Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգեհանգստի կարգ է մատուցել Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)
Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:
Հուշահամալիրում ծաղկեպսակի զետեղումից հետո Նորին Սրբության նախագահությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
Օրվա առիթով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:
«Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ։ Այս ծանր կացության և առկա սպառնալիքների հանդիման, մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը և հզորացնել հայոց պետությունը», նշումվում է Վեհափառի ուղերձում:
Նշենք, որ Հանրային հեռուստատեսությունը Կաթողիկոսի այցի ժամանակ ընդամենը մի քանի կադր է ցուցադրել հեռվից՝ Անմար կրակի մոտ կանգնած։
Կաթողիկոսի ձայնը չի լսվել, մինչդեռ այնտեղ արարողություն էր կատարվում։ Իսկ այդ ընթացքում կամ անմար կրակն էին ցուցադրում, կամ մարդկանց հոսքը։ Մինչդեռ այլ պաշտոնյաների դեպքում այցերը մանրամասն լուսաբանվել են։ ԱՄՈԹ:
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։
Այդ կապակցությամբ հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:
Պատարագիչն էր Մայր Աթոռի Միջեկեղեցական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
Իր քարոզում Հայրը Սուրբը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց. «Այսօր հիշատակում ենք Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, որոնց հիշատակը մեզ համար վշտի թանգարան չէ՝ ամեն տարի հավաքվելու, հիշելու և այդպես մոռանալու։ Նրանք պարզապես պատմության մեջ զոհեր չեղան, նրանք վկաներ են։ Այսօր նահատակ սրբերի հիշատակով մենք կանգնած չենք մահվան լռության առջև, այլ կանգնած ենք հավատքի վկայության առջև, որվհետև նրանք ընտրեցին հավատքը»։
Հայր Գարեգինն ընդգծեց, որ նահատակների կյանքի մեջ բացահայտվեց հավատքը, որը հնարավոր չէր որևէ կերպ մարել, բացահայտվեց սերը, որը որևէ կերպ չվերածվեց ատելության, բացահայտվեց հույսը, որը ոչ մի կայսրություն չկարողացավ ջնջել։
«Մեր նահատակները չեն իմացել՝ ինչ է լինելու եկեղեցու ապագան, չեն իմացել, որ այսօր վերապրած սերունդներ են ունենալու, վերակառուցված եկեղեցիներ են ունենալու, եկեղեցին զարգանալու է, հավատքի մեջ զորանալու է, չեն իմացել, բայց նրանք, մահվան դռան առջև, ընդունել են Քրիստոսի այն խոսքը, որ Ես եմ կյանքը։ Այո՛, Քրիստոս է իրական կյանքը և Քրիստոսի մեջ է իրական կյանքը։ Ու այդ վստահությամբ է, որ նրանք ընդունեցին նահատակության պսակը», - ասաց պատարագիչ Հայր Սուրբը՝ հավելելով, որ սուրբ նահատակների առաքելությունը մեզ զորացնելն է մեր քրիստոնեական կյանքի ու հավատքի մեջ։
Վերջում Գարեգին վարդապետը մաղթեց, որ տառապանքի և նահատակության ճանապարհով անցած սրբերի օրինակը հավատավոր հայորդիների կյանքում դառնա իրական վկայություն, որպեսզի երբեք չվհատվեն և չհուսահատվեն, այլ ընդունելով Քրիստոսի հավատքը՝ Նրան միշտ փառք և երկրպագություն մատուցեն։
Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը, կրելով սուրբ նահատակների մասունքարանը, ուղղվեց դեպի Մայր Տաճարի շրջափակ, ուր Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:


