Դատավորների ընդհանուր ժողովը ընտրեց ԲԴԽ երկու անդամներին
Դատավորների ընդհանուր ժողովը քիչ առաջ ամփոփեց Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների քվեարկության արդյունքները։
ԲԴԽ անդամներ են ընտրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ռուբեն Վարդազարյանը և Մեսրոպ Մակյանը։
Մինչ այդ ժողովի նիստում ԲԴԽ անդամ դառնալու համար երդվել էր 9 ամիս առաջ գրավոր դիմումով Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը։
Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի նամակին, Դատավորների խորհուրդը որոշեց դրան անդրադառնալ ավելի ուշ, այն հավաքագրման ուղարկելուց հետո։
Նշենք, որ ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերի համար պայքարն ընթացել է առաջին ատյանի դատարանի 11 դատավորների՝ այդ թվում, Դավիթ Բալայանի, Անահիտ Թումանյանի, Վահե Խալաթյանի, Գագիկ Հովհաննիսյանի, Վարդուհի Հովնանյանի, Սիմիզար Հովսեփյանի, Արգիշտի Ղազարյանի, Մեսրոպ Մակյանի, Սուրեն Մնոյանի, Ռուբեն Վարդազարյանի և Ելենա Քոչարյանի միջև։