Բելառուսի ԿԸՀ. Հայտնի են նախագահական ընտրությունների նախնական արդյունքները (տեսանյութ)
Հայտնի են Բելառուսի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները
Բելառուսի ԿԸՀ–ն հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, հայտնում է Sputnik Բելառուսը։
Ինչպես հայտնել է ԿԸՀ ղեկավար Լիդիա Երմոշինան, օգոստոսի 10-ի առավոտվա դրությամբ ընտրության արդյունքները հետևյալ տեսքն ունեն։
- Ալեքսանդր Լուկաշենկո` 80,23%,
- Սվետլանա Տիխանովսկայա` 9,90%,
- Աննա Կանոպացկայա` 1,68%,
- Սերգեյ Չերեչեն` 1,13%,
- Անդրեյ Դմիտրիև` 1,04%։
ԿԸՀ–ի տվյալներով` ընդհանուր առմամբ բոլորին դեմ է քվեարկել ընտրողների 6,02%–ը, ընտրություններին մասնակցել է ընտրողների 84,23%-ը։
Երմոշինայի խոսքով` նախնական տվյալները գրեթե ձեռքով են հավաքվել
«Հաշվի առնելով, որ ԿԸՀ–ն, համենայնդեպս ես և վերլուծական բաժնի աշխատակիցները, գիշերվա ժամը 1-ին տարհանվել ենք կառավարության տնից, այդ պատճառով մենք արդյունքները ստացել և իմի ենք բերել միայն այսօր առավոտյան, բառացիորեն գրեթե այս ճեպազրույցից առաջ», – հայտարարել է նա։
Նշենք, որ օգոստոսի 9-ի երեկոյան քվեարկության առաջին արդյունքները ստանալուց հետո երկրի տարբեր մարզերում բողոքի ակցիաներ են սկսվել։
Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ է կիրառել` մահակներ, լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ։ Հայտնի է, որ Մինսկում ցուցարարների ամբոխի մեջ բեռնատար է մխրճվել։
Կան վիրավորներ և ձերբակալվածներ։ Նրանց թիվը դեռ հայտնի չէ։