Բաքուն Ռուբեն Վարդանյանին «դատապարտեց» 20 տարվա ազատազրկման
Բաքվում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին «դատապարտեցին» 20 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Նշենք, որ փետրվարի 10-ին Ադրբեջանում Ռուբեն Վարդանյանի «գործով» շինծու դատավարությունն ավարտվել էր, և նա հանդես է եկել եզրափակիչ խոսքով։
Պաշտպանության ճառ չի եղել, Ռուբեն Վարդանյանը փաստաբանին արգելել էր ներկայացնել պաշտպանական փաստարկներ՝ տեղի ունեցողը որակելով ոչ թե դատ, այլ ֆարս:։
Բաբիշովը հայտարարել է, որ իրենք կտրականապես համաձայն չեն առաջադրված մեղադրանքների հետ։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուբեն Վարդանյանը իր եզրափակիչ խոսքում անդրադարձել է ընդհանուր հարցերի։
Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ Իսկ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին դատապարտեց ցմահ ազատազրկման։
Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարությունը.
«Այսօր իմացանք, որ Ռուբեն Վարդանյանը՝ սիրելի ամուսին, հայր, եղբայր և պապ, դատապարտվել է քսան տարվա ազատազրկման։
Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սրասափեցնող է, թեև՝ ոչ անսպասելի։ Դեռևս 874 օր առաջ՝ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած, ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկը հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։
Ռուբենը զրկված է եղել արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում՝ իրավական պաշտպանության, միջազգային փաստաբանի հետ կապվելու հնարավորությունից, դատավարությանն անկախ լրատվամիջոցների մասնակցությունից: Լսումներն անցկացվել են փակ դռների հետևում և այնպիսի պայմաններում, որոնք անհամատեղելի են միջազգային իրավունքով և, նույնիսկ ադրբեջանական օրենքներով, արդար դատաքննության չափանիշների հետ։
Չնայած Ռուբենի՝ որպես հումանիստի, բարեգործի և սոցիալական ձեռներեցի հեղինակությունը վարկաբեկելու փորձերին, կառավարությունների, քաղաքացիական հասարակության առաջնորդների և միջազգային մասնագետների աջակցությունն ուժ և հույս են հաղորդում մեր ընտանիքին։
Բոլոր նրանք, ովքեր անձամբ ճանաչում են Ռուբենին կամ նրա հետ առնչություն են ունեցել, հասկանում են նրա դեմ առաջադրված մեղադրանքների անհեթեթությունն ու անհիմն լինելը։
Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ. սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն։
Մենք շարունակելու ենք նրա և մյուս հայ բանտարկյալների ազատ արձակմանն ուղղված մեր ջանքերը։ Կոչ ենք անում միջազգային առաջնորդներին, միջազգային իրավունքին համահունչ, ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները նրանց ազատությունն ապահովելու և իրավունքները պաշտպանելու համար»։


