղաքական մանր առևտրի վերածելը։
Դուք ասում եք՝ «եթե խելոք մնանք, Թուրքիան մեզ վնաս չի տա»։
Ո՜վ ստրկամիտներ, ո՜վ վախկոտներ։ Ձեր վախկոտությունը դուք փաթեթավորում եք որպես «խաղաղություն», բայց իրականում դուք պետությունը տանում եք դեպի վերջնական կործանում և ստրկություն։
ՈՒ, ինչպես կասեր Չարենցը, ո՜վ հայ ժողովուրդ, ժամանակն է սթափվելու։
Այս բանդան չի կառավարում օրենքով, նրանք իշխում են վախով, ատելությամբ և հասարակությանը պառակտելով։ Սրանք հանրապետության առաջնորդներ չեն, սրանք այն տիղմն են, որը դուրս է եկել ջրի երես պետության աղետի ժամանակ։
Տգիտությունը պետք է վախենա լույսից, իսկ գռեհկությունը՝ արժանապատվությունից։
Ազատագրե՛ք պետությունը սույն տհասների, թերուսների և պատահականությունների լծից։
Դիմադրե՛ք, պահպանե՛ք օրենքը և թույլ մի՛ տվեք, որ փողոցի խուժանությունը դառնա հանրապետության օրենք։
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Հ․Գ․
Ցիցերոնն անձամբ է իր 14 ճառերն անվանել «Ֆիլիպիկներ»՝ ի պատիվ հույն մեծ հռետոր Դեմոսթենեսի, որը Հունաստանի անկախությունը պաշտպանելու համար ժամանակին նույնպիսի կրքոտ ճառերով նախատում էր Մակեդոնիայի արքա Փիլիպոս II-ին՝ Ալեքսանդր Մակեդոնացու հորը։


