Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հեռացրել է Կաթողիկոսի այցի մասին գրառումը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում ու սոցցանցի էջում անդրադարձել են Ամենայն Հայոց կաթողիկոսի այցին՝ լուսանկարներով ու տեղեկատվությամբ:
Ժամեր անց և՛ կայքից, և՛ սոցցանցից հեռացվել է գրառումն ամբողջությամբ: Այս պահին թանգարան-ինստիտուտի կայքում անդարադարձ կա միայն վարչապետի ու իշխանության մյուս ներկայացուցիչների այցին: Տեղեկությունը հատնում է «Ազատությունը»:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնանկ է արվել Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով՝ փետրվարի սկզբին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին արցախյան հակամարտության մասին գիրք նվիրելու համար։
Ցեղասպանության ինստիտուտ–թանգարանի տնօրենի ԺՊ է նշանակվել Հրաչյա Թաշչյանը, որը 2018-2020 թթ. եղել է Փաշինյանի օգնականը, 2020թ. հուլիսի 8-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ:
Նշենք նաև, որ Հանրային հեռուստատեսությունը Կաթողիկոսի այցի ժամանակ ընդամենը մի քանի կադր է ցուցադրել հեռվից՝ Անմար կրակի մոտ կանգնած։
Կաթողիկոսի ձայնը չի լսվել, մինչդեռ այնտեղ արարողություն էր կատարվում։ Իսկ այդ ընթացքում կամ անմար կրակն էին ցուցադրում, կամ մարդկանց հոսքը։ Մինչդեռ այլ պաշտոնյաների դեպքում այցերը մանրամասն լուսաբանվել են։


